«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2003-01-24 | #14, 2003-01-25 | #15, 2003-01-28


ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐ

Սահմանամերձ շրջանները Ռ. Քոչարյանի ուշադրության առանցքում

Հունվարի 26-ին Հայաստանի Հանրապետության նախագահ, նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը նախընտրական այցելություն կատարեց Տավուշի մարզ։

Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Բերդումՙ քաղաքապետարանի հարակից հրապարակում, ուր հավաքվել էին նաեւ մերձակա 10 գյուղերի բնակիչներ։ Հանդիպմանը ելույթ ունեցան տարածքային շտաբի պետ Մաթեւոս Ծատուրյանը, Արթուր Բաղդասարյանը, թիվ 2 դպրոցի ուսուցչուհի Լյուսյա Բալանդուզյանը, Հենրիկ Իգիթյանը, Բերդի քաղաքապետ Անդրանիկ Շառյանը, Գագիկ Մելիքյանը։

Ջերմ ողջույններից հետո ձայնը տրվեց հանրապետության նախագահին։ Ռոբերտ Քոչարյանը, ներկայացնելով երկրի տնտեսական վիճակը, կարեւորեց դրական տեղաշարժերը, կոնկրետ օրինակներով հիմնավորեց վերջին երկու տարիների ընթացքում առկա տնտեսական աճը։ Նախագահը պատասխանեց Բերդի եւ հարակից գյուղերի բնակիչների հարցերին։

Այնուհետեւ հանդիպումներ տեղի ունեցան Թովուզ եւ Վերին Ծաղկավան գյուղերի բնակիչների հետ։ Ամենուրեք ընտրողները հավաստիացնում էին, որ հանրապետության նախագահ են տեսնում Ռոբերտ Քոչարյանին, միայն նրան կարող են վստահել երկրի ապագան։

Շատ ջերմ հանդիպում տեղի ունեցավ նաեւ Պառավաքար եւ Վարագավան գյուղերի բնակչության հետ։ Արեւելյան մարզաձեւերի իրենց ունակությունները ներկայացրին տեղի դպրոցի աշակերտները։

Վազաշեն գյուղում հանդիպումը տեղի ունեցավ վերջերս վերանորոգված դպրոցի մոտ։ Ընդամենը 1¬2 կիլոմետր է հեռու այդ բնակավայրը հարեւան պետությունից։ Ոչ հեռու անցյալում գյուղի բազմաթիվ տներ ռմբակոծվել են, իսկ բնակիչները մնացել են անօթեւան։ Վերջերս պետությունն այդ գյուղում երեք ընտանիքների հատկացրել է անհրաժեշտ գումարըՙ տները վերականգնելու համար։ Հանրապետության նախագահը գյուղացիների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ մինչեւ տարվա վերջ այդ խնդիրն ամբողջովին լուծվելու է։ Փաստորեն, ռմբակոծված բնակավայրերը մինչեւ 1998 թվականը չեն վերականգնվել, եւ նշված կարեւոր աշխատանքը սկսվել է միայն նախագահ Քոչարյանի օրոք։ Ռոբերտ Քոչարյանը խոստացավ նաեւ զբաղվել տեղի դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճը վերանորոգելու խնդրով։

Այգեհովիտ գյուղում բնակչության առավել հուզող հարցն է տեղի ամբուլատորիայի վերականգնումը։ Բժշկական այդ հաստատությունը, որը տարիների պատմություն ունի, բացառիկ կարեւոր դեր է ունեցել բազմաթիվ բնակիչների բուժսպասարկման գործում, սակայն բժշկական հիմնարկների օպտիմիզացիայի ծրագրով անհիմն փակվել է։ Այգեհովիտում ապրում են անհրաժեշտ մասնագետները, առկա են բոլոր նախադրյալները ամբուլատորիայի աշխատանքը վերսկսելու համար։ Նախագահը նշեց, որ զբաղվելու է նաեւ այդ հարցով։

Ազատամուտը Տավուշի մարզի խոշորագույն բնակավայրերից է։ Մշակույթի տան հրապարակում տեղի ունեցած Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը եկել էին նաեւ մերձակա ութ գյուղերի բնակիչները։ Հանդիպման ընթացքում ելույթ ունեցան տարածքային շտաբի պետ Սամվել Առաքելյանը, Վահան Հովհաննիսյանը, Ռուբեն Միրզախանյանը։ ՀՌԱԿ ատենապետն իր ելույթի մեջ մասնավորապես նշեց. «...Երեւան քաղաքի Արաբկիրի շրջանի բնակչության հետ հանդիպելիս Ռոբերտ Քոչարյանը պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չի պատասխանում այն հերյուրանքներին, որ իր հասցեին տարածում են մյուս թեկնածուները, ասել էՙ ես հանրապետության գործող նախագահ եմ եւ չեմ կարող իջնել նրանց մակարդակին։ Այո՛, Ռոբերտ Քոչարյանը նախագահն է մեր ողջ ժողովրդի, այդ թվում նաեւ նման կեցվածք հանդես բերողների։ Նա է մեր ողջ ժողովրդի նախագահն այսօր, եւ համոզված եմ, առաջիկա ընտրությունների արդյունքում»։

Ելույթ ունենալով Ազատամուտում, Ռ. Քոչարյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ տեղի ազգաբնակչության համար կարեւորագույն հարց է բենտոնիտի գործարանի վերագործարկումը։ Սակայն 90-ական թվականներին վաուչերներով սեփականաշնորհելով գործարանը, նոր տերերը չեն մտահոգվում վերաբացելու ուղղությամբ, նրանց չի հուզում ոչ երկրի տնտեսական ապագան, ոչ էլ ազգաբնակչության զբաղվածության խնդիրը։ Նախագահը հայտարարեց, որ օրենքի սահմաններում նշված խնդիրն անպայման կկարգավորվի։ Այնուհետեւ Ռ. Քոչարյանը պատասխանեց բազմաթիվ հարցերի։

Իջեւանում Ազատամարտիկների հրապարակից նախագահը եւ նրան ուղեկցող պատվիրակության անդամները հարյուրավոր քաղաքացիների հետ քայլեցին դեպի հանրահավաքի վայրը, ուր հազարավոր իջեւանցիներ եկել էին լսելու Ռոբերտ Քոչարյանին։

Նախագահը շնորհակալություն հայտնելով հանրահավաքի մասնակիցներին, որ ցուրտ եղանակին եկել են հանդիպման, հակիրճ ներկայացրեց պետության զարգացման հեռանկարները։ Նա նշեց, որ հարուստ չլինելով ռեսուրսներով, գտնվելով հայտնի աշխարհագրական դիրքում, մեր պետության կարեւորագույն խնդիրն է դառնալ տարածաշրջանային ամենակազմակերպված երկիրը։

Կազմակերպված պետություն դառնալու կարեւորագույն նախապայմանը նախագահը դիտարկում է հայ ժողովրդինՙ իր աշխատասիրությամբ եւ բազմաթիվ ունակություններով։ Ռ. Քոչարյանն ընդգծեց, որ բազմաթիվ երկրներ, որոնք Հայաստանի նման աղքատ են բնական ռեսուրսներից, հասել են բարձր կենսամակարդակի շնորհիվ իրենց կազմակերպվածության։

Հարց ու պատասխանով հանդիպումը ՀՀ նախագահի հետ Իջեւանում ավարտվեց։

Երեկոյան, Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը, ճաշի սեղանի շուրջ տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը արվեստի մի խումբ գործիչների հետ։

Վերոհիշյալ հանդիպումներում նախագահը բազմիցս կրկնեց, որ պատկերացնում է մարզիՙ սահմանամերձ տարածաշրջանին հատուկ հիմնախնդիրները եւ հաջորդ 5 տարվա ընթացքում հիմնական ուշադրություն է դարձնելու դրանց։ Նախագահը նույն միտքը հայտնեց նաեւ Ճամբարակումՙ Գեղարքունիքի մարզի սահմանակից շրջաններից մեկում, որտեղ նա ժամանեց Դիլիջանում եւս ընտրողների հետ հանդիպումից հետո։

Ճամբարակում հավաքված ազգաբնակչության մի մասը հարակից գյուղական համայնքներից էր եւ նախկին շրջկենտրոնՙ Կարմիր (Ճամբարակ) էր եկել նախագահի հետ կենդանի շփման մեջ մտնելու համար։

Ճամբարակի ազգաբնակչությունը կազմակերպված եւ ջերմորեն ընդունեց նախագահի թիվ 1 (ինչպես նրանց պլակատներին էր գրված) թեկնածուին։ Բավականին համարձակորեն նրանք նախագահին ներկայացրին իրենց հարցերը։ Մասնավորապես համայնքի անդամներից Ռիտա Հովհաննիսյանը նշեց, թե իրենք լիահույս են եւ համոզված, որ Ռ. Քոչարյանն ուշադրություն կդարձնի դրանց լուծմանը, քանի որ շրջանում նրան համարում են «իրենց մարդը», իրենց հոգսերին քաջածանոթ անձնավորություն։

«Արծվաշեն համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանն էլ շնորհակալություն հայտնեց համայնքի անդամների վնասի փոխհատուցման համար խոստացած գումարները բյուջեում ամրագրելու եւ դրանց մի մասը հատկացնելու համար, եւ հույս հայտնեց, որ գործընթացը կհասցվի ավարտին։ Այս հիմնախնդիրը նախագահը լուծելի համարեցՙ միաժամանակ նշելով, որ գալիք երկու տարիների ընթացքում երկրում փախստականների հարցը լուծվելու է։ Նախագահը նաեւ հստակ հայտարարեց, որ ծրագրված է ամեն տարի 30¬40 հազար աշխատատեղերի բացում, որից կօգտվեն նաեւ սահմանամերձ այս տարածաշրջանում։

Ի թիվս այլ խնդիրների, հաջորդ տարիների ընթացքում թերեւս կլուծվի նաեւ Ճամբարակի եւ հարակից համայնքների ճանապարհների վերանորոգման հարցը։ Նախագահը հայտարարեց, որ դրանք վերանորոգելու համար անհրաժեշտություն կառաջանա վերանայել Բերդ-Դիլիջան-Ճամբարակ-Շորժա ճանապարհահատվածի շինարարության ծրագիրըՙ իր մի քանի համայնքների միջով անցած ճանապարհահատվածը ներգրավելու համար։

Համայնքի անդամներից մեկը գրավոր հարց ուղղեց նախագահին, թե ինչ ծրագրեր կան գյուղերը համապատասխան սերմացուներով, պարարտանյութերով եւ գյուղատնտեսական տեխնիկայով ապահովելու ուղղությամբ։ Նախագահը նշեց, որ առաջին երկուսի առումով արդեն իսկ հետեւողական աշխատանքներ տարվում են, իսկ տեխնիկայի խնդիրը ծրագրվում է լուծել լիզինգային ճանապարհով, եւ դրա համար Ռուսաստան կատարած այցի ընթացքում համապատասխան պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

Այսպես կոչված պաշտոնական հանդիպման ավարտից հետո համայնքի բնակիչները երկար ժամանակ նախագահին թույլ չէին տալիս հեռանալՙ նրա հետ մտնելով մտերմիկ խոսակցության մեջ։ Բայց նախագահի թեկնածուն դեռ Սեւան էլ պետք է գնար։

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4