«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2003-01-24 | #14, 2003-01-25 | #15, 2003-01-28


ԲԱՑՎԵՑ ՍԵՐԳՈ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԸ

Լեգենդար ծանրորդ Սերգո Համբարձումյանի անունը ոսկե տառերով է գրված հայկական սպորտի տարեգրությունում։ Հայորդի անվանի դյուցազնը գերբնական ուժի տեր էր եւ իր արտասովոր նվաճումներով հիացմունք էր պատճառում մարզասերներին։ ԽՍՀՄ եռակի չեմպիոնը, արծաթե եւ բրոնզե մրցանակակիրն աշխարհի մեկ եւ համամիութենական 30 ռեկորդների հեղինակ էր։ Նրա մասին եւս մեկ անգամ հիշելու առիթը շաբաթ օրը Սերգո Համբարձումյանի հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունն էր, որ կայացավ Երեւանի Աղայան 15 հասցեում գտնվող բնակելի շենքի մոտ, որտեղ 1932¬1983 թթ. բնակվել է անվանի դյուցազնը։ Ինչպես «Ազգի» թղթակցի հետ զրույցում նշեց անվանի մարզիկի դուստր Սոֆյա Համբարձումյանը, ծանրորդի ընտանիքի միջոցներով, քաղաքապետարանի աջակցությամբ վերջապես հաջողվեց իրականացնել վաղեմի երազանքըՙ տեղադրելով Սերգո Համբարձումյանի հուշատախտակը (ճարտարապետՙ Գագիկ Շիրինյան), դրանով իսկ հավերժացնելով նրա հիշատակը։ Հենց Սոֆյա Համբարձումյանն էլ Երեւանի փոխքաղաքապետ Ֆիրդուսի Զաքարյանի հետ բացեցին հուշատախտակը։ Անվանի դյուցազնի մասին երախտիքի խոսքեր ասացին սպորտվարչության, ՀԱՕԿ-ի լրատվության ծառայության հետ, մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրի Ալեքսանյանը, անվանի վետերան ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանը, ՀԱՕԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար Ալիսա Ադամյանը։ Արարողության մասնակիցները թարմ ծաղիկներ դրեցին հուշաքարին։ Տարօրինակ էր միայն, որ անվանի դյուցազնի հիշատակի հավերժացման միջոցառմանը ներկա չէին ոչ սպորտի փոխնախարար Իշխան Զաքարյանը, ոչ սպորտվարչության պետ Արմեն Գրիգորյանը եւ ոչ էլ ծանրորդները։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4