Պատմում է «Ուրբան» ինստիտուտի տեղեկագիրը
2002 թ. նոյեմբերի 6-ին ՀՀ կառավարության եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջեւ ստորագրվեց փոփոխություն Հայաստանի երկրաշարժի գոտու վերականգնման համատեղ ծրագրի մասին 2001-ի մայիսին ընդունված փաստաթղթում, նախատեսելով ընդլայնել աղետից անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու գործունեությունըՙ հիմնականում «Բնակարանի գնման վկայագրեր» (ԲԳՎ) ծրագրի երկարացմամբ։ Այս ուղղությամբ արդեն կատարված եւ իրականացվող աշխատանքների մասին ամբողջական պատկերացում է տալիս ծրագրի կառավարիչ վաշինգտոնյան «Ուրբան» ինստիտուտի հրատարակած «Վերականգնման ալիք. աշուն 2002» տեղեկագիրը, որտեղ զետեղված բազմաթիվ լուսանկարներն ու պատկերները նաեւ առավել տեսանելի են դարձնում ներկայացվող նյութը։
ԲԳՎ ծրագիրն արդեն սկսել է բավարարել համայնքների բնակարանային կարիքները նաեւ Ախուրյանում (Շիրակի մարզ), Գուգարքում (Լոռու մարզ) եւ Ապարանում (Արագածոտնի մարզ)ՙ միաժամանակ շարունակելով իր ընթացիկ ծրագրերի իրականացումը Գյումրիում եւ Ստեփանավանում։ ԲԳՎ-ների շնորհիվ, ըստ տեղեկագրի տվյալների, Վանաձորում ամբողջովին լուծվել են երկրաշարժից բոլոր տուժածների կացարանային փոխհատուցման կարիքները։ Ծրագիրն աչքի է ընկնում իր ճկունությամբ, որի շրջանակներում շահառուներին բացահայտելու համար կիրառվում են ինչպես հերթացուցակների, այնպես էլ տարածքային տեղաբաշխվածության (ըստ քաղաքի որոշակի հատվածների) սկզբունքները։ Երկրորդ դեպքում խոսքը վերաբերում է մասնավորապես Գյումրիում համայնքային նշանակության 120 այնպիսի օբյեկտների (շենքերի եւ տարածքների) ազատման աշխատանքներին, որոնք 14 տարի «պատանդ էին վերցված» ավելի քան 250 անօթեւան ընտանիքների կողմից։ Դրանք բազմաթիվ դպրոցների ու նախակրթարանների շենքեր են, Շիրազի թանգարանը, Թումանյանի անվան գրադարանը, տեքստիլագործների մշակութային կենտրոնի, Սուրբ Նշան եկեղեցու եւ այլ տարածքներ, որոնք վերադարձվել են Գյումրու համայնքին։ Շիրակի եւ Լոռու մարզերում ավելի քան 3000 ընտանիքներ արդեն ստացել են բնակարանի գնման վկայագրեր, ընդ որում ավելի քան 66 տոկոսը (երեքից երկուսը) արդեն ձեռք է բերել մշտական բնակարան։ Դրան զուգընթաց հեռացվում ու վերացվում են համապատասխան թվով տնակներ, ինչն իր հերթին ներդնողներին ու դոնորներին հնարավորություն է տալիս ազատված տարածքներում ծավալել բնակելի եւ հանրային նշանակության շենքերի շինարարություն։ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորման նոր մասնաբաժինը մինչեւ 3000 լրացուցիչ ընտանիքների հնարավորություն կտա աջակցություն ստանալ կամ ԲԳՎ-ների, կամ բնակելի տների բարելավման դրամաշնորհների միջոցով։
Նոր հետաքրքրական գաղափար է Գյումրիում «Դարպաս» անունով կառուցապատման միջանցքի ստեղծման ծրագիրը, որի մանրամասները թեեւ դեռ մշակվում են, սակայն շինարարական աշխատանքները սկսվել են։ «Դարպաս» կառուցապատման միջանցքը ձգվում է 3 կմ երկայնքով եւ սկսվելով քաղաքի մուտքից ու անցնելով Երեւանյան խճուղով, Գյումրու այցելուների մեջ առաջացնում է հանրապետություն ժամանելու առաջին զգացողությունը։ «Շիրակ» օդանավակայանը, որպես Հայաստանի երկրորդ միջազգային ուղեւորափոխադրումային հանգույց, եւս մեկ անգամ ամրագրում է կառուցապատման միջանցքի ստեղծման կարեւորությունը։ «Դարպասի» գաղափարը կոչված է ենթակառուցվածքների վերականգնման, բնակարանային շինարարության, մանրածախ առեւտրային եւ սպասարկման կենտրոնների, բարեկարգ ու կանաչապատ գոտիների ստեղծման միջոցով ձեւավորելու աղետի հետեւանքներից ամբողջովին ազատագրված միջավայր, որտեղ այլեւս չեն երեւում 88-ի ավերիչ երկրաշարժի հետքերը։ Այս ծրագրի ամբողջական իրականացմանը Հայաստանի կառավարությունից, Լինսի հիմնադրամից եւ ԱՄՆ ՄԶԳ-ից բացի ակնկալվում է նաեւ մի շարք այլ դոնոր կազմակերպությունների մասնակցությունը կամ աջակցությունը։
Ինչպես նշված է տեղեկագրում, նույն «Դարպաս» կառուցապատման միջանցքում Նորվեգիայի փախստականների խորհուրդը նախաձեռնել է մոտ 80 փախստական ընտանիքների համար քոթեջային տիպի բնակարանների կառուցումը։ Իսկ եւս 15 կարիքավոր փախստական ընտանիքների բնակարանային հարցը լուծվելու է Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի եւ ԱՄՆ ՄԶԳ-ի ներկայացուցչության միջեւ անցյալ տարվա սեպտեմբերի 13-ին կնքված Փոխըմբռնման հուշագրի հիման վրա, նրանց ԲԳՎ-ների տրամադրմամբ։
Այսքանը մի մասն է կատարվող այն ամբողջ աշխատանքի, որը ներկայացված է «Ուրբան» ինստիտուտի տեղեկագրում։
Գ. Մ.