46-ամյա Մարտինա Նավրատիլովայի նվաճումը
Մելբուռնում վերջնագիծը հատեց «Մեծ սաղավարտ» մրցանակի խաղարկման այս մրցաշրջանի անդրանիկ մրցաշարըՙ թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը։ Մրցանակները գտան իրենց արժանի տերերին։
Կանանց մենախաղում արդեն որերորդ անգամ գլխավոր մրցանակի վիճարկումը վերածվեց Ուիլյամս քույրերի ընտանեկան մրցավեճի։ Մինչ այդ քույրերից յուրաքանչյուրը 4-ական անգամ հաղթող էր ճանաչվել «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։ Եվ ահա, կրտսեր քույրըՙ Սերենան, գերազանցեց քրոջըՙ 5-րդ անգամ հաղթող ճանաչվելով «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։ Առաջին խաղափուլում Սերենան հաղթեց 7¬6 հաշվով, երկրորդումՙ Վինուսը ռեւանշ վերցրեց (6¬3), սակայն վճռական խաղափուլը շահեց Սերենան (6¬4)։ Նա հասավ յուրօրինակ նվաճմանՙ անընդմեջ շահելով «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերՙ «Ռոլան Գարոսը», Ուիմբլդոնը, ԱՄՆ-ի եւ Ավստրալիայի բաց առաջնությունները։ Բայց, չնայած դրան, նրան չի հանձնվի «Մեծ սաղավարտ» մրցանակը, քանի որ դրա համար պետք է շահել մեկ մրցաշրջանի ընթացքում խաղարկվող չորս մրցանակները։ Սակայն, Սերենան նման հնարավորություն ունի։ Ամեն դեպքում, հաջողության սկիզբը դրված է։ Նշենք, որ թենիսի պատմության մեջ առայժմ միայն երեք թենիսիստուհիների է հաջողվել մեկ մրցաշրջանում հաղթող ճանաչվել «Մեծ սաղավարտի» բոլոր 4 մրցաշարերում։ Առաջինը նման հաջողության 1953 թ. հասել էր ամերիկուհի Մորին Կոնոլին։ 1970 թ. նրա հաջողությունը կրկնեց ավստրալուհի Մարգարետ Կորտը, ընդ որում 1969¬1971 թթ. նա անընդմեջ հաղթող էր ճանաչվել «Մեծ սաղավարտի» 6 մրցաշարերում։ 1988 թ. հանրահայտ Շտեֆի Գրաֆին հաջողվեց հասնել բարձր արդյունքի (5 անընդմեջ հաղթանակ)։ 1983¬84 թթ. մեկ այլ լեգենդար թենիսիստուհիՙ Մարտինա Նավրատիլովան 6 անընդմեջ հաղթանակ է տոնել։ Ի դեպ, 46-ամյա վետերան թենիսիստուհին Մելբուռնում «Մեծ սաղավարտի» մրցաշարերի յուրօրինակ ռեկորդ սահմանեց։ Նա 18 անգամ հաղթող էր ճանաչվել մենախաղում, 31 անգամՙ զուգախաղում, 7 անգամՙ խառը զուգախաղում։ Մրցանակների նրա հարուստ հավաքածուում բացակայում էր միայն Ավստրալիայի բաց առաջնության խառը զուգախաղի հաղթողի տիտղոսը։ Եվ ահա, այդ բացը Մելբուռնում լրացվեց։ Ընկերակցելով հնդիկ թենիսիստ Լեանդեր Պաեսին, Նավրատիլովան հաջողության հասավ Թոդ Վուդբրիջ-Ելենա Դանիլիդու զույգի հետ մրցավեճում (6¬4, 7¬5)։
Մելբուռնում իրեն գերազանց դրսեւորեց նաեւ մեկ այլ վետերանՙ 32-ամյա Անդրե Աղասին։ Նրանից ընդամենը 67 րոպե պահանջվեց գերմանացի Ռայներ Շուտլերին «ծնկի բերելու» համար (6¬2, 6¬2, 6¬1)։ Աղասին 4-րդ անգամ (նախկինումՙ 1995, 2000, 2001 թթ.) դարձավ Ավստրալիայի չեմպիոն։ Ընդ որում, նա Ավստրալիայի բաց առաջնություններին սկսել է մասնակցել միայն 1995 թ.-ից, երբ արդեն 2 անգամ հաղթող էր ճանաչվել «Ռոլան Գարոսում», մեկական անգամ նվաճել էր Ուիմբլդոնի եւ ԱՄՆ¬ի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Աղասին «Մեծ սաղավարտի» մրցաշարերում իր 8-րդ մրցաշարը շահեց։ Այս ցուցանիշով անվիճելի առաջատարը Փիթ Սամփրասն է, որը 14 անգամ դարձել է հաղթող։ Այնուհետեւ գալիս են ավստրալացիներ Ռոյ Էմերսոնը (12 անգամ) եւ Ռոդ Լեյվերը (11)։ 11 անգամ լավագույնն է ճանաչվել նաեւ շվեդ հանրահայտ թենիսիստ Բյոռն Բորգը, 10 անգամՙ ամերիկացի Բիլ Թիլդենը։ Աղասու այս հաջողությունից հետո նրա կնոջըՙ Շտեֆի Գրաֆին մնում է կատարել խոստումը եւ ամուսնու հետ կորտ դուրս գալ «Ռոլան Գարոսի» մրցաշարի խառը զուգախաղերում։