«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2003-01-28 | #16, 2003-01-29 | #17, 2003-01-30


ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՅՑԸ ՍՅՈՒՆԻՔԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐ

Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանն արդեն թրծված է ընտրություններին իր մասնակցությամբ։ Նա երեք անգամ ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրվել։ Նա իր նախընտրական քարոզարշավը սկսեց Սյունիքի մարզից։ Նախՙ բավականին կապված է Սյունիքի հետ, մանավանդ պատերազմի ժամանակներից, երկրորդՙ որպես ավանդույթ միշտ իր քարոզարշավը սկսում է հեռավոր կետից։ Առաջին գյուղըՙ Շինուհայրն ունի 2600 բնակիչ, որից 1418-ն է ընտրող։ Արդեն չորս ամիս գյուղը ջրազրկված ու հոսանքազրկված է, փակվել են միակ գործող կոշիկի ֆաբրիկան, հիվանդանոցը, մանկապարտեզը։ Գյուղը, կտրված լինելով շրջկենտրոնից, հայտնվել է կղզիացած վիճակում ու մեն-մենակ իր բազմաթիվ պրոբլեմներով, որոնք էլ բարձրացվեցին նախագահի թեկնածուիՙ Վ. Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ։ Վ. Մանուկյանը մանրամասն ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը, պատասխանեց հարցերին, ընդունեց արված առաջարկները, որոնք, ասաց, հիմք կհանդիսանան ընտրվելուց հետո իրագործելու համար։

Գյուղացիներից Արկադի Գրիգորյանի կարծիքովՙ նախորդ անգամ գյուղն ամբողջությամբ ձայնը տվեց Վ. Մանուկյանին, բայց չստացվեց, այժմ էլ շատ մտահոգված են, որ նորից չխաբվեն, ձայները չկեղծեն։

Մանուցյան Ժորային հետաքրքրում էր, թե ինչ լծակներ են գործելու ընտրվող նախագահի աշխատանքների կատարումն ստուգելու ու գնահատելու, արտագաղթի ճամփան փակելու եւ գենոֆոնդը փրկելու ուղղությամբ։ Վ. Մանուկյանն այդ հարցերին տվեց հետեւյալ պատասխանը. «Պետք է երկրում այնպիսի վիճակ ստեղծել, որ ով էլ նստի նախագահի աթոռին, ժողովրդի վերահսկողության տակ լինի։ Ես իմ ծրագրում նշել եմ, որ նախագահը եւ կառավարությունը 5 տարվա ծրագիր պետք է ունենան ու ամեն տարվա համար հաշվետու լինեն, եթե չկատարեն իրենց խոստումները, ապա հանրաքվեով եթե չընդունվի, կոնկերտ ես այդ պարագայում հրաժարական կտամ։ Ես կուզեմ լինի մի թեկնածու, որը նախագահ դառնալուց հետո երկիրը փոխի։ Միասնականությունը մեզ պետք է, որպեսզի կարողանանք հաղթել, որովհետեւ դիմացի ուժը լրիվ մաքուր ուժ չէ։ Դեռ միասնական թեկնածուն չի երեւում, բայց ընդդիմության ուժերը միասնական են շատ հարցերում»։

Գորիսում, որը 18 հազար բնակչից 14 հազար ընտրող ունի, շատերը հավաքվել էին քաղաքի կենտրոնումՙ իրենց հուզող հարցերի պատասխանի ակնկալիքով։ 73 տարեկան Գառնիկ Քյուրունցը քաջատեղյակ էր նախագահի թեկնածուներին ու շատ մտահոգ է, որ դեռ ընդդիմությունը չի կողմնորոշվել մեկ թեկնածուի հարցում։ Իսկ թե ում կընտրենՙ ցույց կտա մյուս թեկնածուների հետ հանդիպումը։ 24 տարեկան Միսակ Ավագյանը, 82 տարեկան Սոնա տատը եւ շատերը պնդում էին, որ միայն ընտրություններից առաջ են տեսնում նրանց երեսը, հետո գնում-կորում են։

Իսկ Կապան քաղաքի կենտրոնում, ինչպես ասում են, «ասեղ գցելու տեղ չկար»։ Մշտապես նույն սոցիալական պրոբլեմներն էինՙ ավանդների անլուծելի հարցը, թոշակների բարձրացումը, աշխատատեղերի ստեղծումը, բուժօգնությունը եւ այլն։ Դավիթ-Բեկ գյուղի լեփ-լեցուն դահլիճում Վ. Մանուկյանին սպասողները հատկապես ուզեցին իմանալ, թե մեր երկրում էլ վաճառելու բան մնացե՞լ է, թե՞ ոչ։ Վ. Մանուկյանը հումորով պատասխանեց. «Չի մնացել, դրա համար էլ ուզում եմ դառնալ նախագահ, որ ձեր հավատով ու ձեզ հետ մեր երկիրը շենացնենք ու ծաղկեցնենք»։ (Ներկաներից ոչ ոք չհիշեցրեց Վ. Մանուկյանի «Վաստակը» հայրենի տնտեսության քայքայման գործում)։ Իսկ թե ինչպե՞ս կողմնորոշվեն, ճիշտ ընտրություն կատարեն, նորից հումորով հնչեց պատասխանը. «Որ գնում եք շուկա ձմերուկ առնելու, մի լավ սեղմում եք, կտացնում, նոր առնում, չէ՞, դե հիմա էլ եկել եմ, մի լավ սեղմեք, կտացրեք ու նոր որոշեք»։

Հաջորդ օրը Վ. Մանուկյանն իր հանդիպումը սկսեց Սիսիանից, ուր նրան տրվեցին կրկին բազմաթիվ «չկա»-ների շարաններով հարցերՙ ակնկալելով դրական պատասխաններ։ 32-ամյա Հրայր Դանիելյանին, 64-ամյա Լյուդվիգ Օհանյանին հատկապես մտահոգում էր Սիսիանից 40 տոկոս երիտասարդների մեկնումն արտագնա աշխատանքի Ռուսաստան, եւ որ 40 տարին լրացած տղամարդկանց թիվը շատ է, որոնք չեն կարողանում ամուսնանալ, ընտանիք կազմելՙ միմիայն սոցիալական պայմանների պատճառով։ Գյումրեցի 65-ամյա Մնացական Հակոբյանը հատուկ եկել էր Սիսիանՙ լսելու Վ. Մանուկյանին եւ նրան բնորոշում էրՙ հայկական Կելդիշ...

Սյունիքի մարզից հետո հաջորդ հանդիպումը կայացավ Վայոց ձորի մարզում։ Եղեգնաձորի կենտրոնական հրապարակում, ուր ընտրողների թիվը մոտ 4000-ի է հասնում, նույն խնդիրներն էին։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, Սյունիք-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4