«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2003-01-28 | #16, 2003-01-29 | #17, 2003-01-30


ՍԵՐՈՒՆԴՆԵՐՙ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շաբաթ օրը Արաբկիրի համայնքի ընտրազանգվածի հանդիպումը ՀՀ նախագահ, նախագահության թեկնածու Ռոբերտ Քոչարյանի հետ էր։ Մերգելյան ինստիտուտի հարակից այգու հրապարակում հավաքվածներից շատերը հերթապահ հետաքրքրությամբ սպասում էր դեռ ժամը 12-ից։ Ցուրտը նեղում էր, եւ շատերը սկսեցին չդիմանալ. հայ-սլավոնական համալսարանի մի խումբ ուսանողներ հանրապետության դրոշը պահ տվին մի քանի տարեց մարդկանց ու գնացին տաքանալու հարեւան «Գրանդ-Քենդի» պոնչիկանոցում։ Եվ քանի որ նախագահն իր այցը Արաբկիրի համայնքում սկսել էր «Արմենալ» գործարանից եւ ուշանում էր, ժամն էլ ժամից անցնում էր, հավաքված բազմությունը պահելու համար հանրահավաքի կազմակերպիչները ճարպիկ հնարք գործադրեցինՙ մեջտեղ բերելով երգիչ-երգչուհիների մի խումբ (անունները չեմ հիշում), որոնք ոստոստուն շարժումներով փորձում էին նոր հետաքրքրություն առաջացնել հավաքվածների մեջ։ Մեկ-երկու երգ լսելուց հետո մարդկանց նյարդերը սկսեցին տեղի տալ։ Համերգի համար չէին հավաքվել (թեկուզՙ անվճար)։ Այսօրվա խնջույքներին տարածված երգերիՙ անջիգյար յարերի, նունե-մարիետաների, Գոհարի սեւ աչքերի մասին լսելու տրամադրություն չկար։

Ցուրտը չզգալու համար մարդկանց մեջ շրջելով, դրոշներն ու ցուցապաստառները շրջանցելով, մոտենում էի այս ու այն խմբինՙ շոշափելու նախըտրական տրամադրություններ։ Շատերը տարիքով մարդիկ էին։ Նրանցից մեկն ասաց, թե իբր ինքը «թամաշա անելու համար է եկել»։ Ես էլ հետեւում էի իրենց խոսակցությանը։ «50 դոլար ով տա, իրեն կընտրեմ»։ Մեկ ուրիշը թեՙ «Ես 30-ով էլ ձայնս կտամ»։ Ես էլ միջամտեցի. «Իսկ մի տասը օրից հետո, որ այդ 30 դոլարը վերջանա՞»։ Տարեց մարդը խեղճացած ժպտաց։ Առաջինը թեՙ «Աղջիկ ջան, 1000 դոլար էլ որ տանՙ խիղճս չեմ ծախի»։ «Ո՞ւմ եք ընտրելու, հայրիկ», հարցրի։ «Ստեփան Դեմիրճյանին»։ «Ինչո՞ւ, մեզ գրեթե ծանոթ չէ, նրա մասին ոչինչ չգիտենք»։ «Աղջիկ ջան, դու ջահել ես, չգիտես, բայց մենք նրա հորն ենք տեսել, նրա հետ ենք աշխատել, գիտենք ում որդին է։ Նրա հայրը էս քաղաքը, երկիրը կառուցեց, շենացրեց։ Ինքն իր հոր որդին է, մի մազ էլ էդ հորից ունենա, հերիք ա։ Ես դիլիջանցի եմ, գնացել եմ հարսներիս, տղաներիս ասել, որ էդ մարդուն ընտրեն»։

Այսպես մտածում են հատկապես այս տարիքի մարդկանցից ոմանք։ Հանրահավաքից հետո առիթ եղավ զրուցելու մի խումբ երիտասարդների հետ։ Այս օրերին ինչի մասին էլ խոսես, նախագահական ընտրություններն անշրջելի թեմաներ են։ 21-ամյա մի երիտասարդՙ համարձակ, ինքնավստահ (թերեւս նրա մեջ խոսում էր հայրեր-որդիներ բարդույթըՙ ինքնահաստատման փորձով) իր կարծիքը հայտնեց. «Զուգադիպեց այնպես, որ այսօր մի քանի արհեստավորական կրպակներ մտանք, բոլորի պատերին Ստեփան Դեմիրճյանի նկարն էր փակցված։ Տարիքով մարդիկ էին, եւ բոլորն էլ նրան էին ընտրելու։ Բայց ոչ թե իր համար, այլՙ հոր հետ կապված հիշողություններով։ Կարծում եքՙ ճի՞շտ է այս մտածողությունը։ Նրան նայումՙ հորն են տեսնում։ Բայց մի՞թե հայր ու որդի նույն անձերն են։ Ինքը հետեւում չունի կենսագրություն։ Որքան դա կարող է տեւել, եթե ինքը ոչինչ չանի, մարդիկ կտեսնեն դա։ Ի վերջո, ինքը Կարեն Դեմիրճյանը չէ»։

«Իսկ դու ո՞ւմ կընտրես», հարցնում եմ։ «Չգիտեմ, բայց կուզենայի իշխանափոխություն լիներ, թեկուզ նրա համար, որ որոշ նախարարների որդիներ իրենց չափը ճանաչեին, թեկուզ ուսանողական միջավայրում, չկանգնեն ու ասենՙ «Էս սարը մերն է, էս քաղաքը մերն է...»։ «Քոչարյանի չընտրվելն ի՞նչ կապ ունի սրա հետ»։ «Քոչարյանը որ չլինի, էս նախարարներն էլ չեն լինի ու իրենց էրեխեքն էլ էդպես չեն լկտիանա... Չնայած ուրիշները կգան ու էլի նույն բանը կլինի», ձեռքը թափ տվեց երիտասարդը։

Բազմակարծիք է ժողովուրդը, ու եթե կեցությունն է որոշողը, ուրեմն կյանքը կթելադրի իրենը, ու այսօրվա դժվարություններից ու անարդարություններից դժգոհների ստվար բանակն ինքը կանի իր ընտրությունը կամ կշարունակի ապրել դատապարտվածի կարգավիճակով։ Հիշեցի հանրահավաք-հանդիպմանն արտահայտված մի միտք, թե իշխանությունը մեր թեկնածուին պետք չէ վայելքի համար։ Ի՞նչ իմանաս, գայթակղություններից ո՞վ է զերծ։ Բայց ընտրյալը թող չմոռանա, որ անհաստատ է այս կյանքում ամեն բան։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4