«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2003-01-24 | #14, 2003-01-25 | #15, 2003-01-28


ՆԱԽԱՐԱՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՄԱՄԲ ՏԱՐԻՆ ԲԱՐԵՆՊԱՍՏ ԷՐ

2002 թ. տնտեսական տարին երեկ ամփոփեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը։ Կառավարությանը ներկայացրած հաշվետվության մեջ նախարարն անցնող տարին բնութագրել է որպես բարենպաստ։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա կարեւորեց 12,9 տոկոս տնտեսական աճը, 48 տոկոս արտահանման աճը, բնակչության եկամուտների աճը 15 տոկոսով։ Հաջողվել է կատարել եւ գերակատարել պետական բյուջեով նախատեսված ծախսերըՙ 217 մլրդ դրամի փոխարեն 232 մլրդ դրամ։ Մուտքերի մասով նույնպես նախատեսված ցուցանիշներից ավելին է կատարվել, ինչի մասին նշված էր հարկային ծառայության հաշվետվության մեջ։

Անցյալ տարի հնարավոր եղավ ստանալ կառուցվածքային բարեփոխումների SAC¬IV վարկն ամբողջությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել SAC¬V-ի ստացման վերաբերյալ։ Եվրամիությունից ստացված դրամաշնորհով մարվել է այդ նույն կառույցից ստացված վարկի մեծ մասը։ Վարդան Խաչատրյանը սա շատ կարեւոր համարեց, ասելով, որ ընձեռած հնարավորությունից հարեւան պետությունները չկարողացան օգտվել։ Նախարարն, անդրադառնալով Ռուսաստանին ունեցած պարտքին եւ դրա մարման մեխանիզմին, նշեց, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները նույնպես այդ մեխանիզմը դրական են գնահատել։

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարն անհրաժեշտ համարեց մի շարք ոլորտներում «արյունահոսությունների վերացումը»։ Դրանք են ջրամատակարարումը, ջերմամատակարարումը եւ էլեկտրատրանսպորտը։ Ջրամատակարարման խնդիրն արդեն կարգավորման փուլում է։ Ջերմամատակարարման համար պետք է անցում կատարվի տեղային, առանձին-առանձին շենքերի ջեռուցմանը։ Դա կլուծի գումարները չհավաքելու, ջեռուցումն անջատելու եւ այլ չկարգավորված հարցերը։ Ինչ վերաբերում է էլեկտրատրանսպորտին, ապա ֆինանսական հոսքերի կարգավորման առաջարկներ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովից արդեն արվել են։

Հարկային եւ մաքսային ծառայությունների ղեկավարները երեկ չներկայացրին իրենց հաշվետվությունների մասին տեղեկատվություն, քանի որ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը հանդես եկավ նաեւ նրանց անունից։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4