ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 29 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆք - ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ։ Եվրախորհրդի ԽՎ հունվարի 27-ի լիագումար նիստում պատասխանելով ֆրանսիական պատվիրակության անդամ Ֆրանսուա Ռոշբլանի այն հարցին, թե Թուրքիան որպես ԵՄ անդամ դառնալու ցանկություն ունեցող երկիր պատրա՞ստ է ճանաչել եւ ընդունել Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայի վարչապետ Աբդուլլահ Գյուլն ասել է. «Այս հարցին կարելի է մոտենալ տարբեր կողմերից։ Այն ժամանակ պատերազմ էր, եւ թուրքերը չէին ցանկանում մարդկանց կոտորել։ Հիմա հարկավոր է մտածել ապագայի մասին, ապագա հարաբերությունների մասին եւ դա է պատճառը, որ Թուրքիան օգնում է Հայաստանին ու հաճախակի թռիչքներ կան Ստամբուլից Երեւան։ Թուրք գործարարներն օգնում են Հայաստանին։ Կարծում եմ, որ Հայաստանը նույնպես կամենում է լավ հարաբերություններ ունենալ սահմանակից երկրների հետ։ Վերջապես Հայաստանը պետք է ճանաչի հարեւան երկրների սահմանները։ Մենք օգնում ենք նրանց, եւ դա կշարունակվի։ Այլեւս դեպի անցյալը գնալու կարիք չկա։ Եկեք նայենք դեպի ապագանՙ ավելի լավ հարաբերությունների սպասումով»։