«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2003-01-31 | #19, 2003-02-01 | #20, 2003-02-04


ԱԿԱՆԸ ՊԱՅԹԵ՞Ց

Հանրային հեռուստատեսության կիրակնօրյա «Օրակարգից դուրս» երկխոսությունըՙ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի եւ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի պետ Սերժ Սարգսյանի միջեւ, չափազանց ուսանելի էր։ Ուսանելի էր ոչ Գեղամյանի ծրագրային անհեթեթությունների առումով։ Իմա... մեր երկիրը պետք է ինտեգրվի Ռուսաստանի հետՙ ռուբլու գոտու մեջ մտնելով, մեր հարկային ու մաքսային օրենսդրությունը Ռուսաստանի նույն օրենսդրության հետ իդենտիֆիկացնելով։ Ոչ, ուսանելին մարդկային հատկությունների ոլորտից է։

Հարց ուղղելով կողմերին երկրի ղեկավարին անհրաժեշտ հատկանիշների կապակցությամբ, հաղորդումը վարող լրագրողը Գեղամյանից ստացավ չափազանց ծավալուն պատասխանՙ ներառող առաջնորդին որակավորող բազմաթիվ պահանջներ. էլ մակրոէկոնոմիկայի կառուցվածքի իմացություն ու դրա բաղադրիչների դինամիկայի վերլուծության կարողություն, էլ սոցիալիզմի համակարգի ու ազատ շուկայական տնտեսվարման համադրման ու հակադրման հմտություն, էլ քաղաքական զարգացումների կանխատեսում ու կորուստների կանխարգելում...

Բայց այս երկար շարանում չհիշատակվեց առաջնորդի համար գուցե ամենակարեւորըՙ մարդկային հատկանիշների որակըՙ խոհեմությունը, սթափությունը, սառնասրտությունը, շիտակությունը, լայնախոհությունը, համբերությունը, հանդուրժողականությունը, մարդկանց հետ շփվելու եւ հաղորդվելու ունակությունը եւ կուլտուրան, վերջապեսՙ ինքնատիրապետումը բոլոր պարագաներում։

Գեղամյանն արդեն իսկ դրսեւորել է ժխտողական կեցվածք այն ԶԼՄ-ների հանդեպ, որոնք չեն ձոնում Գեղամյանի բարեմասնությունները եւ չեն դիտում նրան որպես ազգափրկչի, քանզի, մեղմ ասած, այլ կարծիքի են «առաջնորդի» թե՛ ծրագրի, թե՛ քաղաքական պահվածքի մասին։ Սակայն կիրակնօրյա դեմ առ դեմ երկխոսության ընթացքում «առաջնորդն» ակնհայտորեն դրսեւորեց նաեւ այլ բացասական հատկություններ։ Երկխոսությունը սկսվելով նյարդային վիճակում, նա հաղորդման ընթացքում չկարողացավ քողարկել ներքին լարվածությունը (չնայած ջանում էր դա անել)։ Նյարդային վիճակին եմ վերագրում Գեղամյանի շտապողական անհամբերությունըՙ միջամտել ընդդիմախոսի կամ լրագրողի խոսքին, դիմացինին «լեզվակոխ անելու» նրա անզուսպ ցանկությունն ու փորձերը։ Եվ այս ամենըՙ առանց հաշվի առնելու, թե ինչ կարծիք կստեղծվի իր անձի շուրջ ընտրազանգվածի բանականությունից ոչ զուրկ հատվածի մեջ։ Ինքնատիրապետման արվեստի բացակայությանը, ինչպես նաեւ ընդդիմախոսի հետ հաղորդակցվելու կուլտուրայի բացակայությանը կարելի է վերագրել նաեւ Գեղամյանի անհիմն վիրավորանքներն ու լուտանքները Ռոբերտ Քոչարյանի հասցեին։ Այս ամենով ընտրազանգվածին այդքան անհրաժեշտ ճանաչողական երկխոսությունը, փաստորեն, իր նպատակին չհասավՙ վերածվելով նյարդային մենամարտի։

Հարց է ծագում. արդյոք պե՞տք են մեզ նման դյուրագրգիռ նախագահացուներ։ Եթե շատ սովորական նախընտրական երկխոսության ընթացքում պրն Գեղամյանն այդպես է իրեն դրսեւորում, ապա ո՞նց կդրսեւորիՙ դառնալով ՀՀ նախագահ կամ քիչ ցածր պետական պաշտոնյա։ Ո՞նց կհանդուրժի նա ընդդիմադիր ԶԼՄ-ների, այսպես ասած, ոչ բարենպաստ (գուցեեւ անտեղի) գնահատականներն իր գործի, գործելաոճի եւ անգամ անձի նկատմամբ, ինչն անտրտունջ տանում է Քոչարյանը։ Եվ վերջապես, ի՞նչ կարգի երկխոսություն կվարի պրն Գեղամյանը Հայաստանի ու հայության հանդեպ թշնամանք տածող պետության ղեկավարի հետ, որը, երեւի թե դիֆերամբներ չի շռայլի «ագրեսոր» պետությանը եւ նրա ղեկավարին։ Իսկ եթե ընտրվելու դեպքում Գեղամյան-նախագահին ընդդիմադիր ինչ-որ քաղաքական միավորում միջազգային դիտորդների ականջը լցնի տարբեր տեսակի ճղճիմ բամբասանքներ, ինչի հետեւանքով Գեղամյանի այդքան հարգած «Շվեյցարիայի կոնֆեդերացիայում» կայացած որեւէ վեհաժողովի ընթացքում որեւէ պաշտոնյա մեղադրի Գեղամյանին ժողովրդավարության նորմերի ոտնահարման ու «ադմինիստրատիվ ռեսուրսի» օգտագործման մե՞ջ։

Չէ, ես նման տաքարյուն նախագահացուի չեմ վստահում ու նրան ձայն չեմ տա։ Չի քվեարկի Գեղամյանի օգտին նաեւ իմ բարեկամը, որը «Օրակարգից դուրս» երկխոսությունն ավարտվելուն պես զանգահարեց ինձ ու զայրացած բղավեց խոսափողի մեջ, թե ինչո՞ւ այդ թեկնածուներից բժշկական թուղթ չեն պահանջում... առողջության վերաբերյալ։

ԱՐԱՄ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4