Մոտավոր հաշվարկներով, Երեւանի Կոնդ թաղամասի դեռեւս 172 ընտանիքներ բնակարանի կարիք ունեն։ Այս չարչրկված խնդիրն արդեն 10 տարի փոխանցվում է մի ատյանից մյուսին, օրենսդիրից գործադիրին եւ այդպես էլ ավարտին չի հասնում։ Այժմ քաղաքապետարանում նոր հանձնաժողով է ստեղծվել, որն, ըստ ակնկալիքների, այս տարի վերջապես լուծելու է դրամական աջակցությամբ փոխհատուցման ծրագիրը։ Ըստ փոխքաղաքապետ Վ. Վարդապետյանի, բնակարանի կարիք ունեցող ընտանիքների թիվը կարող է էլի ավելանալ, քանի որ ծրագիրն իրականացվելու է կամավորության հիմունքով։ Բնակարանի փոխարեն փոխհատուցում ստանալ ցանկացողներն իրենք կարող են դիմել ծրագրի մեջ ընդգրկվելու համար։ «Մենք պատրաստ ենք մինչեւ վերջին կոնդեցուն փոխհատուցում տալ, աշխատանքները շարունակական բնույթ են կրելու», ասում է փոխքաղաքապետը։ Նրա համոզվածությունը բացատրելի էՙ հիմնական խոչընդոտըՙ գումարների բացակայությունը վերացվել է։ ՀՀ ֆինանսների նախարարությունը քաղաքապետարանին հատկացրել է 500 մլն դրամ, որից 300 մլն-ը նախատեսվում է այդ նպատակին ծառայեցնել։
Այս հնամյա պրոբլեմը վերջնականապես մեջտեղից հանելուն խանգարում է մի հանգամանք եւս։ Տարիներ տանիք չունեցող մարդկանց մի մասը մեկնել է մարզերՙ բարեկամների տներում ապրելու, կամ գաղթել Ռուսաստան։ Այս մասին նրանց ավետիս տալը հեշտ խնդիր չի լինելու։
Կ. Դ.