«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2003-01-28 | #16, 2003-01-29 | #17, 2003-01-30


ԿԱՄՐՋԱՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է «ԼԻՆՍԻԻ» ՄԻՋՈՑՆԵՐՈՎ

Երեւան-Գյումրի մայրուղին ներառում է Աշտարակ քաղաքը շրջանցող կամուրջը։ Այս երթուղին ընտրած ուղեւորներն ու վարորդները կհիշեն կամրջի կողքին ճանապարհի լայնքով ձգված ու կամրջից բարձր ցցված վերամբարձ կռունկը։ Այն վկայում էր ոչ թե շինարարական անփութության, այլ անավարտության մասին։

Քասախ գետի կամրջային անցման շինարարության աշխատանքները սկսվել էին դեռեւս 1988 թվականից, բայց ֆինանսավորում չլինելու պատճառով կիսավարտ էին մնացել։ 1994 թվին ավարտին էր հասցվել երկկողմ երթեւեկությամբ կամրջի միայն մի կողմը, որն էլ հանձնվել էր շահագործմանՙ ծառայելով որպես երկկողմ անցում։

Նման շահագործումը, որ 6 ամսվա փոխարեն տեւեց 8 տարի, մեծ վտանգ էր ընդհանուր երթեւեկության համար, քանի որ Երեւան-Գյումրի առաջին կարգի ճանապարհը կամրջի հատվածում նեղանում էրՙ 11,5 մ մեկ կողմի վրա իրականացնելով երկկողմ երթեւեկություն։

2002 թ.-ի սեպտեմբերին սկսվել է կամրջի երկրորդ հերթի շինարարությունըՙ այս անգամ «Լինսի» հիմնադրամի միջոցներովՙ «Ճանապարհաշինություն» ծրագրի շրջանակներում։ Եվ ինչպես երեկ կամրջի հարեւան շինհրապարակում ասաց «Ճանապարհաշինություն» ԾԻԳ-ի տնօրեն Էդուարդ Բեզոյանը, առայժմ ապամոնտաժվել է վերամբարձ կռունկը։ Այդ աշխատանքները շարունակվում են, որպեսզի հնարավոր լինի կամրջի թռիչքային կառուցվածքը սահուն տեղափոխել միջանկյալ հենարանների վրա։ Ավելի պարզ, պատրաստ են արդեն կամրջի հենասյուները, որոնց վրա հրման միջոցով կտեղադրվի արդեն հավաքված մետաղական կոնստրուկցիան։

Կամրջի երկրորդ հերթի շինարարության աշխատանքները կավարտվեն 2003 թ.-ի հոկտեմբերին։ 1 մլրդ 40 մլն դրամ ընդհանուր արժեքով շինարարության արդյունքում կունենանք մոտ 30 մ լայնությամբ կամրջային անցում։

«Լինսի» հիմնադրամի ֆինանսավորմամբ 249 մլն դրամ արժողությամբ իրականացվում են եւս մեկ կամրջի վերանորոգման աշխատանքներ։ «Ճանապարհաշինություն» ծրագրի շրջանակներում նորոգվում է Արզնու երկհարկանի կամուրջը։ Այս կամրջի առաջին հարկով իրականացվում են Մասիս-Նուռնուս երկաթգծի, երկրորդ մասովՙ Աշտարակ-Եղվարդ-Աբովյան ավտոմայրուղու անցումները։

Մոտ 20 տարի առաջ կառուցված կամուրջը երբեւէ չի վերանորոգվել, եւ դրա որոշ հատվածներ վթարային են։

Արդեն իսկ որոշ աշխատանքներ արվել են, իսկ ամբողջությամբ վերանորոգումը նախատեսված է ավարտել 2003 թ.-ի հոկտեմբերի սկզբներին։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Աշտարակ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4