Հայաստանում նախագահական ընտրարշավը թեւակոխել է վճռական փուլ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գրանցած նախագահի 11 թեկնածուները, սահմանված գրաֆիկի համաձայն, իրենց շտաբների աշխատողների, վստահված անձանց հետ հանդես են գալիս հեռուստատեսությամբ, լինում հանրապետության մարզերում, համայնքներում, գյուղերում, հանդիպում աշխատավորների հետ, ծանոթացնում իրենց կենսագրություններին, պատմում իրենց ծրագրերի, խնդիրների, կատարելիք աշխատանքների մասին։
Որպես քաղաքացի գտնում եմ, որ յուրաքանչյուր թեկնածու եւ նրա կողմնակիցներից ելույթ ունեցողներն իրենց խոսքի մեջ պետք է լինեն զուսպ, կուսակցությունների, մյուս թեկնածուների կամ իշխանությունների ներկայացուցիչների վերաբերյալ ավելորդ ենթադրություններ, անվայել արտահայտություններ, վիրավորանքներ, տհաճ խոսքեր չպետք է թույլ տան, ժողովրդին ավելորդ անգամ չգրգռեն, իրենց միջից հանեն նրանց նկատմամբ ունեցած անբարյացակամ վերաբերմունքը, ավելորդ անգամ չարություն չսերմանեն, հաստատ իմանալով, որ կգցեն իրենց վարկանիշը։ Նրանք պետք է կարողանան իրենց համոզիչ խոսքով մարդկանց մեջ առաջացնել հավատ ու վստահություն։
Վերջին 13 տարիներին մեր ժողովուրդը քաղաքականապես շատ աճեց, զարգացավ, սկսեց ամեն ինչ շատ ավելի լավ հասկանալ։ Ուրեմն պետք է ժողովրդին հանգիստ վիճակում պահել, որ նա կարողանա ճիշտ ըմբռնել, ճիշտ հասկանալ թեկնածուներից յուրաքանչյուրի խոսքը, նրանց ծրագրերը, որպեսզի հնարավորություն ունենա կարծիք կազմել ու ճիշտ կողմնորոշվել, թե ում տա իր ձայնը, որ հետո չզղջա։
Բոլոր թեկնածուներն ասում են, որ «բոլորի նպատակն է փրկել երկիրը, ապահովել երկրի կայունությունը»։ Ճիշտ է, բոլորիս ցանկությունն էլ այդ է։ Բայց այդ ամենը պետք է արվի եւ ցույց տրվի գործով։ Ուստի անհրաժեշտ է, որ աշխատեն բոլորը, որ մարդկանց միջից վերանա չարությունը, որպեսզի վերականգնենք կորցրած վստահությունն ու հավատը, ապահովենք ժողովրդի միասնությունը, կազմակերպվածությունը։
Մեր թեկնածուները մրցարշավի մեջ են, եւ յուրաքանչյուրը համոզված է, որ ինքը կամ իր կուսակցությունը կհաղթի։ Թող մտածեն։ Դա իրենց գործն է։
Ժողովուրդն ում կընտրի, թող ընտրի, իր ցանկությամբ, իր սրտի թելադրանքով։
Ով ընտրվեց, նա էլ կլինի մեր հանրապետության նախագահը։
ՎԱՐԴՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Աշխատանքի վետերան