ՀՀ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի այցը Վայոց ձորի եւ Սյունիքի մարզեր
Ընտրողը հստակ խոստումներ է պահանջում
Նախագահական ընտրությունների մեկամսյա քարոզչական արշավը մտնում է նոր փուլ. մինչեւ փետրվարի 19-ը հաշված օրեր են մնացել։ Ուստի մեր երկրի «ընտրյալներն» անում են ամեն ինչՙ սեփական վարկը բարձրացնելու եւ ի վերջո հաղթանակի հասնելու համար։ Պայքարն առայժմ ընթանում է քաղաքակիրթ պայմաններում, որքան որ դա թույլ են տալիս նախընտրական շտաբների, առավել եւս ամեն թեկնածուի մտավոր ու բարոյական արժանիքները։ Իսկ այսօրվա «հանդիսատեսն» ու վաղվա ընտրողը, այսպես ասած, դրության տերն է. ծանր պայմաններ է առաջադրել երկրի վաղվա հավանական նախագահներից յուրաքանչյուրին։
Այս ամենը հավանաբար հաշվի են առել նաեւ գործող նախագահի նախընտրական շտաբի աշխատողները, ովքեր ամեն ճիգ գործադրում են ամեն մի հանդիպումից, Ռոբերտ Քոչարյանի ամեն այցից ու շրջագայությունից առավելագույն «կանխավճարներ» քաղելու համար։ Վայոց ձորի եւ Սյունիքի մարզեր փետրվարի 1-3-ը կատարված այցն այս իմաստով դրական կարելի է գնահատել Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի համար, չնայած առանձին թերացումներին, որոնք բնակավայրերում հավաքված մարդկանց համար աննկատելի են մնում։
ՀՀ նախագահը Վայոց ձորի մարզ կատարած այցը սկսեց Ելփին գյուղից, ուր տոնական տրամադրությունը եւ ՀՀ վաղվա նախագահի ամենահավանական թեկնածուից առավելագույնս խոստումներ ստանալու ցանկությունը միահյուսվել էին։ Նախկին Եղեգնաձորի շրջանի ամենաշատ վարելահողեր ունեցող համայնքում ժամանակին գործել է Չարենցավանի ռելեի գործարանի մասնաճյուղ, եղել են ջրհան կայան, կայուն աշխատատեղեր ու կայուն վաստակ։ Վերջին տասնամյակի քաղաքական ու տնտեսական վայրիվերումների պատճառով այս համայնքը եւս շատ բան է կորցրել։ Նա այսօր առավելագույն հստակ խոստումներ է պահանջում նախագահից։
Ընդամենը մի քանի ամիս առաջ մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ նախագահին ներկայացվել էին Հայաստանիՙ տարածքով ամենափոքր մարզի հիմնախնդիրները։ Ուստի ինչպես Ելփինի, այնպես էլ Չիվա եւ Ռինդ համայնքների բնակիչների հանդիպումների ժամանակ հավելյալ խոստումներ տալու, նոր բողոքներ ու ցանկություններ լսելու հարկ չեղավ։ Ոռոգման ու խմելու ջուր, Սելիմի ճանապարհի, գյուղամիջյան ճանապարհների, ակումբների, կենցաղային ու մշակութային օբյեկտների շինարարություն ու վերանորոգում։ «Մենք Ձեզ հետ ենք», «Մենք մեր ձայնը Ձեզ ենք տալու», «Դպրոցը Ձեզ հետ է» եւ նմանատիպ պաստառները վկայում էին, որ այցին նախապատրաստվելու համար բնակիչները քիչ ջանքեր չէին գործադրվել։ Ճիշտ է, այս պաստառները նույն հաջողությամբ կարող են օգտագործվել նաեւ մյուս թեկնածուների հանդիպումների ժամանակ, ասենք, Արամ Սարգսյանների կամ Արամ Կարապետյանի պարագայում, որովհետեւ ոչ մի կոնկրետ հասցեներ չունեին։ Ամեն դեպքում, Ռոբերտ Քոչարյանը բացի ընդհանուր խոստումներից, զուտ տեղական հիմնահարցերի մասին խոսեց, կոնկրետ խոստումներ տվեց։ Սոցիալիստական աշխատանքի 11 հերոս տված եւ աշխարհում իր գինով հանրահռչակ Արենի գյուղում բացի ընդհանուր, ողջ մարզին հատուկ հիմնահարցերի լուծման մասին նախագահական խոստումներից, նշվեց, որ սփյուռքահայ ճանաչված գործարար Ջեյմս Թուֆենկյանը որոշել է Արենիում հյուրանոց կառուցելՙ զբոսաշրջությունը խթանելու եւ աշխարհի հարուստ զբոսաշրջիկներին Արենիի գինով հյուրասիրելու համար։ Լավ է։ Ինչպես բոլոր համայնքներում, այնպես էլ այստեղ գրեթե առանց բացառության ջերմագրգիռ հայերենով ելույթներ ունեցան ուսուցչուհիներ, ինչպես նաեւ թոշակառու նախկին մանկավարժներ, ովքեր վստահություն հայտնեցին Ռոբերտ Քոչարյանին։ Ճիշտ է, ՀՀ նախագահին ուղեկցող քաղաքական գործիչներին, արվեստագետներին, ՀՀ նախագահի աշխատակազմի մարդկանց Արենիում «մոռացան» «Արենի» գինով հյուրասիրել, սակայն ոսկեղենիկ հայերենով ասված խոսքերի պակաս չզգացվեց։ Ի պատշաճս քննադատվեցին նախկին, մինչքոչարյանական իշխանությունները, մեր սփյուռքահայ բարեկամներին «նարինջ ուտողներ» անվանած արդեն նախկին, բայց նաեւ մշտակա քաղաքական ու մտավորական գործիչները։ Սերվանտեսին հատուկ երեւակայությունը չափազանցող ջերմուկցի մի մանկավարժ էլ վաղվա օրինաց երկրում ապրելու եւ լավագույն ապագա ունենալու ցանկությամբ Ռոբերտ Քոչարյանին «փրկիչ» անվանեց, այնինչ գոնե այս թեկնածուն իրեն «փրկչական» առաքելություն չի վերագրել երբեւիցե։
Ամեն դեպքում Ռոբերտ Քոչարյանի այցի վայոցձորյան հատվածը կարելի է հաջողված համարել օդ թռցված աղավնիներով ու բարեմաղթանքի խոսքերով։ ՀՀ գործող նախագահի «Աշխատենք միասին» կարգախոսին ի պատասխան պարզված «Կաշխատենք միասինը» կրկին գալիս է հաստատելու գրեթե մեկ դար առաջ արված մեծն Ակսել Բակունցի գիրը. «...Մեր խոսքն էն է, որ էլի մենք իրար ցավ կիմանանք։ Սրտից սիրտ մի բարակ կամուրջ է, էն է մարդուն մարդ դարձնողը։ Էն էլ որ չլինի, գետը թող քշի տանի մարդուն։ Էն որ կռունկը թուխպի մեջ ցրիվ է գալիս, լսե՞լ եք ոնց են իրար կանչում ու մինն էլ չի կորչում։ Ուրեմն մենք էն երկնային թռչունի չափ էլ չկա՞նք... Իրար ձեռք բռնեցեք, մինչեւ դուրս գանք էս դժվարին տարին»։ Հայ գրականության դասականին երկրորդում է քաղաքական գործիչ Ռոբերտ Քոչարյանը, ասելով. «Միաբանվել։ Հայրենիքի շահը վեր դասել անձնական, խմբակային եւ կուսակցական շահերից։ Սա պետք է լինի մեր այսօրվա ներքաղաքական կյանքի անկյունաքարը»։
Միաբանություն, միասին գործելու վճռականություն. այս միտքն էր հոլովվում նաեւ Վայոց ձորի մարզի մյուս բնակավայրերում Ռոբերտ Քոչարյանի հանդիպումների ժամանակՙ Աղավնաձորում, Արփիում, Գետափում, Եղեգնաձորում, Մալիշկայում, Վայքում, Ջերմուկում։ Ընդունելությունը ջերմ էր, ամեն ինչՙ տեղը տեղին, թեեւ այս ջերմությունը եւ Ջերմուկը համաշխարհային զբոսաշրջության կենտրոն դարձնելու ՀՀ նախագահի ցանկությանն ու պատրաստակամությանը Ջերմուկի հյուրանոցը պատասխանեց առասպելական ցրտության սենյակներով։
«Եթե մի բան ասել եմՙ արել եմ»
ՀՀ գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի Սյունիքի մարզային նախընտրական շտաբը ուղերձ է հղել մարզի ընտրողներին, որում մասնավորապես ասված է. «...Ո՞րն է օրվա խորհուրդը։ Անձնական շահերի եւ կենցաղային խնդիրների մոռացության գնով հավաքական ջանքի գերադասումՙ ի շահ պետության։ Այնպիսի ճանապարհի ընտրություն, որն ավելի տեսանելի է դարձնում մեր ընթացքը դեպի հզոր պետություն, դեպի խաղաղություն, դեպի ստեղծագործ աշխատանք։ Այս ամենը առավել շեշտված է երեւակվում Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականության մեջ եւ իր ներկայացրած ծրագրում։ Հինգ տարվա նրա գործունեությունն ապացուցում է, որ նա տիրապետում է կառավարման արվեստին, տնտեսությունը տանում է վերականգնումի ճանապարհով, ունի քաղաքական բարդ ու անկանխատեսելի հետեւանքներով լի իրավիճակներում կողմնորոշվելու, երկիրը ցնցումներից զերծ պահելու, վճռական պահերին որոշումներ կայացնելու կամք եւ ունակություն։ Գիտի խաղաղության գինը»։
Սյունիքի մարզ այցելությունը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն սկսեց Որոտան-Արփա թունելի շինարարների հետ աշխատանքային խորհրդակցությամբ։ Այստեղ, ի դեպ, վառվեց բնական գազի առաջին բոցը։ Առաջին համայնքը, ուր եղավ նախագահության թեկնածուն, Շաքին էր։ Իսկ Սիսիան քաղաքում բազմահազար մարդիկ երկար ժամանակ սպասում էին Ռոբերտ Քոչարյանին։ Հարցեր շատ կային, կոնկրետ, իրականանալի խոստումների ակնկալիքներ։ Քաղաքապետ Լավրենտի Սարգսյանը, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, քաղաքական, տնտեսական, պետական հայտնի գործիչ Վլադիմիր Մովսիսյանը, ԱԺ պատգամավոր Սերգո Երիցյանը եւ ուրիշներ շատ ջերմաշունչ ելույթներ ունեցան։ «Այսօր ո՞վ չի տեսել կամ չի տեսնում, որ Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղի եւ Հայաստանի միասնության խորհրդանիշն է, մեծագույն խորհրդանիշը, որ մեր ժամանակներում հայ ժողովուրդը կարող էր երազել,¬ ասաց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը։ ¬ Այդ ո՞վ չի տեսնում, որ եթե գահավիժող երկրի նախագահ դարձած Ռոբերտ Քոչարյանը իր ձեռքը չդիմհարեր, այս երկիրը կշարունակեր գահավիժել»։ Ռազմիկ Դավոյանը Ռոբերտ Քոչարյանի անձը եւ քաղաքական գործունեությունն ավելի տեսանելի ու հասկանալի դարձնելու համար Սիսիանում մի շարք օրինակներ բերեց։
Իսկ, ահա, Գորիս քաղաքի բնակիչները առավել առանձնացան այս այցի ծրագրում եղած մյուս բնակավայրերից։ Մինչեւ կենտրոնական հրապարակ հասցնող քաղաքի գլխավոր փողոցի երկու երկայնքով հյուրասիրության սեղաններ էին դրված։ Գորիսցիների համար 2003 թվականի փետրվարի 2-ը տոնական օր էր։ Սյունյաց աշխարհում, հատկապես Գորիսում, բանաստեղծությունը թանկ է ամենօրյա հացի պես։ Եվ դա մեկ անգամ եւս հաստատվեց. մարդիկ վաղվա օրվա համար են ապրում, վաղվա օրվա հետ երազներ են կապում։ Ռոբերտ Քոչարյանը, լավ իմանալով գորիսցու տեսակը, այնուամենայնիվ զերծ մնաց գեղեցիկ խոսքեր ասելուց։ Նա կոնկրետ ծրագրեր առաջարկեց։
Ջերմ էր դիմավորումը Քարահունջ գյուղում։ Ռոբերտ Քոչարյանը մի կատակ արեց գյուղում. «Ես միշտ մտածում եմ, ո՞րն է եղել առաջինը. սկզբում Քարահունջի օղի՞ն էր, հետո գյուղը կառուցվեց, թե՞ գյուղը կառուցվեց, ապա եկավ օղու հերթը»։ Ամենատարեց քարահունջեցիները պատմական տեղեկատվություն հաղորդեցին։ «Ոչ միայն կոնկրետ Քարահունջի, այլեւ բոլոր հայկական գյուղերի համար մշակվել եւ իրականացվում են տնտեսական լուրջ ծրագրեր, պարզաբանեց ՀՀ նախագահը. «Չի կարելի ասել, թե ամեն ինչ լավ է ստացվում։ Բայց կաշխատենք ամեն ինչ անել, որ հայ գյուղացին անլուծելի խնդիրներ չունենա», ասաց Ռոբերտ Քոչարյանը Քարահունջ գյուղում հավաքվածներին։
Կապան քաղաքում նախընտրական հավաքն այնքան բազմամարդ էր, որ մեր գործընկեր ժուռնալիստներից մեկն ասաց. «Եթե Երեւանի Ազատության հրապարակում ընդդիմության թեկուզ մեկ հավաք այսքան բազմամարդ լիներ, ես լիովին կհավատայի թեկուզ Պարույր Հայրիկյանի բարձր հեղինակությանը»։ Կատակով ասված խոսքը տաք օրվա խաղացող քամին տարավ, բայց իսկապես մնաց ՀՀ նախագահության թեկնածու Ռոբերտ Քոչարյանի կապանյան նախընտրական հավաքի տպավորությունը։ Դժվար էր Ռոբերտ Քոչարյանի համար այն առումով, որ նա ոչ միայն ՀՀ նախագահի թեկնածու է եւ կարող է խոստումներ տալ, այլեւ հաշվետվություն պետք է տա անցած 5 տարիների նախագահական իր գործունեության համար։ «Եթե ուզում ենք ունենալ երկրի անվտանգ սահմաններ, եթե մեզանից ամեն մեկը ցանկանում է իր տանը հոգսերը լուծված տեսնել, որ երկիրը հզոր լինի, պետք է միասին աշխատենք,¬ Կապանում հայտարարեց ՀՀ նախագահը։ ¬ Այս ամենը իրականացնելու համար ռեալ հնարավորություններ կան։ Մեզանից ամեն մեկը պետք է աշխատի ու լավ աշխատի»։
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանը եղավ Քաջարանում, Լիճքում, Մեղրիում, Ագարակում։ «Սիրելի հայրենակիցներ, ասաց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երբեք դատարկ խոստումներ չեմ տվել։ Եթե մի բան ասել եմ, ապաՙ արել եմ»։
Այս բոլոր հանդիպումների ժամանակ նկատելի էր, անշուշտ, մեծ ոգեւորությունը։ Մնում է, որ փետրվարի 19-ին մենք ինքներս ճշմարիտ ընտրություն կատարենք։
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ, Վայոց ձոր, Սյունիք