«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2003-01-24 | #14, 2003-01-25 | #15, 2003-01-28


ԲԵՌԼԻՆԱԼԵԻ ԺՅՈՒՐԻՆ ՆԱԽԱԳԱՀԵԼՈՒ Է ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆԸ

Փետրվարի 6¬ին Բեռլինում կբացվի 53¬րդ միջազգային կինոփառատոնը, որի 6 հոգանոց միջազգային ժյուրին նախագահելու պատիվն այս տարի վերապահված է կանադացի բեմադրիչ հայազգի Ատոմ Էգոյանին։ Ինչպես տեղեկանում ենք Բեռլինալեի ինտերնետային էջից, ժյուրիի մնացած անդամներն էլ կինոաշխարհում բավականաչափ ներդրում ունեցող արվեստագետներ ենՙ դերասանուհիներ Մարտինա Գեդեկ (ԳԴՀ), Աննա Գալիենա (Իտալիա), բեմադրիչներ Կատրին Բիգելով (ԱՄՆ), աֆրիկացի Իդրիսսա Օուեդրաոգո, պրոդյուսեր Հումբերտ Բալզան (Ֆրանսիա), մրցույթը ղեկավարող ամերիկացի Ջեոֆրի Գիլմոր։ Ժյուրիի նախագահի համառոտ կենսագրականում հաջողված գործերի շարքում նշված են «Օրացույց», «Էկզոտիկա», «The sweet Hereafter», «Արարատ» ֆիլմերը։ Հայկական ծագումով այս բեմադրիչն արժանացել է տարբեր միջազգային մրցանակների, այդ թվումՙ Կաննի փառատոնի ժյուրիի գլխավոր եւ քննադատների մրցանակին, ինչպես նաեւՙ երկու Օսկարի։ Արվեստագետի ինստալյացիաները կարելի է տեսնել աշխարհի տարբեր թանգարաններում, մասնավորապես Վենետիկի բիենալեում։ Այժմ Էգոյանն աշխատում է կանադական օպերայում բեմադրել Վագների ստեղծագործություններից մեկը, ծանուցում է Բեռլինալեի մամլո հաղորդագրությունը։

Եվրոպայից, Ասիայից, ԱՄՆ¬ից եւ Աֆրիկայից ներկայացված 19 ֆիլմ է հավակնում մրցանակակիր դառնալ։ Փետրվարի 15¬ին Բեռլինալեի Ոսկյա եւ Արծաթյա արջ մրցանակները հանդիսավորությամբ կհանձնվեն դափնեկիրներին։ Հաջորդ օրը միջազգային 53¬րդ կինոփառատոնը կավարտվի։

Հիշեցնենք, որ Բեռլինի միջազգային ամենամյա կինոփառատոնն առաջին անգամ բացվել է 1951¬ի հունիսի 6¬ին, Ալֆրեդ Հիչքոքի «Ռեբեկա» ֆիլմով։ Երկրորդ համաշխարհային պատերազմից 6 տարի անց Բեռլինն ուզում էր «ազատ աշխարհի ցուցափեղկ» դառնալ, արվեստների, ֆիլմաշխարհի մետրոպոլ։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4