«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2003-01-28 | #16, 2003-01-29 | #17, 2003-01-30


ԱԼԻԵՎԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՎ ԱՄՆ-Ն ԻՐ ԴԵՄ Է ԼԱՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ

Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարությունները Վաշինգտոնում ներկայացված են հասարակական հարաբերությունների այն լավագույն գրասենյակներով եւ լոբբիիստներով, որ հնարավոր է ձեռք բերել փողով։ Սակայն մարդու իրավունքների պաշտպանության նրանց տվյալներն այնքան վատն են, որ նույնիսկ փորձառություններով թրծված ամերիկացի մասնագետներն են դժվարանում «սվաղել» նրանց խունացած իմիջը։

Իրենց երկրի օրենքները բարելավելու եւ իրենց քաղաքացիների հանդեպ մի փոքր ավելի բարյացակամ լինելու փոխարեն, այդ երկու կառավարությունները միլիոնավոր դոլարներ են ծախսումՙ պահպանելու հզոր ամերիկյան ֆիրմաներ, որոնց միջոցով աշխարհին են հիմարացնում իրենց սխալ արարքները խեղաթյուրված ձեւով ներկայացնելով։ Ավելի քան 20 տարի Թուրքիան վարձել է Ամերիկայում այդ ֆիրմաները, բայց նրա իմիջը դույզն ինչ անգամ չի լավացել։ Ադրբեջանը նույնպես հսկայական գումարներ է տրամադրել այդ նպատակին, նույն հուսահատական արդյունքներով։

Վերջին շաբաթներին իրար հետեւից մի քանի զեկույցներ են հրապարակվել, որոնք խոսում են Ադրբեջանում մարդու իրավունքների լուրջ խախտումների մասին։

«Վաշինգտոն փոստի» հունվարի 12-ի համարում երկարաշունչ մի հոդված խստորեն քննադատում է «նախագահ Հեյդար Ալիեւի ղեկավարած Ադրբեջանի ավտորիտար կառավարությունը»։ Թերթը կշտամբում է Ալիեւի օգտագործած «ուժեղ բռունցքի մարտավարությունը», նրան որակելով «բռնակալ» եւ «հին ոճի դիկտատոր»։ «Ալիեւի ազգականներից շատերը զբաղեցնում են կարեւոր պաշտոններ կառավարության մեջ եւ իրենց ձեռքերում են պահում մասնավոր բիզնեսն ամենատարբեր ոլորտներում, սկսած մասնավոր դպրոցներից, վերջացրած խավիարով», գրում է թերթը։

Մարդու իրավունքների մոնիտորինգով զբաղված խմբերի զեկույցների համաձայն երկրում կան 300 քաղաքական բանտարկյալներ։

«Վաշինգտոն փոստն» ավելի առաջ գնալով, Ադրբեջանին ներկայացրել է որպես «աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկի», ավելացնելով, որ «1993-ին Ալիեւի կողմից իշխանությունը զավթելուց հետո այնտեղ արդար ընտրություններ չեն անցկացվել»։

«Հակառակ արեւմտյան ընկերությունների հետ կառավարության կնքած նավթի եւ գազի միլիարդավոր դոլարների հասնող պայմանագրերին, մեկ միլիոնից ավելի ադրբեջանցիներ հեռացել են երկրիցՙ աշխատանք փնտրելու», գրում է թերթը։

Նույնիսկ Ադրբեջանում Մ. Նահանգների դեսպան Ռոս Ուիլսոնը, որն ընդհանրապես շատ զուսպ եւ դիվանագիտական լեզվով է ներկայացնում Ադրբեջանի բազում թերությունները, հունվարի 13-ին Մինեսոտա համալսարանում ելույթ ունենալով, բավական բացահայտորեն արտահայտվելով այդ երկրի մասին, նշել է, որ օրենքները շատ թույլ են այնտեղ եւ կաշառակերությունըՙ համատարած։ Պատերազմի հրձիգները իշխում են երկրի տարբեր շրջանները։ «Ադրբեջանում ոչ մի ընտրություն ազատության եւ արդարության տեսակետից չի անցել միջազգային մակարդակներին համապատասխան», ասաց նա։

Նման քննադատական զեկույցներ հրատարակվել են նաեւ Եվրախորհրդի, պետքարտուղարության (համեմատաբար մեղմ) եւ ԵԱՀԿ-ի կողմից։ «Հյումն Ռայթս Ուոթչ» կազմակերպությունն իր 2003 թվի զեկուցագրում նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է «քաղբանտարկյալներին պահել կալանքի տակ, անկախ լրատվամիջոցներին հետապնդել եւ սոցիալական եւ քաղաքական շարժումներըՙ ճնշել»։ Եվրախորհրդի խորհրդարանական ժողովն անցյալ սեպտեմբերին ընդունած որոշման մեջ հստակորեն ամրագրել էր, որ «ցնցված է եւ մտահոգված» Ադրբեջանում ամենատարրական ազատությունների ոտնահարման փաստերով։

Նախագահ Ալիեւն անցյալ օգոստոսին մի հանրաքվե «բեմադրեց», որն իբր պաշտպանվեց քվեարկողների 96 տոկոսի կողմից։ Այդ առթիվ «Հյումն Ռայթս Ուոթչ» կազմակերպությունն ասաց, որ «կառավարությունն օգտագործեց ինչպես ահաբեկչությունն, այնպես էլ զանգվածային խարդախությունները եւ անտեսեց ընդդիմության բոյկոտներն ու միջազգային հասարակայնության առարկությունները»։ Քվեարկողների 88 տոկոսի մասնակցության կառավարական պնդումները ոչ մի հիմնավորման չէին դիմանում։ Ընդդիմադիր եւ անկախ դիտորդների հաշվարկներով ընտրազանգվածի 30 տոկոսից էլ պակաս մարդիկ են մասնակցել դրան։ Խարդախված քվեների եւ ընտրակայաններում հանձնախմբերի անդամների ահաբեկչության ենթարկվելու բազմաթիվ օրինակներ կային»։

Ցավալի է, որ Մ. Նահանգների կառավարությունն աչք է փակում նման ահազանգող փաստերի վրա միայն այն պատճառով, որ Ադրբեջանը նավթ ունի։ «Վաշինգտոն փոստը» մեջ է բերել Ալիեւի նախկին օգնական եւ այժմ «Ադրբեջանի հասարակական ֆորումի» տնօրեն Էլդար Նամազովի խոսքերը, որ «դա Արեւմուտքի հին քաղաքականությունն է։ Այո, նա բռնակալ է, բայց նա մեր բռնակալն է»։

Մյուս կողմից, Ադրբեջանի «Ազգային անկախություն» կուսակցության առաջնորդ Էթիբար Մամեդովն զգուշացնում է, ասելով, որ «Մ. Նահանգները պետք է Ադրբեջանի ժողովրդի հետ բարեկամություն անի եւ ոչ թե միայն նախագահի։ Իր ժողովրդի իրավունքները ոտնահարող նախագահը չի կարող Մ. Նահանգների լուրջ դաշնակիցը լինել»։

Բուշի վարչակարգի կարճատես պաշտոնյաները ճիշտ կվարվեն, եթե ականջ դնեն Նամազովի եւ Մամեդովի խոսքերին։ Ծերունի եւ վատառողջ Ալիեւի օրերը հաշված են։ Հակառակ իր բոլոր ջանքերին, Ալիեւին գուցե չհաջողվի իր պաշտոնում տեսնել իր որդունՙ Իլհամին։ Վերջինս չունի ոչ հոր խորամանկությունը, ոչ էլ ՊԱԿ-ի նրա փորձառությունը։ Ծեր աղվեսի ասպարեզից հեռանալու դեպքում երկարատեւ պայքար կարող է ծավալվել հանուն իշխանության։

Եվ եթե Ալիեւի հակառակորդներն իշխանության գլուխ գան, նրանք կարող են դաշնակցել Իրանի եւ Ռուսաստանի եւ ոչ թե Թուրքիայի եւ Մ. Նահանգների հետ։ Փոխանակ ժողովրդական զանգվածներին սիրաշահելու, Մ. Նահանգների կառավարությունն անխոհեմաբար պաշտպանում է ժողովրդականություն չվայելող շատ ղեկավարների աշխարհի տարբեր մասերում։ Եվ երբ այդ բռնակալները տապալվում են, ժողովուրդները եւ նրանց նոր ղեկավարները հիշում են, որ Ամերիկան պաշտպանում էր իրենց ճնշողներին, ու Ամերիկայի տված զենքերով հարձակվում են... ամերիկացիների վրա։

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, ԱՄՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4