Շեւարդնաձե-Պուտին հանդիպման արդյունքները մեկնաբանում են վրաց քաղաքական գործիչները
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի
Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, հարավօսական հակամարտության կարգավորման հարցերով Էդուարդ Շեւարդնաձեի ներկայացուցիչ Վախթանգ Ռչեուլիշվիլին «Ազգի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ անդրկովկասյան երկաթուղու ապաշրջափակման հարցը չպետք է կապել Աբխազիայի կարգավիճակի հետ։ «Մեր կուսակցությունը դեմ է, որ Սոչի-Սուխում գնացքն աշխատում է առանց Վրաստանի իմացության։ Մյուս կողմից, մենք կարեւորում ենք երկաթուղու ապաշրջափակումը, որպեսզի վերականգնվի երկաթուղային կապը Մոսկվայի եւ Թբիլիսիի, Մոսկվայի եւ Երեւանի միջեւ», ասաց սոցիալիստների առաջնորդ Ռչեուլիշվիլին, հավելելով, որ երկաթգծի աբխազական հատվածի շահագործումը պետք է համընկնի վրացի փախստականների վերադարձի հետ։
Կիեւում տեղի ունեցած Շեւարդնաձե-Պուտին հանդիպումը նախատեսված 40 րոպեի փոխարեն տեւել է 2 ժամ։ Եթե հունվարի կեսերին Վրաստանի նախագահը սպառնում էր, թե հերթական անգամ չի երկարաձգի ռուս խաղաղարարների մանդատը վրաց-աբխազական հակամարտության գոտում, ապա Կիեւում հայտարարեց. «Ես չգիտեմ ինչ կլինի, եթե ռուս խաղաղարարները հեռանան Աբխազիայից։ Սա չափազանց բարդ հարց է»։
Վրաստանի խորհրդարանի «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Ջեմալ Գոգիտիձեն նշում է, որ ռուս խաղաղարարների հեռանալու դեպքում ողբերգությունն անխուսափելի է։ «Լավ, ռուսները հեռանում են, հետո՞։ Ի՞նչ է լինելու։ Ընդհանրապես, ռուս խաղաղարարների դուրսբերման հարցը Շեւարդնաձեն է սադրում։ Շեւարդնաձեն զորք մտցրեց Աբխազիա, սկսեց պատերազմ իր երկրի դեմ։ Նա ի վիճակի չէ լուծել աբխազական խնդիրը», «Ազգի» հետ զրույցում ասաց պրն Գոգիտիձեն, որի ղեկավարած խմբակցությունը գտնվում է Աջարիայի առաջնորդ Ասլան Աբաշիձեի վերահսկողության տակ։
Ուկրաինայի մայրաքաղաքում Վրաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները պայմանավորվել են Սոչի-Սուխում գնացքի աշխատանքը համաձայնեցնել վրացի փախստականների Աբխազիա վերադարձի հետ։ «Ես կողմնակից եմ երկաթուղու ապաշրջափակմանը, բայց զուգահեռաբար պետք է հնարավորություն տրվի փախստականներին վերադառնալ իրենց տները», ասել է Շեւարդնաձեն։
«Երկաթուղու բացումը բխում է նախ եւ առաջ Վրաստանի, նաեւ Հայաստանի, Ադրբեջանի, ողջ Անդրկովկասի շահերից։ Դեռ մի քանի ամիս առաջ Ասլան Աբաշիձեն Շեւարդնաձեին հղած նամակում նշում էր, որ աբխազական հակամարտությունը կարգավորելու համար նախ եւ առաջ պետք է վերականգնել հաղորդակցությունները», մեզ փոխանցեց Ջեմալ Գոգիտիձեն, հավելելով, որ Վրաստանի եւ Աբխազիայի միջեւ սահմանի փակ լինելը բխում է Էդ. Շեւարդնաձեի շրջապատի մարդկանց շահերից, ովքեր այդ շրջանում զբաղված են մաքսանենգ առեւտրով։ Այդ մարդկանց շահերից չի բխում նաեւ փախստականների վերադարձն Աբխազիա, քանզի այդ դեպքում նրանք զրկվում են փախստականներին հատկացվող գումարները յուրացնելու հնարավորությունից, ասաց պրն Գոգիտիձեն։
Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Գիվի Շուգարովը գտնում է, որ ռուս խաղաղարարների ներկայությունը որեւէ կերպ չի օգնել աբխազական հակամարտության կարգավորմանը, սակայն, մյուս կողմից ռուսների հեռանալու դեպքում հնարավոր չէ բացառել նոր ողբերգություն։ «Երկաթուղու վերաբացումը բխում է նաեւ Վրաստանի շահերից, ինչպես նաեւՙ Հայաստանի, բայց դա պետք է լինի միայն փախստականների վերադարձի դեպքում, փուլ առ փուլ, առաջին հերթինՙ Գալիի շրջան։ Այդ պատճառով մենք կողմ ենք, որ ռուս խաղաղարարների մանդատն ընդլայնվի դեպի Աբխազիայի խորքը», ասաց պրն Շուգարովը։ Այս տեսակետին համամիտ է նաեւ Վախթանգ Ռչեուլիշվիլին։
Ի դեպ, այս պահին ռուսներիՙ Աբխազիայից հեռանալուն դեմ է արտահայտվում նաեւ ԱՄՆ-ը։ Եվրասիայի հակամարտությունների հարցերով դեսպան Ռուդոլֆ Փերինան Կիեւում հանդիպել է Էդ. Շեւարդնաձեի հետ։ Ըստ Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Թեդո Ջափարիձեի, «ԱՄՆ-ը Վրաստանին խորհուրդ է տվել երկարաձգել ռուսական խաղաղարարների մանդատը»։
Ամենայն հավանականությամբ, ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովում Վրաստանը համաձայնել է եւս վեց ամսով երկարաձգել ռուս խաղաղարարների մանդատը։