Ռուբեն Հախվերդյանի հետ շատ ենք նստել, վեր կացել, շատ բաների մասին ենք խոսել։ Այս անգամ խոսում էինք նախագահական ընտրությունների մասին։ Չէ, խոսքն իր նույնանուն երգի մասին չէ, որ արդեն 10 տարուց ավելի երգվում է եւ որում խոսվում է կուսանոցի ու բոզանոցի, անգլուխ քաղաքագլուխների, անտեր ու դուս անտերության մասին։ Խոսում էինք 2003 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների մասին։
- Տասնմեկ հոգի խոսում են էս ազգի անունից եւ ասում, թե պիտի փրկեն էս երկիրը,¬ ասում է։¬ Որեւէ մեկը պիտի էնքան ինտելիգենտ լիներ, որ մտածեր, թե ինքը ինչքանով է քանդել էս երկիրը, որ հիմա ուզում է փրկել։ Երկիրը հազար ու մի դժվարություն ու թերություն ունի։ Թեկնածուներից տասն էս երկրի բոլոր թերությունները բերում, փաթաթում են գործող նախագահին ու սրանով ուզում են նախագահ ընտրվել։ Ամեն ինչ էնպես են խառնում իրար, որ մաքուր ու սուրբ երեւան, ազգի փրկիչ երեւան։ Ու էսպես ու էսքանով ուզում են երկրի նախագահ դառնալ։ Էս թեկնածուներից շատերը զարմացնում են. ինչի՞ են ոտի ելել, ի՞նչ են ուզում, ո՞վ են... Ինչքա՞ն ոչխար մորթվեց, մատաղ արվեց։ Կենդանիների պաշտպանության ընկերություն գոյություն չունի՞ այս երկրում, որ գոնե դանակի սրությունը ստուգի։
¬ Բայց կա՞ մեկը, որին տեսնում ես նախագահի պաշտոնում։
¬ Գործող նախագահըՙ Ռոբերտ Քոչարյանը։ Ինչո՞ւ։ Ասեմ։ Ի տարբերություն նախկին «առաջնորդիկների», Ռոբերտ Քոչարյանը նախագահի ամենահարմար թեկնածուն է։ Առաջին հերթին այն պատճառով, որ Քոչարյանը հզոր կամք ունի եւ անչափ մեծ, ես կասեիՙ աննորմալ համառություն։ Ես դա կարեւոր բան եմ համարում քաղաքական գործչի համար։ Երկրորդՙ նա շատ ծանր ու դժվարին ճանապարհ է անցել, համառություն եւ պնդություն է ձեռք բերել։ Չես պատկերացնի, թե 70-ական թթ. ինչ դժվար էր Ղարաբաղում։ 37 թվականի մթնոլորտն էր։ Էս մարդն էդ մթնոլորտում է աճել, այսինքնՙ կրկնակի ծանրություն է կախված ոտքերից։ Կեւորկովի ահավոր շունչն այն ժամանակ ամենուր զգացվում էր։ Մարդիկ ցածր էին խոսում, չէին վստահում իրար։ Ղարաբաղի համեմատությամբ սովետական տարիների Հայաստանն ազատ ու անկախ էր։ Մեր երկրի ներկա ղեկավարն այդ տարիներին համառություն ու պնդություն է ձեռք բերել, որ հիմա շատ է օգնում իրեն։ Նա ավելի կենսունակ է, քան մնացած թեկնածուները։
¬ Ներկա նախագահի վարած արտաքին ու ներքին քաղաքականությունից գո՞հ ես։
¬ Նրա շրջապատից, նրա իշխանավորներից շատերին այնքան էլ չեմ հավանում, չեմ գնահատում, թեեւ բավական բարենպաստ դերաբաշխումներ արեց։ Օրինակ, արտաքին գործոց նախարարի կեցվածքն ու խոսվածքն ինձ համոզում են։ Դավիթ Լոքյանը կարգին մարդու տպավորություն է թողնում։ Ներկա ղեկավարները շահավետորեն տարբերվում են նախկիններից. շամպայն չեն խմում իրենց կուսակիցների հետ հեռուստախցիկի առաջ, կուսակցական առաջնորդներին երկրից դուրս չեն հանում։
¬ Շատ էիր դժգոհում նախկիններից։ Չեմ հարցնում, գիտեմ, որովհետեւ բոլորը գիտեն։ Քո երգերով, քո հարցազրույցներում շատ բան ես ասել։
¬ Նախկին իշխանավորների ամենագարշելի գծերից մեկն ամբարտավանությունն էր։ Այդ պատճառով էլ ես նրանցից դժգոհ էի։ Իրենք մի պարզ բան չէին հասկանում. եթե տեր ես կանգնում, պետք է ծառայես։ Եթե ընտանիքի հայրը չի ծառայում, ապա նա տերը չէ այդ ընտանիքի։ Եթե ձիուն չլողացնես, չխնամես, էդ ձին քեզ թամբից ցած կգցի, որովհետեւ նա քեզ տեր չի ընդունի։
¬ Ուրեմն, ընտրությունների ժամանակ դու պաշտպանելո՞ւ ես Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը։
¬ Նա իմ պաշտպանության կարիքը չունի։ Ես ընտրելու եմ նրան։
¬ Եթե Հայաստանի Հանրապետության նախագահ վերընտրվի Ռոբերտ Քոչարյանը, ի՞նչ կուզենայիր, որ աներ առաջիկա հինգ տարում։
¬ Նախ ճշտենք. կան հարցեր, որոնց լուծումը Հայաստանի նախագահի կամքից կամ ցանկությունից կախված չեն, թեեւ Հայաստանի զարգացման համար շատ կարեւոր են։ Տխմար չլինենք ու հասկանանք, որ պետք է ճշտվեն ռուս-վրացական հարաբերությունները, աբխազական խնդրի արագ լուծումն է կարեւոր, հայ-իրանական կապերը պիտի ամրապնդվեն։ Բայց երկրի ներսում հարցեր կան, որ նախագահը կարող էր լուծել ուժեղ թիմ ունենալու դեպքում։ Առաջինըՙ պետք է դուրս գալ ֆինանսական օլիգարխիայի ազդեցության տակից, այն տանել հարկային դաշտ, որ պետության բյուջեն փող մտնի։ «Կլիչկեքով» տղերքը պիտի մտնեն հարկային դաշտ որպես սովորական հարկատուներ, ինչպես ես ու դու, մեր նման շատերը։ Քաղաքը պիտի մաքրվի։ Ես ցանկանում եմ իշխանավորներին մի բան ասել. Թամանյանի սարքած քաղաքն էս ինչ այլանդակ ու անճաշակ կառույցներով լցրին։ Քաղաքի դիմագիծը փոխեցին, չհասկանալով, որ քաղաքի բնավորությունն են փոխում։ Տարիներ առաջ գրած «Նախագահական ընտրություններ» երգս շատ կուզենայի, որ հիմա ժամանակակից չհնչեր։ Բայց որոշ քառյակներ, այնուամենայնիվ, նաեւ մեր օրերին են սազական։ Տես. «...Ո՞վ է սրա տերը,/ Դրա տիրու մերը,/ Չի լսվում ոչ ձայն, ոչ պատասխան, /Ո՞րն է իրականը, /Տերն ու տիրականը / Էս անտեր ու դուս անտերության...»։ Մենք պիտի կարողանանք կարգավորել, իրար սատար կանգնել, իրար օգնել։ Սովետի ժամանակ կրթություն կար, բան կար, գոնե մի ընդհանուր զարգացում ունեինք։ Հիմա պլպլացրած ջիպերով ման են գալիս, սաունաներ են մտնում աղջիկների հետ, բայց երբ խոսում են, վախենում ես դրանց անգրագիտությունից։ Մի քանի տարի առաջ Գրիբոյեդովի արձանի մոտ կանգնած երիտասարդին հարցնում ենՙ ո՞ւմ արձանն է, ասում էՙ Վարդան Մամիկոնյանի։ Ա՜յ քեզ բան, ա՜յ քեզ գիտություն...
...Շատ ու շատ էսպիսի բաներ կան, որ պիտի շտկի նախագահը։ Մենք բոլորս պիտի աշխատենք ու երկիրը դուրս բերենք տգիտության ճահճից...
Ամեն ինչ պետք է մաքրվի, բայց պետք է մաքրվի շատ զգույշ եւ աստիճանաբար։
Ես Ռոբերտ Քոչարյանին հանդիպել եմ 1998-ին, երբ նա նախագահ ընտրվեց։ Երեք բան խոսք տվեց. աղետի գոտին վերականգնվում է, խաղատները դուրս են հանվել քաղաքից... Մի երրորդն էլ կա, որի մասին կասեմ, եթե Ռոբերտ Քոչարյանը ընտրվի նախագահ։
¬ Երբեմն խոսք է գնում այն մասին, որ մտավորականությունը կամ շատ չեզոք է, կամ չափից ավելի է խրվում քաղաքականության մեջ։
¬ Նախ ճշտենք մի բան։ Ես մտավորական չեմ։ Երբ ինձ կոչում են մտավորական, ես մեռնում եմ։ Ես իմ կյանքում այնպիսի բան չեմ արել, որ, օրինակ, ծառայեմ, այսինքնՙ կոչվեմ մտավորական։ Ինչ-որ կարողացել եմ տեղ հասցնել երգերիս միջոցովՙ ինձ տրված ձիրքի շնորհիվ է։ Ես իմ փոստատարությունն եմ անում։ Իմ տեսակին արտիստ են ասում։ Իսկ քաղաքականությամբ որեւէ մտավորական չի զբաղվում, քաղաքագետն է զբաղվում։ Ես կարող եմ միայն իմ տեսակետն ունենալ որեւէ առաջնորդի կամ «առաջնորդիկի» մասին։
¬ Անցած իշխանավորների նկատմամբ քո անբարյացակամ վերաբերմունքն ավելի քան ակնհայտ էր։
¬ Այդպես է։ Իմ համերգներից մեկի ժամանակ նրանցից մեկը ներկա էր։ Ես ասացիՙ չեմ ուզում, որ որեւէ փրչոտ իմ ժողովրդի հետ մատով խոսի։ Հեռուստացույցի էկրանից մատով չեն խոսում ժողովրդի հետ։ Այդպիսի բան նույնիսկ Ադոլֆ Հիտլերը չէր անում։ Ի՞նչ է նշանակում ժողովրդին վախեցնել։
¬ Հիմա ի՞նչ ես անում։
¬ Լազերային նոր սկավառակ եմ անումՙ «Զրույց 100 տարեկան երեխաների համար»։ Ուզում եմ մեզ վերադարձնել մեր մանկությունը։ Մեկ ամսից այն պատրաստ կլինի։ Մոտակա 4 ամսում քրտինք մտած պիտի աշխատեմ։ Երբ գործս կանեմ, կվերջացնեմ, ինձ համար թոշակ կնշանակեմ ու կապրեմ ինձ համար, ոչ թե «հանուն ժողովրդի»։ Զզվել եմ «հանուն ժողովրդի» ապրելուց։
¬ Դե, քեզ առողջություն եւ ցանկությունների կատարում։
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ