Բերմուդայում անցկացվող շախմատային փառատոնում ուժեղագույնների մրցաշարում հանդես եկող Սերգեյ Մովսիսյանն առայժմ բավարարվում է միայն ոչ-ոքիներով։ Հերթականՙ 6-րդ տուրում էլ հայ գրոսմայստերը սեւերով 33-րդ քայլում հաշտություն կնքեց ԱՄՆ-ն ներկայացնող Լարի Քրիստիանսենի հետ։ Մովսիսյանը ցույց է տվել 50 տոկոսանոց արդյունք։ Իսկ մրցաշարի միանձնյա առաջատար դարձավ բրազիլացի Ջովանի Վեսկովին, որը պարտության մատնեց իսրայելցի Ալիկ Գերշոնին։ Վեսկովին վաստակել է 5 միավոր եւ առայժմ պարտություն չի կրել։ Անպարտելի է նաեւ 4,5 միավորով 2-րդ տեղը զբաղեցնող Պյոտր Սվիդլերը, որն ուկրաինացի Անդրեյ Վոլոկիտինի հետ պարտիան ավարտեց ոչ-ոքի։ Նրանից կես միավորով հետ է մնում լեհ շախմատիստ Թոմաս Մարկովսկին, որը խաղաղ դաշն կնքեց ռուսաստանցի Ալեքսանդր Մոտիլյովի հետ։ Արդյունավետ ելք ունեցան Միթոն-Մաչեյա, Շաբալով-Ալ Մոդիախի պարտիաները, որոնցում հաղթեցին սպիտակները։
Արդյունավետությամբ աչքի ընկավ հատկապես «B» խմբի մրցաշարի 6-րդ տուրը, որի 4 պարտիաներից 3-ում հաղթեցին սեւերը, մեկումՙ սպիտակները։ Ի տարբերություն «A» խմբի մրցաշարի, այստեղ առաջատարների շարքում նեղվածք է։ Միանգամից հինգ շախմատիստներՙ Էմանուել Բերգը, Հիկարու Նակամուրան, Վիլյամ Պասկալը, Եվգենի Պերելշտայնը եւ Ռոլանդ Շմալթցը, 4 միավորով գլխավորում են աղյուսակը։ Կալիոն հաղթեց Մուլյարին, Պասկալըՙ Սեուլին, Բլատնինՙ Դինստուհլին, Բերգըՙ Մորենոյին։ Ոչ-ոքի ավարտ ունեցան Շմալթց-Ֆրիդման, Նակամուրա-Պերելշտայն պարտիաները։