Ինչպես եւ սպասվում էր, բնապահպանության նախարար Վարդան Այվազյանն, անդրադառնալով կառավարությանը ներկայացրած իր հաշվետվությանը, առանձնահատուկ նշեց անցյալ տարվա ընթացքում Սեւանա լճի մակարդակի բարձրացումըՙ 44 սմ-ով։ Այստեղից բաց թողնված ջրի քանակը (ոռոգման համար) կազմել է 98 մլն խմ, ինչը 51 մլն խմ-ով պակաս է եղել 2002 թ.-ի համար նախատեսվածից։
Ավելի մանրամասն նախարարը ներկայացրեց անտառներին առնչվող խնդիրները։ «Հայանտառ» ոչ առեւտրային կազմակերպության ֆինանսական ցուցանիշները բարելավվել են։ Շուրջ 200 մլն դրամի ստվերային շրջանառություն է օրինականացվել, շուրջ 3 անգամ աճել են կազմակերպության աշխատակիցների աշխատավարձերը։ Նշվեցին նաեւ անտառապահպանման աշխատանքներըՙ նոր տնկիների տեղադրում, անտառի բնական աճին նպաստող աշխատանքներ եւ այլն։ Վարդան Այվազյանն ընդգծեց դեկտեմբերի 1-ից փշատերեւ անտառներում եւ տնկարկներում հատումների դադարեցման իր ստորագրած կարգադրությունը։ Նա անհրաժեշտ համարեց ընդհանրապես «առանց հատումների անտառ» գաղափարի իրականացումը, որը հնարավոր կլինի գազամատակարարման լիարժեք վերականգնման դեպքում։
Բնապահպանության նախարարության հաշվետվության մեջ նշվում է նաեւ ոչ մետաղային օգտակար հանածոների արդյունահանման ստվերային ծավալների նվազումը։ Եթե 2001 թ.-ին արդյունահանման հաշվառված ծավալը 714 հազ. խմ էր, ապա 2002 թ.-ինՙ 1 մլն 363 հազ. խմ։
Ա. Մ.