«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2003-01-30 | #18, 2003-01-31 | #19, 2003-02-01


ԼԵՀԱՍՏԱՆԻ ԵՎ ՀՈԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԵՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ԱԳՆ ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿԸ

Օրեր առաջ մեր թերթում տպագրվել էր «Լեհերի համար հայի կերպարն այդքան էլ դրական չէՙ ապօրինի ներգաղթողների պատճառով» վերտառությամբ հոդվածը, որում գրվել էր 90-ականների սկզբից Լեհաստան մեկնած եւ այդ երկրում ապօրինի բնակություն ու գործունեություն ծավալած մեր հայրենակիցների մասին, որոնց պատճառով հայի կերպարն այդ երկրում խաթարվել է։ Հոդվածին արձագանքեցին «Ազգի» ընթերցողները Լեհաստանից եւ Հոլանդիայից, նրանց նամակները եւս թերթը տպագրեց։ Լեհաստանից մեզ գրել էր այդ երկրի գիտությունների ակադեմիայում դոկտորական թեզի վրա աշխատող Քրիստինե Բարսեղյանը։ Նա Լեհաստանում Հայաստանի դեսպանության աշխատակիցներին մեղադրում էր առեւտրական գործունեության մեջ։ Հոլանդիայի դեպքում նամակն ուսանող Դավիթ Հարությունյանից էր, որը դժգոհում էր այդ երկրում մեր դեսպանության աշխատանքիցՙ ասելով, որ նրանք չեն մասնակցում համայնքային կյանքին, պարբերաբար կազմակերպվող միջոցառումներին։

Արձագանքի ակնկալիքով դիմեցինք ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Մեր հարցերին պատասխանեց գերատեսչության մամլո խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը։

¬ Ցավալիորեն հայի կերպարը որոշակիորեն խաթարվել է Լեհաստանումՙ վերջին տարիներին գնացածների պատճառով։ Լեհաստանում ապրող մի քանի տասնյակ հազար հայերի մեջ շատ մեծ թիվ են կազմում ապօրինի բնակիչները, որոնք ամենատարբեր խնդիրների առաջ են կանգնում։ Սակայն այդ դեպքերում դեսպանությունը նրանց կարող է օգնել միայն ՀՀ դեսպանություն դիմելու պարագայում։

Ինչ վերաբերում է մեր դեսպանության օրենքից դուրս գործունեության ծավալմանը, դա բացառվում է։ Դեսպանության դիվանագետ աշխատակիցները չեն կարող ներգրավված լինել ապօրինի գործունեության մեջ, ավելինՙ նման խնդիր ծագելու դեպքում Լեհաստանի իշխանությունները մեր երկրին հստակ հարցադրում կանեին։ Նման հարցադրում չի եղել։ Սակայն դեսպանատանն աշխատում են նաեւ պայմանագրային աշխատակիցներ, որոնք դիվանագիտական կարգավիճակ չունեն։ Վարչատեխնիկական աշխատողը կարող է ունենալ սեփական բիզնես, դա չի խանգարում, որ նա աշխատի դեսպանատանը։ Շատ դեպքերում դեսպանությունների հետ կապ կամ որեւէ առնչություն ունեցող մարդիկ մեր հայրենակիցների կողմից թյուրիմացաբար ընկալվում են որպես դիվանագետներ եւ մեղադրանքներ են հնչեցնումՙ ելնելով դրանից, ինչն էլ սխալ դատողությունների պատճառ է դառնում։

Հոլանդիայի նամակն առիթ է մի քանի հարցերի մասին խոսելու համար։ Հատկապես վերջին տասը տարիներին գրանցված եւ համայնքային կյանքով ապրող հայերը ենթադրում են, որ դեսպանությունների աշխատակիցները մշտապես պետք է ներկա լինեն համայնքային բոլոր հավաքներին։ Մեր համայնքները, որպես կանոն, տարածված են, եւ նրանց կազմակերպած բոլոր միջոցառումներին դեսպանությունները չեն կարող մասնակցել։ Իրատեսորեն նայելու դեպքում դրա անհրաժեշտությունն էլ չկա, համայնքներն ապրում են իրենց կյանքով։ Մեծ իրադարձություններինՙ Անկախության օրվա, 1700-ամյակի միջոցառումներին դեսպանության աշխատակիցները, բնականաբար, մասնակցում են եւ մասնակցում են ակտիվորենՙ թե կազմակերպմանը, եւ թե անցկացմանը։

Հոլանդիայի պարագայումՙ մեր դեսպանությունը գտնվում է Բելգիայում, ունի չորս աշխատակից, զբաղվում է Բենիլյուքսի բոլոր երկրներով, ՆԱՏՕ-ում իրականացնում է մեր առաքելությունը, Եվրամիությունում ներկայացնում Հայաստանը։ Միայն թվարկելով կարելի է պատկերացնել նրանց աշխատանքի ծավալը։

Շատ դեպքերում հնչող մեղադրանքները թյուրընկալման, դեսպանությունների բուն գործունեության չիմացության եւ զգացմունքային մոտեցման հետեւանք են, նաեւ օրենքների չիմացության։ Ի դեպ, վեջինիս արտահայտությունը կա նաեւ Հոլանդիայից ստացված նամակում։ Ընթերցողը գրում է, որ շատ հայեր, որոնք արդեն Հոլանդիայի քաղաքացի են դարձել, չեն կարողանում Հայաստան գալՙ վախենալով զորակոչից։ Այլ երկրի քաղաքացիները չեն կարող զորակոչվել հայկական բանակ, նրանք չեն ենթարկվում ՀՀ օրենսդրությանը։

¬ Քանի որ Լեհաստանի դեպքում մեղադրանքն առեւտրով զբաղվելուն էր վերաբերում, տրամաբանական հարց է ծագումՙ ի՞նչ միջոցներով են ֆինանսավորվում մեր դեսպանությունները։

¬ Վերջին երկու տարիներին այս առումով մեծ հաջողության ենք հասել։ Պետբյուջեով ֆինանսավորվում են դեսպանության աշխատակիցների կեցությունը եւ աշխատավարձը։ Նրանք այժմ պակաս կախվածության մեջ են համայնքներից եւ հանգանակություններից։ Ճիշտ է, հանգանակությունները շարունակվում ենՙ կան դեսպանատների պահպանման, տրանսպորտի եւ այլ ծախսեր։ Պետք է նշեմ, որ հանգանակություններն էլ այսօր փոխանցվում են պետական գանձարան, որտեղից դեսպանություններին բաշխումը կատարվում է ԱԳՆ համաձայնությամբՙ ըստ կարիքների։ Դեսպանություններն աշխատում են բարերարների հետ, այնուամենայնիվ, բյուջեից ֆինանսավորումը մեծ թեթեւացում էր, ինչը որոշ չափով դեսպանություններին կձերբազատի կախվածությունից։

Ճիշտ է, առայժմ դիվանագետներին հատկացվող պետական գումարն ընդամենը նրանց կեցությունն է բավարարում, նրանք այլ երկրների դիվանագետներից 2¬3 անգամ քիչ են վարձատրվում։ Սակայն մեր երկրի բյուջեն էլ մեծ չէ։ Բյուջեի աճին զուգընթաց, հուսով եմ, դիվանագետների աշխատավարձերն էլ կբարձրանանՙ նրանց գործունեության համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելով։

ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4