Նյու Յորքում Գարրի Կասպարովի եւ Deep Junior համակարգչային ծրագրի միջեւ ընթացող շախմատային յուրօրինակ մրցախաղում հաշիվը հավասարվեց։ 3-րդ պարտիայում սպիտակներով խաղացող աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը պարտություն կրեց։ Խաղասկզբում Կասպարովը դիրքային առավելություն ուներ եւ վտանգավոր հարձակում կազմակերպելու հնարավորություն էր ստացել։ Կասպարովը զինվոր զոհաբերեց, որն, ինչպես պարզվեց, սխալ էր։ Մասնագետների կարծիքով, Կասպարովը պետք է համաձայներ ոչ-ոքիի, սակայն նախընտրեց սրել իրադրությունըՙ ձգտելով հաղթանակի։ 32-րդ քայլում Կասպարովը կոպիտ սխալ թույլ տվեց, որի արդյունքում համակարգիչը երկու զինվորի առավելություն ստացավ։ Կասպարովը ստիպված էր 36-րդ քայլին հանձնվել։ Այսպիսով, հաշիվը հավասարվեցՙ 1,5¬1,5։
Պարտիայի ավարտից հետո Կասպարովը լրագրողներին հայտարարել է, որ խաղի ընթացքում ահավոր հոգնում է։ Նա հիմնականում դրանով էլ բացատրեց թույլ տված սխալները։ Կասպարովը նշել է, որ ֆիզիկական վիճակի բարելավմանը պետք է ուշադրություն դարձվի, քանի որ համակարգիչը նման խնդիր չունի։ Վայրկյանում 300 մլն գործողություն կատարող համակարգիչը հնարավորություն ունի մրցակցի նույնիսկ աննշան սխալներից օգտվել։ Այնպես որ, Կասպարովի համար շատ դժվար կլինի մնացած 3 պարտիաներում հաջողության հասնել։
Հաղթանակն, իհարկե, ոգեւորել է շախմատային ծրագրի հեղինակներ Շայ Բուշինսկուն եւ Ամիր Բանին։ Հոգու խորքում նրանք ցնծում են մարդկային բանականության նկատմամբ մեքենայի տարած հաղթանակի համար։