Մենք արդեն առիթ ենք ունեցել հայտարարելու, որ «Արցախ-Հայաստան» հասարակական քաղաքական կազմակերպության դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած արտահերթ 4-րդ համագումարն առաջիկա նախագահական ընտրություններում միահամուռ պաշտպանում է գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը։
Ինչո՞ւ ենք պաշտպանում գործող նախագահի թեկնածությունը, անկասկած դրա համար մենք ունենք անհերքելի փաստեր, որոնք հնարավոր չէ չտեսնել, չգնահատել։
Ռոբերտ Քոչարյանը ղարաբաղյան ազատագրական պատերազմում հաղթանակած ղեկավար է, անցել է քաղաքական, տնտեսական ղեկավար աշխատանքի ճանապարհ, մինչեւ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելը բավական ժամանակ վարել է հանրապետության վարչապետի պաշտոնը։ Վերջինս նրան հնարավորություն է տվել հանգամանորեն յուրացնելու մեր ծանր վիճակում գտնվող տնտեսության նրբությունները, որոշելու դրանցից դուրս գալու ուղիները։
Նախագահի պաշտոնը 1998 թ. ստանձնելուց հետո, բնականաբար, Ռոբերտ Քոչարյանի ունակությունները, գործնական քայլերը հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականության բնագավառներում ավելի ցայտուն արտահայտվեցին։
Այդ կարճ ժամանակաշրջանում հիրավի առաջընթացի խոշոր քայլեր են կատարվել, որոնք հնարավոր չէ չնկատել, եւ ովքեր չեն նկատում, պարզապես չեն ուզում նկատել։ Երբեք էլ մենք չենք ժխտում, որ դեռեւս թերություններ, անելիքներ շատ կան։ Բայց օբյեկտիվությունը պահանջում է ճշմարտությանը նայել ուղիղ, իսկ ճշմարտության եւ գիտության թեւերը փաստերն են։ Բերենք դրանցից մի քանիսը։
Համախառն ներքին արդյունքի աճը 2002 թ. վերջին հասել է 12,91 տոկոսի։ Սա մի ցուցանիշ է որի դիմաց աչք փակել հնարավոր չէ։ Մեզ համար կարեւոր է, որ առավել արագորեն աճում է արդյունաբերության արտադրանքը։
Յուրաքանչյուր երկրի զարգացման տեմպը բնութագրող առավել կարեւոր ցուցանիշներից մեկը նրա արտահանած ծավալների շարժն է։
Ինչպես հայտնի է, 1990-ական թթ. սկզբներից հանրապետության տնտեսության կազմալուծման հետեւանքով արտաքին առեւտրաշրջանառության հաշվեկշիռը խիստ պասիվացել է, առաջացել է մեծ ճեղքվածք ներմուծման եւ արտահանման միջեւ։ Վերջին տարիներին, այսինքնՙ 1998 թ.-ից հետո արտահանումն անշեղորեն մեծանում է, որը բնականաբար պայմանավորված է արտադրության աճով։
Մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի հանրապետության երբեմնի հզոր արդյունաբերության վերակենդանացումն ու զարգացումը։
Այս բնագավառում հիրավի իրականացվել եւ իրականացվում են գործնական կարեւոր քայլեր։ Այդ բնագավառում կարեւոր դեր են խաղում ոչ միայն ներքին ռեսուրսների օգտագործումը, մասնավոր ձեռներեցների գործնական քայլերը, այլեւ այն հանգամանքը, որ արտասահմանյան ավելի քան 10 երկրներ այստեղ կատարում են ուղղակի ներդրումներ։
Վերջին տարիներին վերագործարկվել են հանրապետության արդյունաբերության այնպիսի հսկա ձեռնարկություններ, ինչպիսիք են Երեւանի էլեկտրալամպերի, «Ալմաստ», «Արմենմոտոր», Գյումրու մանվածքային, քարամշակման մեքենաների, Վանաձորի «Ավտոգենմաշ», Դիլիջանի «Իմպուլս», Ախթալայի լեռնահարստացուցիչ, Ագարակի պղնձամոլիբդենային, Կապանի հարստացուցիչ, Աբովյանի քարամշակման, «Հայապակի» եւ շատ այլ ձեռնակություններ։
Վերելք է ապրում մեր գյուղատնտեսությունը։ Այս տարի հանրապետությունում հացահատիկի արտադրությունը կազմել է ավելի քան 410 հազար տոննա, որը ռեկորդային է բոլոր տարիների համար։ Հանրապետությունը կարտոֆիլ սպառողից դարձել է արտահանող։ Հնարավոր չէ չնկատել, որ մեր գյուղատնտեսությունն արդեն լրիվ ապահովում է ձվի պահանջը, հիմնականում լուծվում է հավի մսի, տավարի մսի հիմնահարցը։
Վերջին տարիներին վերագործարկվել են Արմավիրի, Արզնու, Լուսակերտի թռչնաֆաբրիկաները։
Չենք կարող աչք փակել շինարարական ինդուստրիայի ու շինարարության բնագավառում իրականացվող աշխատանքներին։
Այդ առումով առավել գնահատելին աղետի գոտու վերակենդանացումն է։ Ռ. Քոչարյանը խոստացել էր վերացնել «աղետի գոտի» հասկացությունը, եւ այն հիրավի իրականացվում է։ Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում վերջին տարիներին շահագործման են հանձնվել բնակելի բազմաթիվ թաղամասեր, դպրոցներ, փողոցներ։ Փաստորեն, այժմ արդեն «աղետի գոտին» դառնում է «զարգացման գոտի»։
Անճանաչելիորեն փոխվում է Երեւան քաղաքը, հիմնովին վերանորոգվում են փողոցները, վերանորոգվում են մշակույթի կենտրոնները, թանգարանները։ Վերանորոգվում են հանրապետության ավտոմայրուղիները։ Շուտով կավարտվի Սեւան-Դիլիջան ավտոմայրուղու թունելային հատվածի կառուցումը, որը ոչ միայն կկրճատի ճանապարհը, այլեւ ամբողջ տարվա ընթացքում այն կլինի բանուկ։
Կենսական կարեւոր նշանակություն կունենա Որոտան-Կեչուտ ջրատար թունելի ավարտումը մոտակա ժամանակներում, որով Սեւանը լրացուցիչ կստանա 165 մլն խմ ջուր։
Անկասկած, հնարավոր չէ տնտեսության մեջ վերջին տարիներին Ռ. Քոչարյանի եւ նրա կառավարության ղեկավարությամբ իրականացվող բոլոր միջոցառումները թվարկել, վերլուծել։
Սակայն չենք կարող չնշել նաեւ մեր իշխանությունների արտաքին նուրբ, արդյունավետ քաղաքականությունը։
Հայ ժողովրդի համար անգնահատելի է այն հանգամանքը, որ առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից բարձրացրեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը։ Նրա վարած արտաքին քաղաքականության արդյունք է, որ աշխարհի ամենահզոր երկրներից մեկըՙ Ֆրանսիան, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, որ Արգենտինան եւ այլ երկրներ նույնպես ճանաչեցին։
Չենք կարող չնշել նաեւ այն հանգամանքը, որ Ռ. Քոչարյանը, նրա կողմից ղեկավարվող արտաքին գերատեսչությունը բավականին նուրբ քաղաքականություն են վարում ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ լուծման, անկախություն հռչակած ԼՂՀ-ի սոցիալ-տնտեսական, պաշտպանական հզորացման բնագավառներում։
Անկասկած մենք ունենք դեռեւս չլուծված բազմաթիվ հիմնահարցեր աշխատավարձերի բարձրացման, կոռուպցիայի դեմ պայքարի, կադրային քաղաքականության եւ այլ բնագավառներում։
Սակայն վերը ոչ լրիվ թվարկված փաստերը հիմք են տալիս մեզ համոզվելու, որ ներքին ու արտաքին քաղաքականության բնագավառներում Ռ. Քոչարյանի ձեռնարկած միջոցառումների, նրա նպատակասլաց, հավասարակշռված, համբերատար աշխատանքի շնորհիվ հանրապետության տնտեսությունը նոր խոշոր նվաճումների կհասնի, կլուծվեն նաեւ մյուս հիմնախնդիրները, կամրապնդվեն Հայաստանի Հանրապետության դիրքերը համաշխարհային համակարգում։
Ահա թե ինչու է «Արցախ-Հայաստան» հասարակական-քաղաքական կազմակերպությունը պաշտպանում Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը։
ՍԵՐԳԵՅ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ, «Արցախ-Հայաստան» հասարակական-քաղաքական կազմակերպության վարչության նախագահ, աշխ. գիտ. դոկտ., պրոֆեսոր