Անդրանիկ Ադամյանը գլխավոր մարզչի պաշտոնակատար
Փետրվարի 12-ը հավաքականների ընկերական մրցախաղեր անցկացնելու ՖԻՖԱ-ի կողմից հատկացված օրն է։ Երկարատեւ պարապուրդից հետո վերջապես ֆուտբոլի Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները խաղադաշտ դուրս կգանՙ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումներից առաջ փորձարկելու ուժերը։ Ինչպես տեղեկացրեց ՀՀ հավաքականների տեխնիկական տնօրեն Աշոտ Մանուկյանը, փետրվարի 12-ին մեր ազգային եւ երիտասարդական հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն Իսրայելում տեղի համապատասխան ընտրանիների հետ։ Այս մասին համաձայնություն է ձեռք բերվել երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների միջեւ։ Ընդ որում, մրցաշրջագայությունը բավական շահավետ է մեր ֆեդերացիայի համար։ Ճանապարհածախսը, խաղի կազմակերպման եւ անցկացման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը հոգալու է իսրայելական կողմը։ Բացի այդ, ֆուտբոլի ՀՀ ֆեդերացիան իսրայելցիներից 1000 գնդակ է պահանջելՙ մարզադպրոցներին բաժանելու համար։ Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային չվերթով Իսրայել կմեկնի փետրվարի 10-ին։ Հանդիպմանը մասնակցելու հրավերներ են ուղարկվել ՀՀ հավաքականի բոլոր լեգեոներներին, որոնք ներկայումս տարբեր երկրներում ուսումնամարզական հավաքների են մասնակցում։ Սկզբունքորեն ակումբների ղեկավարները համաձայնել են հավաքականին տրամադրել լեգեոներներին, այնպես որ հույս կա, որ մեր ընտրանին իր օպտիմալ կազմով հանդես կգա Իսրայելում։ Ճիշտ է, հանդիպմանը չի մասնակցի Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին, որը փետրվարի 2-ին Գերմանիայում պետք է վիրահատության ենթարկվի։
Ինչ վերաբերում է ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին, ապա այն առայժմ թափուր է։ Իսրայելի հավաքականի հետ ընկերական հանդիպման ժամանակ ազգային ընտրանին կգլխավորի Անդրանիկ Ադամյանը, որը ներկայումս ՀՀ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչն է։ Գլխավոր մարզչի հարցում առայժմ բանակցություններ են ընթանում։ Թեկնածուներից մեկն, ինչպես տեղեկացրել էինք, ֆրանսիացի Անրի Միշելն է, որը ժամանակին մարզել է Ֆրանսիայի երիտասարդական եւ Մարոկկոյի ազգային հավաքականները։ Սակայն Անրի Միշելը համաձայնել է հավաքականը գլխավորել մինչեւ ընտրական մրցաշարի ավարտը, մինչդեռ ֆուտբոլի ՀՀ ֆեդերացիայի ղեկավարությունը նպատակահարմար է գտնում հավաքականի մարզչի հետ երկարատեւ պայմանագիր կնքել։ Ուստի դիտարկվում են նաեւ այլ թեկնածուներՙ Ուրուգվայի հավաքականի նախկին մարզիչ Լուիս Կուբիլյան, Պանամայի հավաքականի նախկին մարզիչ Միխայ Ստոյչիտան, ռումինացի մասնագետներ Մարիուշ Լեկետուշն ու Վիկտոր Պիցուրկեն։
Երկուշաբթի օրվանից Անդրանիկ Ադամյանը կանցնի իր պարտականությունների կատարմանը եւ կորոշի այն ֆուտբոլիստներին, որոնք կնախապատրաստվեն Իսրայելի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը։