«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2003-01-28 | #16, 2003-01-29 | #17, 2003-01-30


ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՈՒՀԻ ԳՅՈՒՂԱՊԵՏ ԿԱ

Տնտեսավարման շրջադարձերը մեզանում նշանավորվեցին նաեւ արտասահմանցի գործարարների, գիտնականների ու փորձագետների մեծ ներհոսքով։ Այդ հախուռն հորձանքը ոչ միայն մեր տնտեսությունը տարաբնույթ, ցանկալի կամ անընդունելի ցնցումների ենթարկեց։ Հրազդանի տարածաշրջան ՀՀ նախագահի թեկնածու Ռ. Քոչարյանի քարոզարշավի ընթացքում մի պատմություն լսեցինք, որը վկայում է նաեւ մարդկային ճակատագրերի վրա այդ փոփոխությունների ուղղակի, արտասովոր անդրադարձի մասին։ 4-5 տարի առաջ չինացի գյուղատնտեսների մի խումբ եկավ Հայաստան։ Նպատակը չինական հացահատիկային, բանջարաբոստանային կուլտուրաների փորձարկումն էր Հայաստանի լեռնային շրջաններում։ Ու թեեւ գիտափորձը բավական լավ արդյունք տվեց (Հրազդանի անջրդի պայմաններում ցորենի բարձր բերք ստացվեց), այնուամենայնիվ, ծրագիրը կեսճանապարհին ինչ-ինչ պատճառներով ընդհատվեց, եւ չինացիները վերադարձան հայրենիք։ Այդ ընթացքում նրանցից մեկըՙ Սուրու Յան Գուն, հասցրեց ընտանիք կազմել երեւանցի մի աղջկաՙ Նունեի հետ։ Մի քանի տարի Հայաստանում ապրելուց եւ երկվորյակ չինուհի-հայուհի զավակներ ունենալուց հետո նրանք մեկնում են Չինաստան։ Հիմնավորվում են Տիբեթի փեշերի գյուղերից մեկում։ 2 տարի առաջ տեղի ունեցած հայտնի ջրհեղեղից ավերվում է նաեւ նրանց տունը։ Հետո նոր տուն են կառուցում։ Աշխատասեր, եռանդուն ու խելացի հայուհին, որին տեղաբնակները, իբրեւ օտարականի, սկզբում դժկամությամբ էին ընդունել, աստիճանաբար նվաճում է գյուղացիների համակրանքը, եւ նրան իրենց գյուղապետ են ընտրում։ Այնպես որ, Չինաստանում հայ գյուղապետ ունենք։

Հայաստանում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչը հետաքրքրական մանրամասն էր նշել. հարցազրույցի ժամանակ, երբ Նունեին խնդրում են ներս հրավիրել նշանածին, նա, դառնալով Սուրու Յան Գուին, ասում էՙ Սուրո, արի, քո հերթն է...

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4