«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2003-01-31 | #19, 2003-02-01 | #20, 2003-02-04


ՓՈՂՈՑՆԵՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՄԱՐՏԻ 1-ԻՑ

«Լինսի» հիմնադրամի միջոցներով Երեւանի փողոցների եւս 20 կմ այս տարի կասֆալտապատվի ու կբարեկարգվի։ Այդ հատվածը ճառագայթների նման կձգվի կենտրոնիցՙ կրկեսով դեպի Բանվորի արձան, Աճառյան, Մյասնիկյան փողոցներով մինչեւ Սեւանի ճանապարհի պետավտոտեսչության կայանը։ Քաղաքի կենտրոնում արդեն ավարտվել է 11 կմ-անոց ճանապարհահատվածների նորոգումը։ Այն, որ որոշ հատվածներում (Աբովյան, Նալբանդյան փողոցների վերջնամասեր) ասֆալտածածկույթը ձեւախեղվել է, «Ճանապարհաշինություն» ԾԻԳ-ի տնօրեն Էդուարդ Բեղոյանը բացատրում է աննախադեպ ցրտերով, որոնք բացասաբար ներգործեցին նոր փռած ասֆալտի վրա։ Իսկ էներգամատակարարման ու ջրամատակարարման ընդհատումներն ուղղակի փորձանք են մեր փողոցների համար։ Շարունակական վթարների վերացումից հետո գրեթե միշտ վնասվում է ասֆալտածածկույթը։ Հենց այս շաբաթ վթարների 60 դեպքերից հետո կրկին վնասվել է 161 քառ. մետր տարածք։

Այս տարի նորոգման աշխատանքներն ավելի վաղ կսկսվենՙ մարտի 1-ից։ Հընթացս նախատեսվում է կրկնանորոգել վնասված փողոցները։

ՀՀ նախագահը Երեւանի քաղաքապետարան իր տարեվերջյան այցի ժամանակ ԾԻԳ-ի տնօրենին նախազգուշացրեց աշխատանքի կազմակերպման ավելի խելամիտ տարբերակներ որոնել։ Բոլորս լավ հիշում ենք, թե ինչպես հրթիռային հապճեպությամբ քարուքանդ արվեցին կենտրոնի բոլոր հատվածներըՙ իրար խառնելով տրանսպորտային երթուղիները, խցանելով երթեւեկը։ Եվ ժամանակի, եւ նյարդերի առումով կորուստներ ապրելով, երեւանցիներն արդարացիորեն բողոքում էին ստեղծված իրավիճակից։ Կրկնվելո՞ւ է արդյոք նույն պատմությունը։ Զարմանալի է, բայցՙ այո։ Ըստ Էդուարդ Բեղոյանի, ինչպես անցած, այնպես էլ այս տարի, այլ կերպ վարվել չի լինի, ժամանակի մեջ չեն տեղավորվում։ Ծրագրի համաձայն, այդ աշխատանքները մինչեւ հոկտեմբերի վերջը պետք է ավարտվեն։ Մաս-մաս, փոքր հատվածներով բարեկարգելու դեպքում ծրագիրն ավարտելու համար տարիներ են պետք։ Այնպես որ, այս տարի էլ երեւանցիները ստիպված են հաշտվել փոխադրման անհարմարությունների եւ հոգեբանական տհաճ զգացողությունների հեռանկարի հետ։

Իսկ ընդհանրապես վերջնարդյունքում, ծրագրի համաձայն, կնորացվեն Երեւանի 25 փողոցներ։ Աշխատանքների ընդհանուր արժեքը 14 մլն դոլար է։ Ի դեպ, նկատի առնենք, որ Նոր Նորքի համայնք քարոզարշավի ժամանակ ՀՀ նախագահը հայտնեց, որ ընդամենը մի քանի օր առաջ սփյուռքահայ մի բարերար խոստացել է ֆինանսավորել եւս 10 կմ ճանապարհահատվածի նորոգումը։

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4