80 հազար զորակոչիկներից 2002 թ. վրացական բանակ է մեկնել 6500-ը
Անցյալ տարի «Ռուսթավի¬2» հեռուստաընկերությունը հաղորդում էր նվիրել վրացական բանակի վիճակինՙ բանավեճի հրավիրելով երկրի նախկին եւ գործող պաշտպանության նախարարներ Գեորգի Կարկարիշվիլուն եւ Դավիթ Թեւզաձեին։ Վերջինս մասնավորապես նշել էր, որ իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանը հայկական բանակի ֆինանսավորման համար պրոբլեմներ չունի, մինչդեռ վրացական բանակը պետբյուջեից գումարներ փաստորեն չի ստանում։
Ինքնին խոսուն են չոր թվերը. 1997 թ. պետբյուջեով վրացական բանակի համար նախատեսվել է մոտ 40 մլն դոլար, 1998-ինՙ 37 մլն, 1999-ինՙ 27 մլն, 2000-ինՙ 22 մլն, 2001-ինՙ 16 մլն, 2002-ինՙ 18 մլն։ Բյուջեով նախատեսված անգամ այս խղճուկ գումարների մի մասը չի հատկացվել Վրաստանի զինված ուժերինՙ գանձարկղը դատարկ լինելու պատճառով։
Երեք օր առաջ Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց 2003 թ. պետբյուջեն, որի ծախսային հատվածը մոտ 680 մլն դոլար է։ Այս գումարից մոտ 32 մլն դոլարն առանձին տողով ուղղվել է վրացական բանակին։ Քանի որ Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից է ՆԱՏՕ-ին անդամակցելը, այդ պատճառով 32 մլն դոլարից 11 միլիոնը ծախսվելու է ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ծրագրերի վրա, 8 միլիոնըՙ ԱՄՆ-ի կառավարության ֆինանսական միջոցներով իրականացվող «Ուսուցում եւ հանդերձավորում» ծրագրի վրա, իսկ մնացյալ 13 միլիոնըՙ Վրաստանի պաշտպանության եւ սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու համար։
Ըստ ոչ պաշտոնական, բայց հավաստի թվացող հաղորդագրությունների, Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի եւ Աջարիայի առաջնորդ Ասլան Աբաշիձեի անվտանգությունն ապահովելու նպատակներով ծախսվում է համարյա այնքան գումար, որքան պետբյուջեով հատկացվում է Վրաստանի բանակի համար։ Սա ցույց է տալիս, որ Շեւարդնաձեի եւ Աբաշիձեի կյանքի ապահովությունը նվազ կարեւոր չէ, քան Վրաստան պետությանն ընդհանրապես։ Մեկ այլ տվյալ, որն արդեն պաշտոնական է. պետբյուջեով Վրաստանի ՆԳՆ-ին ավելի մեծ գումար է տրվում, քան ԶՈւ-ին, եւ սա այն դեպքում, երբ երկիրն ունի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի չկարգավորված հակամարտություններ, Պանկիսի կիրճ եւ այլն։
Մի քանի օր առաջ Ասլան Աբաշիձեի վերահսկողության տակ գտնվող «Աջարիա» հեռուստաընկերությունը հաղորդեց, որ 2002 թ. աշնանային զորակոչը երկարաձգվել է մինչեւ 2003 թ. մարտ։ Հաշվառման կանգնած մոտ 80 հազար զինակոչիկներից այսօր վրացական բանակում ծառայում է միայն 6,5 հազարը, քանի որ 19 հազարը լքել է Վրաստանի տարածքը բանակային ծառայություններից խուսափելու նպատակով, 17 հազարի տեղն անհայտ է, 2000 երիտասարդ բժիշկների վերահսկողության տակ է, մյուս զորակոչային տարիքի երիտասարդները, ըստ երկրի նոր օրենքի, համապատասխան գումար են վճարել եւ վերցրել տարկետում։
Վրաստանում ընդունված նոր օրենքը թույլ է տալիս 200 լարի կամ 95 ԱՄՆ դոլար վճարելու դեպքում մեկ տարվա տարկետում վերցնել, իսկ այն երիտասարդները, ովքեր ի վիճակի են պետբյուջե մուծել 2000 լարի կամ 950 դոլար, ընդհանրապես ազատվում են զինծառայությունից։ Այս օրենքը Վրաստանի պարագայում արդարացի է թվում մի քանի պատճառներով։ Նախՙ Վրաստանը, ինչպես մի քանի անգամ նշել է նախագահ Շեւարդնաձեն, կարիք ունի փոքրաթիվ, բայց մարտունակ բանակի, որը կհամապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Միեւնույն է, եթե անգամ 80 հազար զինակոչիկները ծառայեին բանակում, Վրաստանն ուղղակի հնարավորություն չէր ունենա նրանց կերակրել։ Երկրորդ, զինվորական նոր օրենքով հնարավորություն է ստեղծվում գումարներ ուղղել պետբյուջե, պաշտոնյաներինՙ առաջին հերթին զինկոմիսարիատներին, կաշառք տալու փոխարեն։
Մինչեւ 2003 թ. վերջը պետք է ավարտվի ԱՄՆ կառավարության ֆինանսական միջոցներով իրականացվող «Ուսուցում եւ հանդերձավորում» ծրագիրը, որի ընդհանուր արժեքը 64 մլն դոլար է, որից միայն փոքր մասն է հատկացնում Վրաստանի կառավարությանը։ Ամերիկայի զինվորական մասնագետներն արդեն ավարտել են վրացական բանակի բարեփոխումների առաջին եւ երկրորդ փուլը. 400 զինծառայողներից կազմվել է «Կոմանդոս» գումարտակը, 180 սպաներ անցել են շտաբային պատրաստություն։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի