Հատկապես նախագահական ընտրությունների ժամանակ հաճախակի ենք լսում մեր ազգի ներկայացուցիչների հասցեին ասվող ե՛ւ գովաբանական, ե՛ւ փնովանքի խոսքեր։ Տարաբնույթ որակումների է արժանանում նաեւ հայ ժողովուրդը, հատկապես որպես ՀՀ բնակչություն։
Օրերս պատահած մի միջադեպ հաճելիորեն զարմացրեց ինձ։ Պարզվում է, որ հայ ժողովուրդը ոչ միայն հումորի զգացումը չի կորցրել (ինչն ուղղակի փրկօղակ է քարոզչական այլատեսակ խոստումներին դիմանալու համար), այլեւ բավականին ներուժ ունի միաբան եւ համախմբված մոտենալու ցանկացած երեւույթի։
«Գոքո՛ր, փոխի՛ր երկրորդ», «Փոխի՛ր երրորդ», մեկումեջ առջեւի 2 հոգանոց նստատեղին նստած 3 ուղեւորներից մեկին դիմելովՙ ասում էր երթուղային տաքսու վարորդը։ Բանն այն էր, որ առջեւում 3 հոգու տեղափոխելուց հետո վարորդն ի վիճակի չէր ուղեւորներից մեկի ոտքերի արանքում հայտնված փոխանցման տուփի որեւէ գործողություն իրականացնել։
Մյուս կողմից էլ, վարորդն անընդհատ ախ ու վախ էր անում, թե մեքենան կոտրվում է, դետալները չե՜ն դիմանում ծանրությանը։ Հավանաբար մեքենան վարձակալությամբ չէր վերցված, այլ սեփական էր։
Ինչեւէ, ամենօրյա դարձած իրողություններն այդ երթուղային տաքսու մեջ գլխիվայր շուռ էին եկել։ Ուղեւորները չէին բողոքում, երբ լեփ-լեցուն մեքենա էին բարձրանում նոր ուղեւորներ։ Դեռ ավելինՙ արդեն երթուղային տաքսու մեջ հայտնված ուղեւորներն իրենք էին դիմում վարորդինՙ մեքենան կանգնեցնող ուղեւորներին վերցնելու համար։
Հետաքրքրականն այս ամենում այն էր, որ տարօրինակորեն զվարթ, ուրախ մթնոլորտ էր երթուղային տաքսու մեջ։ Միեւնույն ժամանակ ուղեւորները մի տեսակ միաբան էին ծագած խնդիրը հաղթահարելու հարցում։
Զարմացել ու տիրող մթնոլորտից վարակվել էի նաեւ ես, հասկանալով եւ համոզվելով, որ հայ ժողովրդին հաճախ գերագնահատող որակումներից հետո նիհիլիստական գնահատականներն ամենեւին էլ ճիշտ չեն։
Ցավում եմ, սակայն, որ միաբանության եւ փոխըմբռնման ունակությունն ի հայտ է գալիս միայն կենցաղային դժվարության ժամանակ։ Միեւնույն ժամանակ հուսով եմ, որ այդ միաբան լինելու հատկությունը կվերաբերի նաեւ քաղաքական կյանքին, երբ այնքան կարիք կա նման մոտեցման։
Ա. Հ.