ԳՅՈՒՄՐԻ, 29 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Լրագրողների միությունների միջազգային կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ հունվարի 25-ից Հայաստանում են ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Ռուս լրագրողները, բաժանվելով երկու խմբի, հունվարի 27-ին այցելեցին Գյումրի եւ Սպիտակՙ աղետի գոտում մինչ այժմ կատարված եւ իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքին ծանոթանալու։ Գյումրի այցելած խմբի կազմում էին «Նովիե իզվեստիա», «Մոսկովսկիե նովոստի», «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթերի թղթակիցներ Վլադիմիր Չեսնոկովը, Նազգյուլ Սոնեւան, Կոնստանտին Գորոխովը եւ «Տէ Վէ Էս» հեռուստաընկերության լրագրող Վիկտոր Դիատլիկովիչը։ Գյումրիում ռուս լրագրողները շրջեցին «Անի» թաղամասում, եղան ամերիկացի բարերար Ջոն Հանթսմանի նվիրատվությամբ կառուցված թիվ 2 դպրոցում, հանդիպեցին Շիրակի մարզպետի հետ։ Մարզպետ Ֆելիքս Փիրումյանը ներկայացրեց մարզում վերականգնողական աշխատանքների ծավալների, ֆինանսական աղբյուրների, բնակչության սոցիալական վիճակի եւ անօթեւաններին բնակարաններով ապահովելու նախատեսված ժամկետների մասին ամփոփ տեղեկատվություն։