Ըստ սոցիալական հոգեբանիՙ կընտրվի Ռոբերտ Քոչարյանը, բայց արտահերթ ընտրությունների հեռանկարով
Արդեն մեկ շաբաթ է, ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցող տասնմեկ թեկնածուներն սկսել են նախընտրական վերջինՙ ամենահետաքրքրական փուլըՙ անմիջական աշխատանքը հասարակության հետ։
Ինչպե՞ս են մեկնարկել նախագահական պաշտոնի հավակնորդներն իրենց քարոզարշավները, ինչպե՞ս են այս փուլում դրսեւորում իրենց զանգվածային լրատվության միջոցները, արդյունքների վերաբերյալ ի՞նչ կանխատեսումներ են արվում այս պահին։ Այս հարցերի շուրջ փորձագիտական հայացք ներկայացնելու համար «Ազգը» զրուցեց սոցիալական հոգեբան Սամվել Ճշմարիտյանի հետ։
«Քաղաքական, հոգեբանական, սոցիալական որեւէ սկզբունքային տարբերություն աշխարհում արվող քարոզարշավներից չեմ տեսնում։ Իհարկե, տարբեր երկրներ տարբեր կերպ են հասկանում ժողովրդավարությունը։ Բայց այն առաջին հերթին նշանակում է ընտրության հնարավորություն, որը տրված է մեր բնակչությանը»։
Սակայն եթե թեկնածուները հիմնականում գործում են օրենքով սահմանված պարտավորությունների եւ իրավունքների շրջանակում, ըստ գիտնականի, հաճախ բոլորովին այլ վարք են դրսեւորում իրենցՙ այդ թեկնածուների շրջապատն անվանող մարդիկ, ուժերը։
«Դրանք հոգեւոր ահաբեկիչներ են, որոնք կեղծարարությամբ, օգտագործելով թեկնածուի անունը, կարող են վախի մթնոլորտ ստեղծել եւ ազդել փոքր շրջանակների վրաՙ մի շենք, թաղամաս, գյուղ եւ այլն»։
Այնպես որ, Ս. Ճշմարիտյանի համոզմամբ, չնայած դա որեւէ թեկնածուի նախընտրական պայքարի միջոցների մեջ չի մտնում, այնուամենայնիվ, մեզանում կան ուժեր, եւ այդ ուժերի ձեռքերն ազատ են, որոնք կարող են «անհատական կամ խմբակային վնաս հասցնելՙ մարդկանց վախից դրդված գործողությունների մղել»։ Նախընտրական գործընթացներին, սոցիալական հոգեբանի կարծիքով, արջի ծառայություն են մատուցում նաեւ ԶԼՄ-ները։
«Առհասարակ համամիտ չեմ ԶԼՄ-ները չորրորդ իշխանություն համարելու տեսակետին, քանզի իշխանությունն ի սկզբանե երեք ճյուղ ունի, եւ նրանք են կրում պատասխանատվություն պետության համար։ Իսկ մեր ԶԼՄ-ները գործում են այլ բանի համար, եւ ոչ թե ազգային նպատակներին ծառայելու, եւ իրենք իրենց համար էլ չեն կրում պատասխանատվություն։
«Հաճախ մեր մամուլը գործում է ոչ թե ըստ իր ֆունկցիաների, այլ ըստ այսպես կոչված «խղճի», վրեժի զգացումի»։
Իսկ ինչպե՞ս է պրն Ճշմարիտյանը գնահատում այն երեւույթը, որ նախընտրական այս շրջանում քաղաքական ուժերն ու թեկնածուներն իրենք են նպաստում ԶԼՄ-ների աղճատմանը, նրանց ոչ պրոֆեսիոնալ գործունեությանը։
«Եթե նախագահի թեկնածուները թերթերի բաժանում են կատարում, ճիշտ են վարվում։ Քանզի ընթերցողը թերթը գնելիս պիտի իմանա, թե ում է վերջինս ներկայացնում։ Այլապես, ինչպես ասում էր փիլիսոփա Հոփսը, կստացվի, որ բոլորը պատերազմ են հայտարարել բոլորի դեմ»։
Ինչեւէ, այս կամ այն կերպ ԶԼՄ-ներն ընտրական գործընթացները պայմանավորում են ոչ ավելի, քան երեսուն տոկոսով։
Իսկ ինչպիսի՞ն կլինի այս եւ մյուս գործոնների վերջնական արդյունքն, ըստ մասնագետի։
Ս. Ճշմարիտյանի կանխատեսումներովՙ առաջին տեղում Ռոբերտ Քոչարյանն է, երկրորդ եւ երրորդ տեղերում Արտաշես Գեղամյանն ու Ստեփան Դեմիրճյանը։ «Հայաստանն այսօր բարեբախտաբար որեւէ թակարդում չէ, ո՛չ արեւմտյան, ո՛չ արեւելյան, ո՛չ հարավային, ո՛չ հյուսիսային։ Եվ արդար ու ազատ ընտրություններ են կայանալու ինչպես 1991-ին, եւ գործող նախագահը կհավաքի ձայների մեծամասնությունը»։
Բայց փետրվարի 19-ից հետո, պրն Ճշմարիտյանի կարծիքով, նոր միայն կսկսվի իսկական մրցապայքարը։ «Այս ընտրությունները զուտ մայիսյան խորհրդարանական ընտրությունների համար հիմք են ծառայելու։ Երբ խորհրդարանական մանդատները վերաբաշխվեն, հիմնավորապես համոզված եմ, որ ամռանն արտահերթ նախագահական ընտրություններ են կայանալու»։ Սրանք կանխատեսումներ են, որոնք կհաստատի կամ կժխտի ժամանակը, եւ հուսանք, բացառապես մեր հասարակության կամքը։
ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ