«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2003-01-31 | #19, 2003-02-01 | #20, 2003-02-04


ՀՌԱԿ ԱՏԵՆԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵՑ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ

ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանի երեկվա հանդիպումը Կարբի գյուղի Վահան Թեքեյանի անունը կրող դպրոցի ուսուցչական կոլեկտիվի հետ մոտ 2 ժամ տեւեց։ Բազմաթիվ հարցեր քննարկվեցին, մեծ մասը, հաշվի առնելով նաեւ նախընտրական ժամանակահատվածը, բնականաբար, քաղաքական էին։ Կարբիի ուսուցիչներին ավանդական կուսակցության պատմությունը ծանոթ է անշուշտ, ՀՌԱԿ ներկայիս գործունեությանն էլ մտավորականները հետեւում են ու, թեեւ անդամագրված չեն կուսակցությանը, ի դեմս նրանց ՀՌԱԿ-ը համակիրների բանակ ունի։ Գյուղում կուսակցական ակումբ հիմնելու ուսուցիչների առաջարկը չհապաղեց ու հավանաբար մոտ ապագայում Կարբիում կսկսի գործել ՀՌԱԿ կառույցը։

Ռուբեն Միրզախանյանը նշեց, որ դեռեւս երկու տարի առաջ կուսակցությունը հայտարարել էր փետրվարի 19-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը պաշտպանելու մասին, ՀՌԱԿ-ն առաջին քաղաքական ուժն էր, որ այդպիսի հայտարարություն արեց։ Այդ ժամանակ հետեւեցին ընդդիմադիր ներկայացող ուժերի կողմից մեղադրանքներ, այն ուժերի, ովքեր այսօր իրենք են հայտարարել գործող նախագահին պաշտպանելու մասին։

«ՀՌԱԿ-ն իր կուսակցականների, ժողովրդի հանդեպ միշտ ազնիվ վերաբերմունք է ցուցաբերելՙ նշելով քաղաքական դաշտում իր ունեցած դիրքորոշումները», ասաց Ռուբեն Միրզախանյանը, ավելացնելով, որ ընդդիմադիր կեցվածք ունեցող կուսակցություններն իրենց իրական դեմքը ցույց տալով, կառույցի ներսում լուրջ խնդիրներ են ունենում. կուսակցության անդամները տարակուսում ենՙ իրենք ընդդիմադի՞ր են, թե՞ իշխանամետ։

ՀՌԱԿ-ի պարագայում 2000 թ. վերջից մինչ հիմա ռամկավարների թիվն ավելացել է 12 անգամ, կուսակցությունից հրաժարվողներ, սակայն չեն եղել։ Հակառակըՙ ավանդական կուսակցությանը հարել են այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Լավրենտի Բարսեղյանը, Ռուբեն Քոչարը, Կարեն Աղամյանը, Ալբերտ Յավուրյանը...

Գալիք նախագահական ընտրությունների մասին խոսելիս մանկավարժները զարմանում էինՙ արդյոք միայն բարձրագույն կրթությունը բավարա՞ր է երկիրը ղեկավարելու հայտ ներկայացնելու համար, միեւնույն ժամանակ նշում, որ տեսնում եւ գնահատում են վերջին տարիներին երկրում գրանցված առաջընթացը, դանդաղ, բայց արդեն շոշափելի։ ՀՌԱԿ ատենապետն այդ առաջընթացն անմիջականորեն երկրի ղեկավարի անձով է պայմանավորումՙ դրանով էլ բացատրելով Ռոբերտ Քոչարյանին սատարելու ՀՌԱԿ դիրքորոշումը։ Մանկավարժ Ամիրյանն էլ ավելացրեց, որ ճիշտ չի լինի Քոչարյանի վարած քաղաքականության մասին խոսելիս հիշատակել միայն երկրի ներքին վիճակը։ Նրա խոսքով, առաջին հերթին պետք է արտաքին ճիշտ քաղաքականությունը նշել, ինչն էլ երկրի կայուն զարգացման գրավական է։

ՀՌԱԿ ատենապետին յուրաքանչյուր այս տեսակ հանդիպման ժամանակ տրվող հարցն այստեղ էլ անխուսափելիորեն հնչեց. ինչո՞ւ է այսքան ձգձգվում «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը եւ պետք չէ՞ արդյոք երկրի ղեկավարի միջամտությունը։

Ռուբեն Միրզախանյանի խոսքովՙ նախագահի միջամտությունը դատական մարմինների վրա ուղղակի ճնշում կարող է դիտարկվել։ Ինչ վերաբերում է ձգձգմանը, ապա այստեղ մի փաստ անգամ իրավիճակը պարզաբանում է. զոհերի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչները մեղադրյալներից յուրաքանչյուրին առանձին-առանձին մոտ 200 հարց են տալիս եւ անգամ հարցերի այդ ցանկի կրճատումն էլ որպես գործադրվող ճնշում է ներկայացվում։ Իսկ դատավարության ձգձգումը երկրի նախագահին չէ, որ ձեռնտու է։

Դառնալով դպրոցին վերաբերող հարցերին, ուսուցչական կոլեկտիվը կրկին շնորհակալության խոսք ասաց իրենց տրամադրվող ֆինանսական աջակցության համար (Թեքեյան մշակութային միության Միացյալ Նահանգների եւ Կանադայի կենտրոնական վարչության հանգանակած միջոցներով ամենամյա նյութական օգնություն ուսուցիչներին)։ Խոսելով հանրապետությունում գործող Վահան Թեքեյանի անունը կրող չորս դպրոցների մասին, Ռուբեն Միրզախանյանը նշեց, որ Գյումրու պարագայում ՀՌԱԿ անմիջական մասնակցությամբ դպրոցը տեղափոխվեց նորակառույց շենք, Ստեփանավանի դեպքում եւս քայլեր են ձեռնարկվում շենքային պայմանները բարելավելու համար։ ՀՌԱԿ ատենապետն ուրախությամբ նշեց նաեւ, որ Երեւանի Թեքեյանի անունը կրող դպրոցում վերջերս կահավորվել է կենսաբանության կաբինետը։ Կարբիի դպրոցն էլ լավագույն պայմանները չունի, ուստի տնօրեն Արսեն Օհանյանն առիթն օգտագործելով խնդրեց իրենց էլ աջակցելՙ 366 տեղանոց դպրոցում այսօր 913 աշակերտներ են սովորում։ Նոր մասնաշենք է հարկավոր, դպրոցը սպորտդահլիճ չունի։

Հաշվի առնելով, որ Կարբի գյուղի դեպքում մարդիկ ոչ թե արտագաղթում են, այլ հակառակըՙ վերադառնում (միայն այս ուսումնական տարի դպրոց 12 աշակերտ է վերադարձել), խնդիրն առավել կարեւոր է դառնում։ Թեեւ կուսակցությունն անմիջականորեն ֆինանսական օգնություն չի կարող ցուցաբերել, ՀՌԱԿ ատենապետը խոստացավ օգնելՙ դպրոցի հիմնախնդիրները լուծելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները հոգացող բարերարներ գտնելու հարցումն։

Արագածոտնի մարզ Ռուբեն Միրզախանյանի այցելության նպատակը միայն Կարբիի ուսուցիչների հետ հանդիպումը չէր։ ՀՌԱԿ ատենապետը եղավ նաեւ կուսակցության Աշտարակի գրասենյակում, որտեղ հանդիպեց կուսակցական ընկերների հետ, արդեն անդամագրվածներին հանձնեց կուսակցական տոմսերը, դարձավ նաեւ 10 նորագիրների կնքահայրը։ Նորագիրներին ներկայացնելով ավանդական կուսակցության չվարկաբեկված պատմությունը, ՀՌԱԿ ատենապետը նշեց նաեւ, որ այժմ պատասխանատու ժամանակաշրջան է, երբ ռամկավարները ներկայիս քաղաքական դաշտում ունենալով իրենց որոշակի դերը, լուրջ հայտ են ներկայացնում մայիսից հետո դառնալու նաեւ խորհրդարանական կուսակցություն։

ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4