«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2003-01-31 | #19, 2003-02-01 | #20, 2003-02-04


«ՊՐՈ-ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏՈՒՄ

Փետրվարի 1-ին Ֆրանսիայի Սենատում աշխատանքը սկսեց «Պրո¬Արմենիա» միջազգային խորհրդաժողովը, որի նպատակն է աշխարհի երկրների քաղաքական շրջանակներում լուսարձակի տակ պահել Հայաստանին եւ հայությանը վերաբերող հարցերը։

Համաժողովի կազմակերպիչը ՀՅԴ Եվրամիության Հայ դատի հանձնախումբն է, համագործակցաբար այլ երկրներում գործող հանձնախմբերի հետ։

Փարիզ են ժամանել մոտ քսան երկրների հայազգի, ինչպես նաեւ օտարազգի քաղաքական գործիչներ, մտավորականներ, որոնք հետաքրքրվում են Հայաստանի խնդիրներով։

Խորհրդաժողովի մասնակիցների թվում են ՀՀ ԱԺ նախագահը, Վրաստանի, Ուկրաինայի հայ խորհրդարանականները, Արգենտինայի նախկին նախագահ Ռաուլ Ալֆոնսին, ՌԴ Պետդումայի փոխնախագահ Արթուր Չիլինգարովը։

Նախորդ օրը Փարիզում խորհրդաժողովի շրջանակներում կայացել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի մամուլի ասուլիսըՙ հայ եւ օտար բազմաթիվ լրագրողների մասնակցությամբ։

Մասնավորապես անդրադառնալով Արցախում ադրբեջանցիների իրականացրած ոճրագործությունների իրավական գնահատականինՙ արտգործնախարարը շեշտել է, որ այդ հարցը փակված չէ, եւ Հայաստանը կարող է քննարկման առարկա դարձնել ընդհուպ միջազգային ատյաններում։

Պատասխանելով Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններին վերաբերող հարցերինՙ Վարդան Օսկանյանը ընդգծել է. «Հայաստանը դեմ չէ, որ Եվրամիությունը ճշտի Թուրքիայի անդամակցության համար բանակցությունները սկսելու ժամանակացույցը, բայց Թուրքիան պարտավոր է հարգել անդամակցության պայմանները եւ Հայաստանի հետ բանակցություններ սկսել առանց նախապայմանների»։ Նախարարը հավաստել է, որ պաշտոնական Երեւանը հետամուտ է լինելու նաեւ, որպեսզի Նախիջեւան ուղարկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական պատվիրակությունըՙ տեղում ուսումնասիրելու հայկական խաչքարերի սրբապղծումն ու ավերումը, թեեւ այդ ամենը փաստող լուսանկարները Հայաստանն ունի։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի լրատվական բաժին, Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4