ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Նախագահի թեկնածու, գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա նախընտրական հանդիպումներն Էրեբունի եւ Աջափնյակ համայնքներում էին։ Երկու հանդիպման ժամանակ էլ հանրապետության նախագահին ուղեկցում էին նրան սատարող քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ Էրեբունիում, մինչ թեկնածուի ելույթն ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի, խոսք ասացին ՀՅԴ ներկայացուցիչ Ալվարդ Պետրոսյանը, հանրապետական Գալուստ Սահակյանը, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը։ Ալվարդ Պետրոսյանի խոսքով, իր պաշտպանած թեկնածուն ինքն է կայացել քաղաքական դաշտումՙ չհայտնվելով հարազատների ստվերի ներքո։ Դաշնակցության ներկայացուցիչը նշում է, որ բացի երկրի նախագահից մենք ընտրում ենք նաեւ գերագույն հրամանատար, ուստի փխրուն խաղաղության պայմաններում հարցն առավել կարեւորություն ունի։ Մի բան էլՙ Ալվարդ Պետրոսյանը նախորդ նախագահական ընտրություններին եւս Քոչարյանին է պաշտպանել, նույն արժանապատվությամբ հիմա է պաշտպանում։
Ռոբերտ Քոչարյանը ցավով նշեց, որ այսպիսի հանդիպումներին իրեն ուղղված նամակներն ավելի շատ նյութական օժանդակության խնդրանքով են։ Սա փաստում է երկրում առկա գործազրկության բարձր տոկոս, եւ Քոչարյանը խոստացավ հանրահավաքի մասնակիցներին, որ աշխատատեղերի ստեղծման ու տնտեսության վերականգնման սկսված գործընթացն առաջիկայում եւս շարունակվելու է նույն թափով։
Նախագահի թեկնածուի խոսքովՙ մեծ ուշադրություն հատկացվում եւ հատկացվելու է մայրաքաղաքի զարգացմանը, Երեւանն իսկապես մայրաքաղաքի տեսք պետք է ստանա։ Սա եւս նշանակում է լրացուցիչ աշխատատեղեր։ Նախագահն անդրադարձավ նաեւ աղետի գոտուն, փաստելով, որ այստեղ բնակարանային խնդիրն իր վերջնական լուծումը կստանա, հաջորդ քայլն աշխատատեղերի ստեղծումն է։
Հանրապետության նախագահին ուղղված հարցերը բազմաթիվ էին։ Հանրահավաքի մասնակիցներն ուզում էին իմանալՙ ե՞րբ կկարգավորվի համայնքի ջրամատակարարումը, կբարձրացվե՞ն արդյոք կենսաթոշակներն այս տարի, ի՞նչ պետք է անել արտագաղթը կանգնեցնելու համար։ Էրեբունի համայնքում եւս, ինչպես ամբողջ քաղաքում, առաջիկա տարիներին շուրջօրյա ջրամատակարարում կլինի, կենսաթոշակների բարձրացումը սկսվել է եւ շարունակություն կստանա. սա եւս նախընտրական ծրագրի դրույթներից է։ Ինչ վերաբերում է արտագաղթը կանգնեցնելուն, միայն սկսած շինարարության ծավալները փաստում են, որ մարդիկ աշխատանք ունենալու դեպքում վերադառնում են։ Բազմաթիվ շինարարներ արդեն վերադարձել են արտերկրից, «Կանազ» գործարանի մասնագետներից էլ մի մասն արդեն վերադարձել է։ Ընդհանրապես միգրացիայի ցուցանիշներն անցյալ տարի արդեն վկայել են արտագաղթի նվազում։
Աջափնյակում Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը «Կարեն Դեմիրճյան» մշակութային կենտրոնի տարածքում էր։ Դարձյալ ելույթ ունեցան նրան պաշտպանող քաղաքական ներկայացուցիչները։
Գործող նախագահին իր աջակցության խոսքն ասաց նաեւ ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը։ Նա անդրադարձավ գործող նախագահիՙ Հայաստանն առաջիկայում տարածաշրջանի ամենակազմակերպված երկիր ունենալու խոստմանը եւ համոզմունք հայտնեց, որ դա եւս հերթական հաղթանակ է դառնալուՙ «Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործիչը պարտվել չգիտի»։ Սա են վկայում նրա անցած ճանապարհը եւ այն խոստումները, որ արդեն իրականություն են դարձել։
Քոչարյանն էլ անդրադարձավ Հայաստանը տարածաշրջանում ամենակազմակերպված պետություն դարձնելու գաղափարին եւ նշեց դրա իրագործման բաղադրիչներըՙ արդյունավետ աշխատող պետական համակարգ, մրցունակ արդյունաբերություն, արդար հարկային քաղաքականություն, մարտունակ բանակ, արդար ընտրական համակարգ։
Ռոբերտ Քոչարյանին ուղղված հարցերը տարբեր էինՙ համայնքին վերաբերող խնդիրներից մինչեւ անձնականըՙ թե նախագահին վերաբերող եւ թե իրենց խնդիրները բարձրացնող։
Համայնքի վթարային շենքերին վերաբերող հարցին երկրի ղեկավարը պատասխանեց, որ այս տարի արդեն Աջափնյակի վթարային շենքերից 15-ը կամրացվեն, եւ այս տեմպերը կպահպանվեն։ Մեկ խնդրանք էլ եղավ Ռոբերտ Քոչարյանին։ Դասղեկը դիմում էր նրանՙ իր դասարանին Արցախ էքսկուրսիա կազմակերպելու խնդրանքով։
Հանրահավաքի մասնակիցների բոլոր դիմումներին անդրադառնալ, բնականաբար, հնարավոր չէր, ուստի երկրի ղեկավարը խոստացավ առաջիկա օրերին գրավոր պատասխաններ ուղարկել հեղինակներինՙ հետամուտ լինելով բարձրացված հարցերի լուծմանը։
Հ. Գ. Երկու համայնքներում էլ նախագահին դիմավորում էին խանդավառությամբ, ծափողջույններով եւ երգ ու երաժշտությամբ։ Սակայն եթե Էրեբունի համայնքում հնչող երգը «Էրեբունի-Երեւանն» էր, Աջափնյակում երաժշտության ընտրությանն այդքան էլ ուշադիր չեն եղել եւ թեկուզ պատահական, բայց գործող նախագահի վերընտրվելու ջատագովները միացրել էին հանրահայտ «Scorpions» խմբի «Winds of change» («Փոփոխությունների քամիներ») երգը։