Բեյրութի Բեքաայի հովտից (Զահլե) ընտրված հայ պատգամավոր Ջորջ Գասարճին խստորեն քննադատել է Լիբանանի վարչապետ Ռաֆիկ էլ Հարիրիինՙ գործադիր իշխանությունն անձնական նպատակներին ծառայեցնելու եւ առանց Ազգային ժողովի իմացության Վատիկան մեկնելու համար։ Այս մասին հաղորդել է լիբանանյան «Էլ Նահար» թերթն իր երեկվա համարում, նշելով, որ, ըստ հայ պատգամավորի, երկար ժամանակ սահմանադրությունն անտեսած վարչապետը վերջերս այդ սահմանադրության կիրառման ջատագովն է դարձել պարզապես մարդկանց «սրտերը շահելու» նպատակով, քանի որ ինքն իր գործողություններով չի հարգում այդ նույն սահմանադրությունը եւ անձնական շահերը գերադասում է երկրի ընդհանուր շահերից։ «Ի՞նչ է, նա Վատիկան է գնացել ռադիոկայա՞ն, հեռուստակայա՞ն, թե՞ հոգեւոր գրքեր գնելու», վերջում հարց է տվել Ջորջ Գասարճին։