Ճշմարտության ու ինքնության ինչ արտառոց բացահայտումներ ասես չեն անում նախընտրական քարոզչության մասնակիցները։
Մասնավորապես, հանրապետության նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի նախընտրական շտաբն անընդհատ մամուլին է տրամադրում տարաբնույթ տեղեկատվություն։ Բնականաբար, որեւէ մեկին «հարմար եկած» տեղեկությունները հայտնվում են մամուլումՙ այդ կերպ մատչելի դառնալով մեծ լսարանի կամ ընթերցարանի համար։ Հասկանալի է, որ մատչելիությանը զուգընթաց մեծանում է նաեւ ցանկացած տեղեկության տարածումից ակնկալվող ազդեցության շրջանակը։
Համաձայն հիշյալ շտաբի տեղեկությունների, «Օրինաց երկիր» կուսակցության որոշ ներկայացուցիչներ պարզապես խուլիգաններ են, որոնք զբաղված են Արտաշես Գեղամյանի գովազդային պաստառները պոկելով կամ պատռելով։ «Խախտումներին» մասնակցության իրենց բաժինն, ըստ Գեղամյանի շտաբի, ունի նաեւ ՀՅԴաշնակցությունը։
Տարածվող տեղեկություններում իրենց հատուկ ու արդեն հաստատված տեղն ունեն ընտրացուցակների հետ կապված երեւույթները։ Բայց այս դեպքում, թե հատկապես ինչու են ընտրացուցակային անճշտությունները Գեղամյանի դեմ, ընկալելի չէ։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ այդ ցուցակները քվեարկության օրվանից բավականին առաջ փակցվում են հենց ճշտվելու նպատակով։ Եվ եթե իսկապես հիշատակված անճշտությունները տեղ ունեն իրականության մեջ, ապա տվյալ տեղամասի ընտրացուցակները կազմած համայնքի ղեկավարին պետք է դիմելՙ համապատասխան ուղղումներ կատարելու համար։
Տպավորությունը տարածվող հայտարարություններից, ընդհանուր առմամբ, այնպիսին է, կարծես ողջ հանրապետությունը հակագեղամյանական շարժում է սկսել։ Հասկանալի է, որ թեկնածու Արտաշես Գեղամյանը կարեւորվում է, բայց երբ կարեւորության չափանիշներն այսքան յուրօրինակ են եւ, իրենց իսկ պատկերացմամբ, մասշտաբային, ապա քիչ է մնում Գեղամյանի փրկարարության հավատալուն։
Մյուս կողմից, Արտաշես Գեղամյանի նախընտրական շտաբի տարածած նյութերում բավականին շատ են այնպիսիք, որոնք (ենթադրվում է) սովորական ընտրողի կարծիք են ներկայացնում, իհարկե, անհասցե։ Մասնավորապես, «Երեւանաբնակ Էդիկ Ոսկանյանը գրում է...»։ Նման սկիզբ ունեցող նյութերում ներկայացվում են մտքեր, որոնք հետաքրքրական, թույլ տվեք ասել, Արշատես Գեղամյանի կողմից մատուցվող վիճակագրական տվյալներ են պարունակում։ Եվ այդ թվերով «խոսում» է երեւանաբնակ Էդիկ Ոսկանյանը։
Յուրահատուկ տվյալներ էլ բերվում են հանրապետության այս կամ այն մարզի գյուղերից, որտեղ ընտրակաշառքի դեպքեր են եղել։ Եթե եղել են, ապա պետք է պատասխանատվության հարց բարձրացնել։
Ինչեւէ, այս կարգի տեղեկությունները հաստատապես ինչ-որ էֆեկտի համար են, սակայն կասկածի տեղիք չի տալիս այն հանգամանքը, որ այս կերպ Արտաշես Գեղամյան թեկնածուն առավել չի կարեւորվում, քան է։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ