«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի ուշացումով խմբագրություն հասած համարը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ին, երկարատեւ հիվանդությունից հետո Սաութֆիլդում (Միչիգան) վախճանվել է ՌԱԿ եւ ԹՄՄ անխոնջ անդամներից, ցեղասպանության սակավաթիվ վերապրածներից Արմենուհի Աբրահամյանը։
Հանգուցյալը ծնվել էր Վանում 1913 թ. մարտի 15-ին, Խաչիկ եւ Սրապիոն Ամիրյանների ընտանիքում։ Երեք երեխաների տեր նրա մայրը հերոսաբար կարողացել է դիմակայել 8 տարվա քաղցը եւ մահվան տարաբնույթ սպառնալիքները, մինչեւ միացել է ամուսնուն «Նիագարա ֆոլզում», 1923-ին։
18 տարեկանում Արմենուհին ծանոթացել է իր ապագա ամուսնուՙ նույնպես վանեցի Սուրեն Աբրահամյանի հետ։ Նրանք ամուսնացել են 1931 թ. նոյեմբերի 1-ին եւ տկն Արմենուհու մահվանից մի քանի օր առաջ տոնել են իրենց ամուսնության 71-ամյակը։ Ունեն երեք զավակ, Րաֆֆի, Էդուարդ եւ Էլիզաբեթ, թոռներ։ Արմենուհին եղել է նվիրված կին, մայր եւ տատիկ։ Եկեղեցասեր եւ հայրենասեր։ 1964-ից սկսած 11 անգամ այցելել է Հայաստան։ Վերջին անգամըՙ 2000 թ. գարնանը։
Արմենուհու հայրը, ինչպես նաեւ ամուսնու հայրը, եղել են Վանի պաշտպանության հերոսներից Մկրտիչ Ավետիսյանի հետեւորդներից եւ հայկական առաջինՙ Արմենական կուսակցության հիմնադիրներից։ Ամուսինները շարունակել են իրենց ծնողների ժառանգությունը եւ անմնացորդ նվիրվել ՌԱԿ կուսակցության եւ Թեքեյան մշակութային միությանը, որոնց ծառայել են առանց ակնկալիքների։ Ընդհակառակնՙ իրենք են շարունակ նվիրաբերել։ Ոչ միայն նրանց զավակներըՙ Էլիզաբեթը, Րաֆֆին եւ Էդուարդը, այլեւ թոռները դարձել են ռամկավար եւ ԹՄՄ անդամ։ Գիր ու գրականության սիրահար լինելովՙ մեծապես նպաստել են հայկական թերթերի ու պարբերականների լույսընծայմանը։
«Ազգն» իր խորին ցավակցությունն է հայտնում ողբացյալի ամուսնունՙ Սուրեն Աբրահամյանին, զավակներին ու թոռներին, եւ համայն սգակիրներին Հայաստանում եւ սփյուռքում։