«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2003-01-31 | #19, 2003-02-01 | #20, 2003-02-04


2000 ԹԱՓԱՆՑԻԿ ՔՎԵԱՏՈՒՓՙ ԹԱՓԱՆՑԻԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանը հանդիպեց ԵԱՀԿ դեսպան, երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոյ Ռիվի հետ։ Հանդիպման պատճառը ձեռք բերված համաձայնության հավաստագրումն էրՙ Հայաստանին թափանցիկ քվեատուփեր տրամադրելու հուշագրի առնչությամբ։

Ինչպես նշեց ԿԸՀ նախագահը, նախագահական ընտրությունների ժամանակ թափանցիկ քվեատուփեր օգտագործելու կարգը հանձնաժողովը քննարկել է դեռեւս նոյեմբերի սկզբին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այն ժամանակ ողջունել է նման առաջարկությունը։ Սակայն որեւէ ընթացք չի տրվելՙ համապատասխան ֆինանսների բացակայության պատճառով։

Եվ չնայած միջոցների բացակայությանը, թափանցիկ քվեատուփեր ունենալուն ուղղված բանակցությունները շարունակվել են։ Առաջարկվել է քվեատուփերը բերել Եվրոպայից։ Չնայած ԿԸՀ-ն էլ իր հերթին առաջարկել է դրանք արտադրել տեղում, ամենայն հավանականությամբ, ինչպես ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը նշեց, ժամանակի սղության պատճառով թափանցիկ քվեատուփեր կբերվեն Գերմանիայիցՙ հատուկ չվերթով։ Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ ստացվելիք թափանցիկ արկղերը Հայաստանում կլինեն ամենաուշը փետրվարի 11-ին։

ԿԸՀ նախագահն ասաց նաեւ, որ 2000 թափանցիկ քվեատուփերի հետ չեն բերվի ծրարներ։

Անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, համաձայն որոնց ԿԸՀ-ն չէր համաձայնել ԵԱՀԿ-ից ընդունել թափանցիկ արկղերՙ Արտակ Սահրադյանը հավելեց, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերը վստահեցրել է ԿԸՀ-ի հետ նման քննարկման չլինելու մասին։

ԵԱՀԿ դեսպան, երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոյ Ռիվն իր խոսքում ասաց, որ Գերմանիայի կառավարությունը ֆինանսավորել է քվեատուփերի արտադրությունը, իսկ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը կֆինանսավորի 2000 թափանցիկ քվեատուփերի տեղափոխումը Հայաստան, ապա նաեւ ընտրատարածքներ։

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը չպատասխանեց Գերմանիայի կառավարության տված գումարի չափի մասին կրկնվող հարցերին։ Այսպիսով, առաջիկա նախագահական ընտրություններում քվեատուփերը կլինեն թափանցիկ։ Ի դեպ, ոչ միայն նախագահական ընտրություններում։

Թե ինչ կավելացնեն ժողովրդավարությանն ու ընտրությունների թափանցիկությանը թափանցիկ քվեատուփերը, կիմացվի քվեարկությունից հետո։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4