ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Նորանկախ Հայաստանի հիմնադրումից ի վեր ընտրությունների քարոզարշավի ներկապնակն այսքան գունեղ չի եղել։ Ամեն օր ժամը 19-ին գովազդային տեսահոլովակներով բազմաչարչար ընտրողին է ներկայացվում իրական ու անիրական խոստումների, խելքից ու մտքից դուրս հավակնությունների անսքող ցուցադրություն։ Եվ պոտենցիալ ընտրողը, ում ուղղված է նշանառությունը, ում ձայնը դարձել է այդքան բաղձալի, գովազդային 40 րոպեները հաճախ իբրեւ զվարճանք է ընկալում։ Կատակերգություն, զավեշտ, որի հերոսներն ու հեղինակները կաշվից դուրս են գալիս շարքային ընտրողին իրենց հանկարծահաս սերն ապացուցելու համար։
Նույնիսկ պարզունակ, պատահական հարցումները վկայում են, որ ընտրազանգվածի մեծ մասը, մեղմ ասած, ոչ միայն քաղաքականացված չէ, այլեւ չի ճանաչում նախագահության հավակնորդներին։ Նա միայն մի բանում հաստատ համոզված էՙ սոցիալական վիճակը վատ է, եւ այսպես ապրելն արդենՙ անտանելի։ Սուտ առաքյալները հենց այդ խաղաթուղթն էլ օգտագործում են։ Յուրաքանչյուրը փորձում է հավատացնել, որ ինքն է այն փրկիչը, որի հայտնությանը կարոտ է ժողովուրդը։ «Ես պուպուշ, մնացածներըՙ փիս», ակնհայտորեն այսպիսին են տեսահոլովակների բովանդակությունն ու ենթատեքստը։
Իհարկե, թեկնածուներից ոչ ոք համոզված չէ, որ հենց ինքն է լինելու հասարակության ընտրյալը։ Առավել եւս նրանք, ում անունները ճանաչ են դարձել միայն քարոզարշավի շնորհիվ։ Պատկառելի գումարներ, ժամանակ ու նյարդեր ծախսելով, մի մասն, անկասկած, հեռահար մղումներով է ղեկավարվում։ Նկատվել, որ իրենք էլ կան, որ ոչ հեռավոր խորհրդարանական ընտրություններում կարողանան օգտագործել նախագահի թեկնածու լինելու վարկանիշային խաղաթուղթը։ Սրանք համեմատաբար համեստ հավակնություններով էպիզոդիկ դերակատարներ են։ Գլխավոր հերոս դառնալու հայտ ներկայացնում են միանգամից մի քանիսը։ Նրանց մարտավարությունն առավել ուշագրավ է։ Արտաշես Գեղամյանի տեսահոլովակը դիտելիս փափկասիրտ մարդկանց սիրտը հաստատ մղկտում է։ Միմյանց հերթագայող ողբերգական պատկերներՙ երկրաշարժ, ճգնաժամ, ցախ հավաքող կանայք։ Կադրերին ուղեկից ընտրվել է հենց այն երաժշտությունը, որ հանրահայտ «Գլադիատոր» ֆիլմում ռեժիսորն օգտագործել է հերոսի տառապանքներն առավել ընդգծելու ու զգացական դարձնելու համար։ Մյուս թեկնածուներից ոչնչով հետ չմնալու համար տեսաշարի ամեն դետալ մանրամասն հաշվարկվել էՙ Գեղամյանն իբրեւ մարզիկ, իբրեւ հավատավոր քրիստոնյա, օրինավոր ընտանիքի հայր։ Գովազդային սցենարը բավական խայտաճամուկ էՙ թեկնածուի արժանիքները, ապրած ու չապրած փորձությունները հաստատելու համար վկայաբերվում է նույնիսկ հանրահայտ երգիչ Վիսոցկու հետ սրտաճմլիկ զրույցի պատմությունը։
Ինչպես Ա. Գեղամյանի, այնպես էլ մյուսների պարագայում, լայնորեն կիրառվում է հակառակորդին ոչնչացնելու ճանապարհով սեփական անձն արժեւորելու մարտավարությունը։ Եթե դա, իհարկե, պայքարի ուղի կարելի է համարել։ Մյուս թեկնածուներին անվայել արտահայտություններով սեւացնելը, կտցահարելն ու խոյահարելը գործելակերպ են դարձել։
Հակառակ Ա. Գեղամյանի, Ստեփան Դեմիրճյանի տեսահոլովակներում թեւածում են տոնական տրամադրությունը, համբույրն ու ժպիտները, նաեւ աղ ու հաց, մորթվող ոչխարներ, դհոլ-զուռնա, հիացմունքից փայլող աչքերով գյուղացիներ, որոնք, ինչպես այս, այնպես էլ մյուս դեպքերում ընտրաձայների հմուտ նշանառուների գլխավոր որսն են։ Շատ անգամ հենց նրանց բերանով էլ կազմակերպվում է այս կամ այն թեկնածուի գովքը, ում այդ մարդիկ երեւի կյանքում առաջին անգամ են տեսնում եւ պարզապես ջերմացել են կուսակցական ընտրյալի մերձավորությունից։
Հետաքրքիր տակտիկա են ընտրել, իրենց իսկ բնորոշմամբ, ավագ եւ միջին սերնդի թեկնածուները, ինչպես Հայկոմկուսի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը։ Սրանց կարիերայի փառապանծ էջերն անցյալում են, եւ այդտեղից է սկիզբ առնում գովերգը։ Հընթացս ներկայացվում են կործանվող Հայաստանի մռայլ գույներըՙ սոցիալ-տնտեսական հրեշավոր փոխակերպումների, պարտքերի ու վաճառված օբյեկտների համապատկերում։ Նախագահության թեկնածուներն անխնա դատափետում են նախորդ ու ներկա ռեֆորմատորներին, բայց թե ի՞նչ են անելու նոր առաքյալներն ակնկալվող 5 տարիների ընթացքում, ի՞նչ ծրագիր են իրականացնելու աղետյալ Հայաստանը «էս վիճակից հանելու համար»ՙ հայտնի չէ։ Ի դեպ, ուշագրավ են նաեւ հին սերնդի թեկնածուների գովազդային բառաֆոնդն ու տեքստերի արխայիկ ոգինՙ պատկերը դառն է. Հայաստանը շավղից դուրս է շպրտված, երկիրը գտնվում է աղետի եզրին, հայրենիքի փրկության գործը եւ այլն, եւ այլն։
Սցենարների տրամաբանությունը զարգանում է իբրեւ տեսաշարի կարեւոր բաղադրատարր անպայման օգտագործելով նաեւ վազող ու ժպտացող երեխաների, խանդավառ տատիկների ու պապիկների, որոնց հետ անպայման համբուրվում են թեկնածուները։
Գովազդային խճանկարում փորձում է որոշիչ դառնալ մի գործոն եւսՙ քաղաքական իմիջի ժառանգականության գաղափարը։ Ստեփանը Կարեն Դեմիրճյանի որդին է, Արամըՙ Վազգեն Սարգսյանի եղբայրը։ Եվ այդպիսի ընտանիքներում ծնված ու դաստիարակված մարդիկ հաստատ ոչ հայանպաստ ոչինչ չեն անի։
Ասելիքի բացակայությունը թեկնածուներից շատերին ստիպում է կրկին շրջանառել քաղաքական դաշտում բազմիցս շահարկված խաղաթղթերՙ ազատամարտիկների սոցիալական վիճակ, Արցախի հարց, պատերազմի ուրվական, խորհրդավոր ակնարկներ գաղտնի բանակցությունների վերաբերյալ։ Դրանց ազդեցության վերջնարդյունքը սարսափի ու հուսալքության տրամադրությունների ամրացումն է քաղաքական ընտրախավի ուշադրության կենտրոնում հայտնված մարդկանց հոգում։ «Ամեն ինչ կեղծիք է, քաղաքական ու տնտեսական դաշտում գործող բոլոր ծրագրերը կեղծիք են», հնչում են նաեւ ահա այս բնույթի աղաղակներ, հնչում է նույնիսկ հոխորտանք։ Հերիք է, կգա ժամանակ, որ մենք կբացահայտենք հոկտեմբերի 27-ը եւ մեղավորներին ոչ միայն քաղաքական պատասխանատվության կենթարկենք»։ Սա էլ Արամ Կարապետյանն է։ Նպատակը բարի է, բայց սպառնալիքի տոնը սարսուռ է ծնում։
Քարոզարշավը թանձրացնում է ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտը։ Եվ երբ, ի վերջո, ավարտվի այն ու հայտնի դառնա առաջինը եզրագիծ հասած թեկնածուն, նոր վթարներից էլ ավելի խորդուբորդ դարձած քաղաքական դաշտում ինչպե՞ս է գոյատեւելու կուսակցական ամբոխը։ Քարոզարշավի ավարտն այս անգամ, հավանաբար, ոչ թե կրքերին խաղաղություն, այլ նոր փոխակերպումների սկիզբ է ազդարարելու։