«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2003-01-31 | #19, 2003-02-01 | #20, 2003-02-04


«ՍԵՎԱՆ» ԱԿՈՒՄԲԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ

Ամիսներ առաջ ստեղծված ՀՌԱԿ «Սեւան» ակումբում շաբաթ օրը հերթական համալրումն էր։ Այս առիթով Սեւան էին մեկնել կուսակցության փոխատենապետ Հարություն Առաքելյանը, Հանրապետական վարչության անդամ Կարեն Կակոյանը։ Մինչ երդմնառության արարողությանն անցնելը, կուսակցական ընկերների միջեւ զրույց ծավալվեց երկրի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Թեեւ Սեւանում ռամկավարներն ուշադիր են հետեւում քաղաքական զարգացումներին, այնուամենայնիվ, ոչ եթերից, մամուլի էջերից տեղեկություններ իմանալու հնարավորությունը բաց չթողեցին, իսկ զրույցի առանցքը, բնականաբար, գալիք նախագահական եւ Ազգային ժողովի ընտրություններն էին, եւ դրանցում իրենց կուսակցության դերն ու մասնակցությունը։ Իսկ Սեւանում կուսակցական կառույցի ստեղծման ընդամենը մի քանի ամսվա պատմության առնչությամբ կուսակցականները նախատինքի խոսքեր ասացին. շատ ավելի վաղ էր հարկավոր ստեղծել ակումբը, ավանդական, անբիծ անցյալով քաղաքական կուսակցությունը նոր է հիմնվում Սեւանումՙ իր շուրջ համախմբելով մարդկանց, մինչդեռ նորելուկները վաղուց մարդաորսով են զբաղվում։ Դիտարկմանն ի պատասխան ՀՌԱԿ փոխատենապետը նշեց, որ, իսկապես, ռամկավարները վերջին 1¬2 տարում են սկսել մարզերում կառույցներ հիմնել, այժմ արդեն դրանց թիվն անցնում է 190-ը։ Սակայն սա չի նշանակում, որ ավելի վաղ կուսակցությունը չի արձագանքել նույնիսկ սահմանամերձ շրջաններում մարդկանց կողմից հանդիպումներ ունենալու առաջարկներին։

«Սեւան» ակումբի նորագիրները քաղաքի ակտիվ երիտասարդության ներկայացուցիչներն էինՙ Սեւանի ֆուտբոլի թիմից եւ նորաստեղծ ուրախների եւ հնարամիտների ակումբից։ Վերջիններս, ի դեպ, մայրաքաղաքից եկած կուսակցական ընկերների համար անակնկալ էին պատրաստել։ Երդման ուխտից հետո նորագիրների անդամագրությունը բավականին յուրատեսակ նշվեց։ Ու թեեւ սա KBH-ի նորաստեղծ թիմի առաջին բեմելն էր, կատակներն առավել քան հետաքրքրական էին ու, բնականաբար, քաղաքական թեմայով։ Քաղաքական ոչ մի գործիչ չէր վրիպել սրամիտ երիտասարդների աչքից։

Իսկ ավելի լուրջՙ երիտասարդ ռամկավարները խոստացան, որ առաջիկայում մեծ ակտիվություն են ցուցաբերելու կուսակցական շինարարության գործում։

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4