«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2003-01-24 | #14, 2003-01-25 | #15, 2003-01-28


ԴԱՎ-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Աշխարհում այսօր ապրում է 42 մլն ԴԱՎ (Դիմադրողականության անկման վարակ) վարակակիր։ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, ըստ վերջին տվյալների, վարակակիրների թիվը հասնում է 1,2 միլիոնի։ Միայն Ռուսաստանում արդեն 1 մլն մարդ դատապարտված է մահվան։

Հայաստանում, ըստ ԴԱՎ-ի կանխարգելման կենտրոնի տվյալների, գրանցված են 220 վարակակիր, որոնցից 210-ն են ՀՀ քաղաքացիներ։ Դրանց թվում գերակշռում են տղամարդիկՙ 78,6 տոկոս (165 դեպք), իսկ կանայք կազմում են 21,4 տոկոս (45 դեպք)։ Երեխաների վարակման 3 դեպք է արձանագրվել։ Վարակակիրները հիմնականում 20¬39 տարեկան երիտասարդներ են։ Վարակի փոխանցման հիմնական ուղիները թմրանյութերի ներերակային օգտագործումն է (50,4 տոկոս) եւ հետերոսեքսուալ ճանապարհը (39,5 տոկոս)։ Արձանագրվել են նաեւ մորից երեխային (1,0 տոկոս) եւ արյան փոխներարկման միջոցով (1,0 տոկոս) վարակի փոխանցման դեպքեր։ Վերջին 4 տարվա ընթացքում թմրանյութերի ներերակային օգտագործման միջոցով բոլոր վարակվածները տղամարդիկ են, որոնց մի մասը ժամանակավորապես բնակվել է Ռուսաստանում եւ Ուկրաինայում։ ԴԱՎ վարակակիրների ամենաբարձր թիվն արձանագրվել է Երեւանումՙ 103 դեպք (49 տոկոս), ապա Արարատի մարզումՙ 8,6 տոկոս։ Մարմնավաճառների մեջ ԴԱՎ-ի տարածվածությունը 3 տոկոս է։

ԴԱՎ-ի դեմ պայքարում ԶԼՄ-ների դերը բարձրացնելու նպատակով «Վորլդ վիժն» կազմակերպության հայաստանյան գրասենյակը հունվարի 25¬26-ը «Կոնգրես» հյուրանոցում անցկացրեց սեմինար, որտեղ դասախոսություններով հանդես եկան ԴԱՎ ծրագրի տարածաշրջանային կոորդինատոր Լաուրենթիո Զոլոտուչկան եւ Մեծ Բրիտանիայից հրավիրված մասնագետ Մարկ Չաթըվեյը։ Սեմինարին մասնակցեցին նաեւ ԴԱՎ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրենը, «ԴԱՎ-ի կանխարգելում, կրթություն եւ խնամք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը, «Վորլդ վիժն» գրասենյակի առողջապահական ծրագրերի ղեկավար Մարինե Ադամյանը եւ այլք։

Երկօրյա արդյունավետ աշխատանքը հարստացրեց լրագրողների տեղեկատվական դաշտը, որը նրանք կծառայեցնեն հասարակությանը մշտապես զգոն պահելու եւ վարակից խուսափելու համար։

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4