«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2003-01-31 | #19, 2003-02-01 | #20, 2003-02-04


ՇԵՎԱՐԴՆԱՁԵՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԲԱՑԵԼ ԵՐԿԱԹԳԻԾԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՎԱՆ

Պայմանով, որ սկսվի փախստականների վերադարձն Աբխազիա

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի

Էդուարդ Շեւարդնաձեն իր ավանդական ռադիոհարցազրույցում երեկ հայտարարել է, որ Թբիլիսին պատրաստ է անդրկովկասյան գլխավոր երկաթգիծը բացել մինչեւ Երեւան եւ Բաքու, պայմանով, որ սկիզբ դրվի վրացի փախստականներիՙ Աբխազիա վերադարձին։ Մինչ այդ, շաբաթ օրն Աբխազիայի չճանաչված հանրապետության վարչապետ Գենադի Գագուլիան պատրաստակամություն էր հայտնել վրացական կողմի հետ քննարկել փախստականների վերադարձի հարցը Աբխազիայի Գալիի շրջան։

1992¬93 թթ. հակամարտությունից առաջ Գալիի շրջանը հիմնականում բնակեցված էր վրացիներով։ Այսօր էլ այդ շրջանում բնակվում է շուրջ 50 հազար վրացի։ Գալիի շրջանը մասամբ է գտնվում Սուխումի վերահսկողության տակ։

Շեւարդնաձեն հայտարարել է, որ ռուս խաղաղարարների մանդատը կերկարաձգի միայն այն դեպքում, եթե խաղաղարարների վերահսկողության գոտին սփռվի ամբողջ Գալիի շրջանի տարածքում, Գալի քաղաքում ապահովվի Վրաստանի ոստիկանական ուժերի ներկայությունը։ Թբիլիսին պատրաստ է անդրկովկասյան գլխավոր երկաթգիծը բացել, երկարաձգել ռուս խաղաղարարների մանդատը, եթե սկիզբ դրվի վրացի փախստականներիՙ Աբխազիա վերադարձի գործընթացին, եւ խաղաղարարների մանդատը տարածվի Գալիի ամբողջ տարածքում, ասել է Շեւարդնաձեն, հավելելով, որ Վրաստանի արտգործնախարարությունն այդ հարցերով բանակցություններ է վարում ռուսական կողմի հետ։

Հունվարի 31-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վրաց-աբխազական հակամարտության գոտում ՄԱԿ-ի զինվորական դիտորդների մանդատը երկարաձգել էր եւս վեց ամսով։ Անվտանգության խորհուրդն Աբխազիայի վերաբերյալ հերթական բանաձեւն ընդունել է առանց քննարկմանՙ հիմք ընդունելով գլխավոր քարտուղար Կոֆի Անանի զեկույցը։ Անվտանգության խորհրդի նիստում արգելել են ՄԱԿ-ում Վրաստանի դեսպան Ռեւազ Ադամիային ելույթ ունենալ, ինչը Թբիլիսիում բացասաբար ընդունվեց։ Էդուարդ Շեւարդնաձեն ռադիոհարցազրույցում քննադատել է ՄԱԿ-ի ԱԽ-ին, որը «չի ցանկանում քննարկել Աբխազիայում գտնվող ռուսական խաղաղարարներին փոխելու» հարցը։ Անվտանգության խորհուրդն իր նիստում դրական էր գնահատել Աբխազիայում 1994 թ. տեղաբաշխված ռուսական խաղաղարարների ավանդը։

Շեւարդնաձեն նշել է, որ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ մտադիր է քննարկել Աբխազիայում խաղաղարար գործողություններին ադրբեջանցի զինվորականների մասնակցության հարցը։ Մինչ այդ Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանը հայտարարել էր, որ պատրաստ է այդ հարցը քննարկել, եթե Վրաստանը նման առաջարկ անի։

Աբխազիա խաղաղարարներ ուղարկելու ցանկություն են հայտնել եւս երկու պետություններՙ Թուրքիան եւ Ուկրաինան։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4