«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2003-01-28 | #16, 2003-01-29 | #17, 2003-01-30


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Վլադիմիր Աբաջյան. «Մեկ անգամ սխալվել եմ, գոնե այս անգամ չսխալվեմ»

Վլադիմիր Աբաջյանը մեր այն արվեստագետներից է, որը երբեք չի «փայլել» իր քաղաքական գործունեությամբ։ Գրեթե կես դար նվիրված է եղել բեմին, ավելին, իրՙ Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին։ Երկար տարիների մեր ծանոթության ժամանակ երբեք կենցաղից, առօրեական հոգսերից չի բողոքել։ Ովՙ ով, բայց ես գոնե լավ գիտեմ, որ հարուստ ապրողներից չէ, որ կենցաղում հազար ու մի պակասություն ունի։ Սակայն Հայաստանը լքելու, թողնել-հեռանալու մասին երբեք չի մտածել, թեեւ առիթներ ու առաջարկներ եղել են ու այժմ էլ կան։ Այս երկրի տերն է ու ծառան, եւ իր ծառայությունը տիրոջ հպարտությամբ է անում։

Անկեղծ ասած, ինձ զարմացրեց նրա մասնակցությունը, ավելինՙ ակտիվ մասնակցությունը քաղաքականությանը, կոնկրետՙ նախագահական ընտրություններին։ Վլադիմիր Աբաջյանը ՀՀ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբում է, Դեմիրճյանի ակտիվ երկրպագուներից մեկը։ Ինչո՞վ բացատրել այս փաստը։

¬ Նախապես ասեմ, որ ես առհասարակ քաղաքականությամբ չեմ զբաղվել, չեմ էլ ուզում զբաղվել, որովհետեւ դա բարդ ասպարեզ է եւ ինձ չի տրված,¬ մեր զրույցի ժամանակ ասաց արտիստը։ ¬ Պարզապես վերջին 10-12 տարում մեր երկիրը ահավոր հետընթաց ապրեց։ Կորցրինք ամեն ինչ, ինչ ձեռք էինք բերել դրանից առաջ։ Իմ ասածի ճշմարտությունն ապացուցելու համար շատ փաստեր կարող եմ բերել։ Սակայն ասեմ, որ ինձ շատ ավելի մեծ ցավ է պատճառում մշակույթի անկումը մեզանում։ Թող այն տպավորությունը չստեղծվի, որ նեղացած եմ։ Չէ։ Ես արվեստի ոլորտի այն մարդկանցից մեկն եմ, որ գոնե ինձանից ու իմ հայ ժողովրդից նեղացած չեմ։ Գիտեմ, որ ժողովուրդն ինձ սիրում է, ես էլ իրեն շատ եմ սիրում։ Բայց դժգոհ եմ իշխանությունների վարած քաղաքականությունից։

¬ Եվ դա՞ է պատճառը, որ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ցանկանում եք տեսել նոր մարդուՙ Ստեփան Դեմիրճյանին։

¬ Ես առաջին անգամ սխալվել եմ, որ մեծ սիրով ընտրեցի Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Անցած տասը տարիների ընթացքում մեր հետընթացը տեսնելով համոզվեցի, որ այս անգամ սխալվելու իրավունք չունեմ։ Ինչո՞ւ եմ ընտրելու Ստեփան Դեմիրճյանին։ Իրեն այդքան լավ չեմ ճանաչում, բայց գիտեմ իր արմատները, իր հորը, որին շատ լավ ճանաչել եմ։ Կարեն Դեմիրճյանն այն մարդն էր, ով հրաշալի մի քաղաք կառուցեց, բարգավաճ դարձրեց մի հանրապետություն։ Բայց տեսեք, որ հսկայական հետընթաց ապրեցինք։ Եվ այդ ահագնաթափ կորուստները եղել են ներկա իշխանությունների մեղքով (խոսքս վերջին 10-12 տարվա մասին է)։ Ես հույս ունեմ, որ Ստեփան Դեմիրճյանն այնքան խելամիտ կլինի, որ կկարողանա արվեստը պահել։ Պարզ ճշմարտություն պիտի կրկնեմ. հայ ժողովուրդը միշտ էլ ճանաչվել է իր մշակույթով, արվեստով։ Տա Աստված, որ այս անգամ էլ չսխալվեմ։ Ստեփան Դեմիրճյանը երիտասարդ է, թվում է, թե կկարողանա ժողովրդին այս վիճակից հանել։ Ես հաճախ եմ լինում գյուղական շրջաններում եւ ցավով եմ նայում պատերի տակ պարապ-սարապ նստած ջլապինդ տղաներին։ Էս համատարած անգործությունը մեր տունը քանդեց։ Ինձ մեծ ցավ է պատճառում, երբ աշխարհի ամենաաղքատ երկրների յոթնյակում է այսօր Հայաստանը։ Ախր հայը նույնիսկ ամենածանր ժամանակներումՙ Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո այսքան աղքատ չի եղել։ Այդ ի՞նչ եղավ, որ մեր ժողովուրդն այսքան ետ գնաց։ Մեր ժողովրդի տունը քանդեց նաեւ ահավոր արտագաղթը։ Ամեն անգամ ցավով եմ անցնում ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի դեսպանատների մոտով, ուր Հայաստանից հեռանալ ցանկացողների մեծ հերթեր են կանգնած, հատկապեսՙ երիտասարդներ։

¬ Եվ ի՞նչ է, գնացողները գոնե իրենք իրենց կամ իրենց հարազատներին փրկո՞ւմ են, կարո՞ղ են գոնե իրենց ֆիզիկական գոյությունը պահպանել։

¬ Ես հաճախ համերգային շրջագայությունների եմ լինում արտասահմանում, հատկապեսՙ Միացյալ Նահանգներում։ Հիմնականում հայ գաղթօջախներում եմ ելույթներ ունենում, զրուցում հայ մարդկանց հետ։ Եվ այդ ժամանակ ես ավելի խղճում եմ այնտեղ գործատեղ, աշխատանք ունեցող հայ մարդուն, քան այստեղ անգամ աշխատանք չունեցողին։ Ինչո՞ւ։ Որովհետեւ այս նեղ պայմաններում անգամ մենք իրար հարազատ ենք, միմյանցՙ սատար։ Այնտեղ հարազատություն ասած բանը չկա։

¬ Այսինքն հայ մենթալիտետի բնորոշ գծերից մեկն է կորչում։ Դա՞ է պատճառը, որ ցանկանում եք երկրի նախագահի պաշտոնում տեսնել Ստեփան Դեմիրճյանին։ Նա ի վիճակի՞ է այս մեր ծուռումուռը ուղղե՞լ, մեր այս սապատը շտկել։

¬ Ես շատ կուզենայի, որ Ստեփան Դեմիրճյանը կարողանար գոնե այս բաները շտկել, գոնե արվեստին, մշակույթին բարի աչքով նայեր։ Ես հատկապես մտահոգված եմ մեր եկող սերնդի համար։ Մեր երկրի մշակույթի դաշտում ով ասես վարուցանք է անում։ Ում մտքով ինչ անցնում էՙ անում է։ Մեկը չկա, որ ասի «Տո, եղբայր, դու արտիստ չես, նկարիչ չես»։ Ապաշնորհ մարդու դեմը կանգնող չկա։ Հեռուստատեսությունն էլ մի կողմից է մեր մտածողության, մեր ազգային ինքնության տունն ավերում։ Իհարկե, Ստեփան Դեմիրճյանն էլ կդժվարանա մեր այս ծանր վիճակը շտկել։ Եթե նրա կողքին ճիշտ, սրտացավ, իսկապես հայրենասեր մարդիկ կանգնած լինեն, ապա ամեն ինչ իր հունը կընկնի, դժվարությամբ, բայց կընկնի։

¬ ՀՀ գործող նախագահըՙ Ռոբերտ Քոչարյանը չի՞ անում։

¬ Գիտե՞ք ինչ. ինձ թվում է, որ Ռոբերտ Քոչարյանին սատարում են միայն այնպիսի մարդիկ, ովքեր պաշտոնների են, ովքեր վախենում են իրենց աթոռը, իրենց «մի կտոր հացը» կորցնելուց։ Գուցե դա է պատճառը, որ երկրում պաշտոնական, ոչ ճիշտ տվյալներով 40 տոկոս գործազրկություն կա։ Այսօր պատեհապաշտպների վարչակարգ է։ Պետք է այս վարչակարգը փոխվի։

¬ Եվ այս ամենը կարելի՞ է ուղղել Ստեփան Դեմիրճյանի ՀՀ նախագահի պաշտոնին գալով։

¬ Նորից ասեմ, Լեւոն Տեր-Պետրոսյանին ընտրելով սխալվեցի։ Գոնե այս անգամ չսխալվեմ։

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4