«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2003-01-28 | #16, 2003-01-29 | #17, 2003-01-30


ԿԱՐԵՎՈՐՎԵՑ ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԸ

Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության հաշվետվության մեջ առանձնանում են մի քանի առանցքային կետեր։ Երեկ ներկայացնելով համառոտ տեղեկատվություն հաշվետվության մասին, նախարար Կարեն Ճշմարիտյանը կարեւորեց հատկապես արդյունաբերական արտադրանքի աճը 14 տոկոսով, իսկ առանց էներգետիկայիՙ 24 տոկոսով։

Գյուղատնտեսության աճը կազմել է 4 տոկոս, իսկ ամենամեծ աճն արձանագրել է կապիտալ շինարարությունըՙ 43 տոկոս։

Աճել են նաեւ բնակչության դրամական եկամուտներըՙ 15 տոկոսով, ծախսերըՙ 12 տոկոսով, ինչը, սակայն, անգամ նախարարի խոստովանությամբ, արտաքնապես չի զգացվում։ Տվյալ դեպքում նա կարեւոր համարեց դրական տեղաշարժը։

Հաջորդն արտաքին առեւտրի ցուցանիշների բարելավումն է։ Արտահանման ծավալներն աճել են 48 տոկոսով եւ հասել 507 մլն դոլարի։ Ճիշտ է, աճել են նաեւ ներմուծման ծավալներըՙ կազմելով 991 մլն դոլար, բայց արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը նվազել է 48 մլն դոլարով։ Նման տեմպերով շարժվելու դեպքում, Կարեն Ճշմարիտյանի կարծիքով, 5¬6 տարվա ընթացքում առեւտրային հաշվեկշիռն արմատական փոփոխություններ կկրի։

Այնուհետեւ նախարարն անցած տարվա կարեւոր իրադարձությունների շարքում նշեց Հայաստանի անդամակցումը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)։ Նա լրագրողների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Հայաստանն այս կազմակերպություն ընդունվեց առանց հետանդամակցային պարտավորությունների։

Ըստ ոլորտների արդյունաբերության ցուցանիշների առնչությամբ հաշվետվության մեջ նշված պատկերն այսպիսին է։ Թեթեւ արդյունաբերությունն ունեցել է մոտ 1,5 տոկոս աճ, աշխատել են համակարգի 25 ձեռնարկություններ, որտեղ աշխատողների թիվն ավելացել է 400-ով։ Առավել մեծ աճ է արձանագրել հանքարդյունաբերության եւ շինանյութերի արդյունաբերության բնագավառը։ Այստեղ թողարկվել է 65 մլրդ դրամի արտադրանք, որն ավելի է նախորդ տարիներից 11,5 մլրդ դրամով։ Արտահանումն ավելացել է 61 տոկոսով։ Քիմիական արդյունաբերության ցուցանիշները ներկայացված չէին։ Ակնհայտ է, որ այստեղ հետընթաց է արձանագրվել, որովհետեւ ոլորտի խոշորագույն ձեռնարկությունները չեն աշխատում։ Մեքենաշինական համալիրում նմանապես նվազել են արտադրության եւ արտահանման ծավալները։ Փոխարենն աճ են արձանագրել մի քանի ձեռնարկություններՙ «Ալմաստը», «Հայկաբելը», Հայէլեկտրաապարատը», «Գրանդ սանը», Գորիսի «Գամման»։ Եվ, բնականաբար, ամենից սրընթաց զարգանում են ոսկեգործությունը եւ ակնագործությունը։ Այստեղ արտադրության ծավալներն աճել են 106 տոկոսով, իրացումըՙ 140 տոկոսով, արտահանումըՙ 148 տոկոսով։ Աշխատատեղերն ավելացել են մոտ 2 հազարով։

Աշխատատեղերի թեմային անդրադառնալով, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը նշեց, որ 2002 թ.-ին ստեղծվել է 35 հազար նոր աշխատատեղ։ Դրանցից 19 հազարը ստեղծվել է փոքր ձեռնարկություններում։ Կարեւորվեց նաեւ փոքր եւ միջին ձեռնարկության զարգացումը։ Այս ոլորտը 2002 թ.-ին տվել է համախառն ներքին արդյունքի 35 տոկոսը։ Փոքր եւ միջին ձեռնարկատիրությանն աջակցելու նպատակով իրականացվում է պետական ծրագիր, որի շրջանակներում ոլորտին անցյալ տարի տրամադրվել է 40 մլն դրամ (որից 20 մլն դրամըՙ պետբյուջեից)։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4