Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը երեկ ընդգծված դժգոհություն հայտնեց «Նաիրիտի» եւ Վանաձորի քիմհամալիրի սեփականատեր, բրիտանական «Ռանսատ» ընկերության գործունեությունից։ «Ռանսատի» մենեջմենտից շատ դժգոհ եմ։ Այնտեղ մենեջմենտ չկա։ Ես 2¬3 նամակ եմ գրել նրանց եւ դեռեւս պատասխան չեմ ստացել», ասաց նախարարը եւ ավելացրեց, որ, իր կարծիքով, այս ընկերությունը Հայաստանում ապագա չունի։ Նա փաստորեն չի կատարում իր ստանձնած ներդրումային եւ մյուս պարտավորությունները։
Ի տարբերություն սրան, պատասխանելով «Դողագործի» սեփականատիրոջ պարտավորությունների կատարման մասին «Ազգի» հարցին, Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ այստեղ դրական տեղաշարժ կա։ «Դողագործում» այժմ վերականգնման աշխատանքներն ավարտվել են, եւ սկսվել է ավտոմեքենաների կամերաների արտադրությունը։ Ձեռնարկության սեփականատերն, ըստ նախարարի, ներդրումային պարտավորությունները հաջողությամբ կատարում է։ Սակայն հարկ ենք համարում հիշեցնել, որ մինչեւ վերջին 1¬2 ամիսը «Դողագործի» վերագործարկումը գրեթե 2 տարի ձգձգվում էր։
Ա. Մ.