Գոնե պատգամավորներն ԱԺ կգային...
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ճամպրուկային տրամադրությունները խորհրդարանում այնքան տիրապետող են դարձել, որ պատգամավորները բառացիորեն այլեւս չեն ուզում ԱԺ շենք մտնել։ Նույնիսկ այն աստիճան, որ նրանք չեն ներկայանում անգամ այս գումարման ԱԺ-ի վերջին նստաշրջանի առաջին օրը։ Երեկՙ նստաշրջանի բացմանը օրը, 131 պատգամավորներից գրանցվել էին միայն 40-ը, այսինքնՙ չապահովվեց քվորումի համար անհրաժեշտ առնվազն 60 պատգամավորի ներկայությունը։ Եռօրյան տապալվեց։
Ի դեպ, այս իրավիճակն աննախադեպ չէր։ Խորհրդարանը նույնպիսի վերաբերմունք ցուցաբերեց իր աշխատանքին ինչպես նախորդ նստաշրջանումՙ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին հաջորդած եռօրյայի, այնպես էլ նույն նստաշրջանի վերջին եռօրյայի նկատմամբ։
Սակայն եթե նախորդ դեպքերում բերվող հիմնավորումները ե՛ւ ընդդիմադիրների, ե՛ւ իշխանությունների կողմից նույնն էին, ապա այս դեպքում ամեն ինչ դիտարկվում է բացառապես նախագահական ընտրությունների համատեքստում, ընդ որումՙ դարձյալ անհանդուրժողականության դրսեւորումներով։
Երբ ակնհայտ դարձավ, որ պատգամավորների 2/3-ը չի բարեհաճել գալ աշխատանքի, ընդդիմադիր թեւի ներկայացուցիչներն անմիջապես շրջանառության մեջ դրեցին մի «թեզ», համաձայն որի մինչեւ փետրվարի 19-ն իշխանությունների ծրագրմամբ փորձ է արվում ընդդիմությանը զրկել խորհրդարանական ամբիոնը քարոզչական նկատառումներով օգտագործելու հնարավորությունից։ Ահա թե ինչ է ասում այս կապակցությամբ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը. «Միշտ հայտարարել եմ, որ պատասխանատվությունն ԱԺ-ի մեծամասնության վրա էՙ ե՛ւ լավի, ե՛ւ վատի։ Որովհետեւ ընդդիմադիր դաշտի ձայնը միշտ չի հաջողվում որոշիչ դարձնել։ Եվ եթե նստաշրջանը տապալվում է, նշանակում է էլի պատասխանատվությունը մեծամասնության վրա է։ Իսկ ինչո՞ւ մեծամասնությունը չի ուզում, որ ԱԺ-ն աշխատի, որովհետեւ հավանաբար իրենք էլ են հասկացել, որ նախընտրական քարոզչության յուրաքանչյուր փոքր, լրացուցիչ հնարավորություն մի քանի անգամ ավելի շահեկան է ընդդիմության, քան թե իշխանության համար»։
Ըստ էության, իշխանության կողմից ընդդիմության բերանը խցանելու մասին շահարկումները նոր չեն։ Ամեն անգամ դրա շուրջ ակտիվ քննարկումները սկսում են հենց այն ժամանակ, երբ խորհրդարանական մեծամասնությունը որոշում է... հերթական արջի ծառայությունը մատուցել հանրապետության նախագահին։ Ընդդիմությունն իսկապես խոսելու առիթ ունի, քանի որ ոչ մի կերպ որեւէ տրամաբանության չես կարող ենթարկել այն միտքը, թե ինչու պիտի նստաշրջանի հենց առաջին օրը տապալվեր։ Չէ՞ որ շատ հանգիստ կարելի էր կազմակերպել պատգամավորների ներկայությունը խորհրդարանում, ինչին միշտ ականատես ենք լինում, երբ խորհրդարանական մեծամասնությանն անհրաժեշտ է լինում որեւէ օրինագիծ անցկացնել կամ ընդդիմության որեւէ նախաձեռնություն տապալել։ Ի վերջո պետք էր առնվազն հաշվի առնել, որ այն, ինչ տեղի ունեցավ երեկ, ուղղակի հարված էր հենց ԱԺ հեղինակությանը եւ աշխատունակությանը։
Բացակայող պատգամավորների մեջ քիչ չէին նաեւ ընդդիմադիր թեւը ներկայացնողները։ Այսինքնՙ ստեղծված իրավիճակի համար պատասխանատու են նաեւ ընդդիմադիրները։ Հետաքրքրականը, սակայն, այն է, որ նրանք «նստաշրջանի տապալումը» բացատրում են ոչ թե մեծամասնության անգործության մատնվելով, այլ իրենց լռեցնելու շաբլոն դարձած որակումներով։
Ինչեւէ, դարձյալ ականատեսն ենք դառնում շատ սովորական դարձած մի երեւույթի, երբ մարդիկ, առավել եւս պատգամավորները պարզապես խուսափում են աշխատելուց, ինչի համար ուղարկվել են խորհրդարան։ Ըստ էության, պարզից էլ պարզ է, որ այս, վերջին խորհրդարանական նստաշրջանը դատապարտված է պարապուրդի։