ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Իր պաշտոնական այցի երկրորդ օրը Մոսկվայի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունն սկսեց ՀՀ նախագահի հետ հանդիպումով։ Երկու մայրաքաղաքների փոխգործակցության համատեքստում Լուժկովը նշել է, թե քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում Մոսկվան հարուստ փորձ է կուտակել եւ պատրաստ է կիսել այդ փորձը Երեւանի հետ։ Ռոբերտ Քոչարյանն էլ նշել է, թե Երեւանում եւս քաղաքային ծառայությունների համակարգում լուրջ բարեփոխումներ են իրականացվում։
Նախագահն ու քաղաքապետը քննարկել են նաեւ մայրաքաղաքների մշակութային, հումանիտար ոլորտների համագործակցությանը վերաբերող խնդիրներ։ Առանձնահատուկ շեշտվել է առեւտրատնտեսական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը։
Երեւանյան իր այցի շրջանակներում Մոսկվայի քաղաքապետը, չխախտելով մեր երկիր ժամանող ռուսաստանյան պաշտոնյաների ավանդույթը, այցելեց Հայ-ռուսական սլավոնական պետական համալսարան։ Այստեղ պրն Լուժկովը, որին նախօրեին արդեն շնորհվել էր Երեւանի պատվավոր քաղաքացու անձնագիր, ստացավ բուհի պատվավոր դոկտորի կոչում։
«Եթե մինչեւ հիմա ես ձեզ հետ էի, ապա այսուհետեւ, փաստորեն, ձեզանից մեկն եմ», ասաց Լուժկովը, որին դոկտորի վկայագիր հանձնելու հետ հագցրին նաեւ մագիստրական հագուստներ։
Եվ ի լրացումն բուհի ռեկտոր Արմեն Դարբինյանի ներկայացուցչական խոսքի, որտեղ նշեց, թե այս տարի իրենք մեծ ձեռքբերում են գրանցելՙ կարողանալով ՌԴ պետբյուջեից ստանալ 40.000 ռուբլի, ՀՀ պետբյուջեիցՙ 100.000 դրամ, Մոսկվայի քաղաքապետը խոստացավ համալսարանի համար միջոցներ գտնել նաեւ մոսկովյան բյուջեից։
«Այս գումարները կնպաստեն ոչ միայն կոմպյուտերային անհրաժեշտ հագեցվածության ապահովմանը, այլեւ հայ-ռուսական փոխգործակցությանը, մեր երկրում ռուսական մշակույթի մի օջախ ամրապնդելուն։ Համոզված եմ, որ մեր շրջանավարտները, որոնց առաջին խումբը կունենանք 2004 թ.-ին, անհրաժեշտ եւ օգտակար մասնագետներ կլինեն Հայաստանի, նաեւ Ռուսաստանի համար», նշեց Ա. Դարբինյանը։
Համալսարանում մոսկովյան հյուրին դոկտորի կոչումից զատ մեկ անակնկալ էր սպասումՙ նրա իսկ գրքի շնորհանդեսը։ Բուհը հայերեն թարգմանությամբ հրատարակել էր «Ռուսաստանյան «Պարկինսոնի օրենքները» գրքույկը։ Վերջինս, որ վերաբերում է անցումային բարեփոխումների շրջանին Ռուսաստանում չինովնիկական, եւ ոչ միայն, մտածելակերպին, ըստ Ա. Դարբինյանի, շատ օգտակար կլինի նաեւ մեր տարածաշրջանի համար։ «Առավոտյան այս գրքի մի փաթեթ արդեն ուղարկել ենք ՀՀ վարչապետին»։ Տեղում մի փաթեթ էլ ստացավ Երեւանի քաղաքապետը։
Պաշտոնական հանդիպումների շրջանակում Յ. Լուժկովը զրուցել է նաեւ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ։ Մեկնելուց առաջ նա արժանացել է նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ընդունելությանը։
Մոսկովյան պատվիրակությունն այցելել է նաեւ Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր։