ՍՈՖԻԱ, 31 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սոֆիայի 25-րդ ընտրատարածքից Բուլղարիայի խորհրդարանի անդամ է ընտրվել 24-ամյա Կատար Խաչիկյանը։ Բուլղարիայի պառլամենտում նա ամենաերիտասարդ պատգամավորն է։
Կ. Խաչիկյանը ծնվել է Սոֆիայում, ավարտել է մայրաքաղաքի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Կատարելագործվել է Գերմանիայում, ԱՄՆ-ում։ Մինչ խորհրդարանի անդամ ընտրվելը, վարել է երկրի նախարարների խորհրդին կից պառլամենտական քարտուղարի պաշտոնը։ Նա ակտիվ գործունեություն է ծավալում նաեւ բուլղարահայ գաղութում. Սոֆիայի բարեգործական վարչության անդամ է։
Բուլղարիայի ներկաՙ 39-րդ գումարման խորհրդարանի անդամ է նաեւ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, բուլղարահայ թեմական խորհրդի անդամ Ռուբեն Գրիգորյանը։
Հատկանշական է, որ երկու հայ պատգամավորներն էլ ընտրվել են ոչ թե որպես հայ համայնքի ներկայացուցիչներ, այլ առաջադրվել են Թագավորական շարժման կողմից, որը 2002 թ.-ին վերածվել է կուսակցության եւ ներկայումս բուլղարական խորհրդարանում մեծամասնություն է կազմում։