Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան այցի արձագանքներ ռուսական մամուլում
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռ ոտք չէր դրել մոսկովյան հողը, սակայն Բերեզովսկու «Նեզավիսիմայա գազետան» նախօրյակին հասցրեց թափել հակահայկական թույնի հերթական քանակությունը։ Հակիրճ «ողջունելով» նրա պաշտոնական այցը, թերթը նորից հանգամանորեն «պեղել» էր Հայաստանի որոշ օբյեկտներ պարտքի դիմաց Ռուսաստանին հանձնելու գործարքըՙ որերորդ անգամ դա համարելով ոչ շահավետ Մոսկվայի համար։ Չարակամ նյութ էր հրապարակել նաեւ «Իզվեստիան», որ նույնպես բնական է. թերթը վերահսկում է «ԼՈՒԿօյլ» նավթային կոնցեռնը, որի ղեկավարն է ադրբեջանածին Վագիթ Ալեքպերովը։ Բառացիորեն մի պարբերությամբ արձանագրելով այցի փաստը, «Իզվեստիան» նենգորեն ծանրացել է Կուբանում հայերի անցանկալիության խնդրի վրա։ Տարածաշրջանում քաղաքներ կան, գրում է թերթը, որտեղ ամեն հինգերորդ բնակիչը հայ է, իսկ բնակավայրեր էլ կան, որտեղ գրեթե հարյուր տոկոսով հայեր են ապրում։ Կեղծավորություն կլիներ պնդել, թե հայերի եւ բնիկ կազակների հարաբերությունները բարյացակամ են։ Այնուհետեւ թերթը վերհիշում է նահանգապետ Տկաչովի հակահայկական տրամադրվածությունը, ճիշտ է, նաեւ տառապանքով նկատելով, որ Վլ. Պուտինի ջանքերով նա ստիպված էր «բարիշել» Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ, հարկադրված այցելել Հայաստան եւ այլն։
Բայց ընդհանուր առմամբ ռուսաստանյան մամուլը բարյացակամ, որոշ դեպքերում նույնիսկ շատ բարյացակամ մեկնաբանեց հայոց նախագահի այցը։ Մեծ մասամբ գերիշխում էր պրագմատիկ մոտեցումը։ Բանն այն է, որ հայ-ռուսական հարաբերությունների փոխօգտակարությունն այնքան ակնհայտ է, որ դրանց դեմ առարկելը դառնում է անհեթեթ, եւ հակառակ պարագայում խոսակցությունները վերածվում են էժանագին բամբասանքների, ինչպես վերոհիշյալ նյութերում։ Այնպես որ, լրագրական արձագանքների առումով Քոչարյանի այցը կարելի է համարել գերհաջող։ Գրեթե չէին հոլովվում եղբայրական բարեկամության, փոխադարձ սիրո եւ հարգանքի, հավերժական համերաշխության եւ մեզ քաջ հայտնի համանման այլ հորջորջումներ։ Իսկ եթե նման զեղումներ հանդիպում էլ էին, ապա դրանց հեղինակները, երեւի գլխի եք ընկնում... հայեր էին։
Հետաքրքրական է, որ մամուլն առանձնապես չէր խորանում ստորագրված փաստաթղթերի էության մեջ, ավելի շատ շեշտ դրվում էր միջոցառումների ընդհանուր քաղաքական, նկարագրական կողմի վրա։ Եվ եթե հոդվածը վերնագրվում է, ասենք, այսպեսՙ «Վլ. Պուտինի եւ Ռ. Քոչարյանի հանդիպումն անցավ ջերմ, բարեկամական մթնոլորտում», ապա նյութի մեջ դա «ապացուցվում է» որպես իրողություն, եւ ոչ թե տուրք է տրվում շաբլոն բնութագրմանը։
Անշուշտ, բոլոր թերթերն այցն անխտիր կապում էին Հայաստանի նախագահական ընտրությունների հետ, թեեւ ոչ ոք դրա համար Քոչարյանին չէր դատապարտում։ Ի վերջո, ում հայտնի չէ այն դերը, որ Ռուսաստանը խաղում է հետխորհրդային պետությունների ղեկավարների ընտրություններում։ Թերթերից մեկը նույնիսկ մեծ հպարտությամբ էր արձանագրել այս հանգամանքը, հատուկ նշելով, որ Մոսկվայի գործոնը փաստորեն առանցքային է ԱՊՀ երկրներում անցկացվող բոլոր ընտրություններում։
Եվս մի սուբյեկտիվ դիտարկում։ Նախագահ Քոչարյանի մոսկովյան այցի անտարակուսելի հաջողությունը որոշ լրագրողների նույնիսկ հակել էր դեպի... հումորը։ Բանակցություններն ավարտվեցին այնպիսի սիրո ու համաձայնության մթնոլորտում, մասնակիցների դեմքերն այնպիսի լույս ու ջերմություն էին ճառագում, որ նրանց նայելը պարզապես դառնում էր թախծալի, զեղել էր թերթերից մեկը։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Իվանովը ժպտում էր ոչ միայն ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիրը ստորագրելիս, այլեւ դրանից առաջ, եւ որ ամենակարեւորն էՙ երկար ժամանակ դրանից հետո։ Դժվար է հիշել ուրիշ մի բանակցություն, որից հետո այնքան տենչաս ապրել, նույն ոճով շարունակում է թերթն ու միաժամանակ սրամտումՙ նման մթնոլորտ է իշխում նաեւ Ադրբեջանի հետ Ռուսաստանի բանակցություններում...
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա