«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2003-01-30 | #18, 2003-01-31 | #19, 2003-02-01


ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ

Երեկ «Հայէկոնոմբանկի» եւ Վերականգնման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջեւ կնքվեց պայմանագիր, համաձայն որի այս միջազգային ֆինանսական կազմակերպությունը հայկական բանկին կտրամադրի 500 հազար ամերիկյան դոլար։ Սա երկրորդ դեպքն է, երբ Եվրաբանկն առանց Հայաստանի կառավարության երաշխավորման վարկ է տրամադրում «Հայէկոնոմբանկին»։ Առաջին անգամ տրամադրվել էր 1 մլն դոլարՙ 2000 թ. 5 տարով։ Այդ գումարով վարկավորվել են Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերՙ թեթեւ արդյունաբերության, մեքենաշինության, առողջապահության, սպասարկման ոլորտ, սննդի, ոչ ոգելից խմիչքների, մսամթերքի արտադրություն։

Ներկայիս 500 հազար դոլարը տրամադրվել է ապրանքների արտահանման եւ ներմուծման գործառնությունների իրականացման, բանկի հաճախորդների վճարային պարտավորությունների կատարմանն օժանդակելու նպատակով։ Պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ Վրաստանում եւ Հայաստանում ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ Նիկոլայ Հաջինսկին նշեց, որ համատեղ ծրագրերը զարգացնելու ավելի հավակնոտ նպատակներ կան։ Խոսքը մասնավորապես բանկի կապիտալում համատեղ մասնակցության մասին է։

Այս կառույցների համագործակցության մասին, ի պատասխան «Ազգի» հարցի, իր գնահատականը տվեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Նա նշեց, որ Եվրաբանկը բարձր է գնահատում այն տնտեսական արդյունքները, որոնց հասել է «Հայէկոնոմբանկը», եւ որոնք համապատասխանում են ԿԲ ունեցած տվյալներին։ Եվրաբանկը պահպանողական կառույց է եւ միջոցներ է տրամադրում միայն իր սեփական ուսումնասիրություններից հետո։ Որ Հայաստանում միայն «Հայէկոնոմբանկն» է ստացել նման գումարներ, խոսում է բանկի կայուն եւ հուսալի լինելու մասին։ Տիգրան Սարգսյանը նշեց, որ Կենտրոնական բանկը շահագրգռված է մեր բանկային համակարգի հետ Եվրաբանկի համագործակցությամբ։ Վերջինիս մասնակցությունը մեր բանկերի կապիտալի ավելացմանը կամրապնդի վստահությունը բանկային համակարգի նկատմամբ։

«Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը, անդրադառնալով բանկի գործունեությանը, հայտնեց, որ 2002 թ. նախկին տարիների բոլոր վնասները ծածկվել են, եւ տնօրենների խորհրդի առաջիկա նիստում քննարկվելու է բաժնետերերին շահաբաժիններ վճարելու հարցը։

«Սիլ գրուպ» ընկերության ղեկավար Խաչատուր Սուքիասյանն այս վարկը մեծ օգնություն համարեց տնտեսվարող սուբյեկտի համար, որովհետեւ Հայաստանում գործող բոլոր տնտեսվարողներն էլ շրջանառու միջոցների պակաս եւ դրա լրացման կարիք ունեն։ Իրենց ծրագրերն իրականացնելու համար, ըստ գործարարի, թիվ 1 խնդիրը հենց սա է։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4