Ա. Դ. Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղը գործուն աշխատանք է կատարում իր ստանձնած առաքելությունն իրականացնելու, Հայաստանում քաղաքացիական հասարակության կառուցմանն աջակցելու ուղղությամբ։ Արդեն յոթերորդ տարին գործող մասնաճյուղի աշխատանքը չի սահմանափակվում միայն քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն անմիջական աջակցությամբ, այլ ներառում է նաեւ իրավական-լուսավորչական, քաղաքացիների խմբերի ինքնակազմակերպմանը, օրինաստեղծ գործընթացներին մասնակցության եւ այլ ուղղություններ։ Միայն անցյալ տարի, ըստ մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանի հրապարակած տվյալների, կազմակերպությունն իրավաբանական խորհրդատվություն է մատուցել 1142 քաղաքացիների ու իրավաբանական անձանց, փաստաբանական աջակցություն ցույց տվել տարբեր դատական ատյաններ ուղղված 49 դիմումներ ու հայցադիմումներ կազմելուն, մասնակցել 27 քաղաքացիական ու քրեական գործերի դատական քննությանը։ ՀՀ նախագահին, Ազգային ժողովին եւ կառավարման մարմիններին հասցեագրվել են 78 դիմում, հայտարարություն ու միջնորդագիր, աջակցություն է ցույց տրվել մեկ տասնյակից ավելի իրավաբանական անձանց պետական գրանցմանը։
Բնակչության իրավական գիտելիքների մակարդակի բարձրացումը համարելով հիմնական խնդիրներից մեկը, կազմակերպությունը 2002 թվականին պատրաստել ու տարածել է հարյուրից ավելի հուշաթերթ, 6 մեթոդական ձեռնարկ, անցկացրել մարդու իրավունքների եւ ժողովրդավարության, պետության եւ իրավունքի հիմունքների, համայնքային զարգացման, հանրային քարոզչության եւ այլ դասընթացներ, սեմինար-քննարկումներ, «Կլոր սեղաններ», դրանց մասնակից դարձնելով ոչ միայն Շիրակի, այլեւ Լոռու, Արագածոտնի ու Տավուշի մարզերի ներկայացուցիչների։ Նույնպիսի ընդգրկում ունի նաեւ մասնաճյուղում այժմ իրականացվող Քաղաքացիական հասարակության դպրոցի ծրագիրը։ Վերջինիս գործունեությունը պետք է օգնի տարբեր հասարակական կազմակերպությունների, նրանց անդամների պրոֆեսիոնալիզմի մակարդակի բարձրացմանը, ՀԿ-ների կողմից համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, հասարակության եւ պետական, մասնավոր ու միջազգային կառույցների միջեւ մշտական երկխոսության մեխանիզմների մշակմանը։
Գ. Մ.