«Նպատակս երեխաներին նոր տեսանկյունից իրենց արմատներին կառչելու հնարավորություն տալն էր, իրագործված ցեղասպանության սարսափների մասին պատմելու փոխարեն թարմ շնչով նկարագրել, թե ինչպես յաթաղանից փրկվելով իրենց պապիկներն ու տատիկներն ուժ գտան իրենց մեջ նոր կյանք կառուցելուՙ դիմագրավելով բազում դժվարությունների։ Նրանք վերստեղծվեցին իրենք իրենց եւ շարունակեցին արժանապատիվ կյանք վարել, եւ նրանց այդ համախմբվելուց մենք շատ դասեր ունենք քաղելու», պատմում է անցյալ նոյեմբերին Լոս Անջելեսի «Ծիլ ու ծառ» հրատարակչատան լույս ընծայած «Ծալապատիկ։ Յուշապատկերներ հայ սփիւռքի մայր գաղութէն» մանկական գրքի հեղինակ Ալիծ Աղբաբյանը։
Ըստ այդ տեղեկությունը հաղորդող «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի, հատորը, որն աննախադեպ պատկերազարդ ճանապարհորդություն է դեպի Հալեպ (Սիրիա)ՙ գաղթական արեւմտահայերի առաջին հանգրվանը, հասցեագրված է հիմնականում պատանիներին, սակայն մեծ հետաքրքրությամբ կարդում են նաեւ մեծահասակները։ Հանրածանոթ արվեստագետ Վարդան Տերունյանի նկարներն ամբողջացնում են Ալիծ Աղբաբյանի հումորով գրված գողտրիկ պատվածքները։
Հեղինակը «Ծալապատիկը» գրելու միտքը հղացել է Հալեպի «Վիոլետ Ճեպեճյան արխիվային գրադարանում» հայտնաբերած պատմական լուսանկարներից ներշնչվելով։ Այդ եզակի գանձարանում նրա հորեղբայրըՙ հանգուցյալ դոկտ. Ռոբերտ Ճեպեճյանը, ամենայն բծախնդրությամբ եւ հոգածությամբ հավաքել է ավելի քան հարյուր տարվա լուսանկարների, թերթերի եւ ձեռքի աշխատանքների հարուստ մի հավաքածու։ Տերունյանի սուր եւ նրբանկատ աչքը նկարների վրա դրոշմել է հալեպահայ նոր կազմակերպվող համայնքի առօրյան իր սոցիալ-տնտեսական ու հոգեբանական ապրումներով։
«Տերունյանը կարողացել էր ցույց տալ, թե ինչպես վերապրողները ժողովրդավարական սկզբունքներով կարողացել էին աշխատանքի բաժանումը կազմակերպել։ Մեծ ու փոքրը, ունեւորն ու չունեւորը ձեռք-ձեռքի տված կերտում էին նոր կյանք, նոր դպրոց, նոր օջախ, նոր համայնք, վերստեղծում փայտի ու մետաղի վրա աշխատելու իրենց արհեստները։ Այդ բոլորը, նոր իրավիճակում անցյալը չմոռանալով հանդերձ, նոր ուժ ու եռանդ գտնելու, նոր խնդիրներ լուծելու հիանալի դասեր են պարգեւում մեզ, որոնք մենք պարտավոր ենք փոխանցել մատաղ սերնդին», պատմում է Աղբաբյանը։
«Ծալապատիկը» նրա 6-րդ գիրքն է։ Նախորդ մանկական գրքերի թվում են «Ասա ինձ ով է քո ընկերը» եւ «Հուր եւ ջուր։ Քույր ու եղբայր» հատորները, որոնք հրատարակվել են անգլերենով եւ հայերենով։ «Ծալապատիկի» անգլերեն տարբերակը նախատեսված է լույս ընծայել շուտով։ Ներկա հատորին «ընկերանում» է նաեւ Հայրիկ Մուրադյանի «Գողթան մանգդի» երգի Լուսինե Աղբաբյան-Հաբարդի եւ Արենի Աղբաբյանի մեկնաբանումը խտացյալ երաժշտասալիկի (CD) վրա։
Բեյրութում ծնված եւ կրթություն ստացած, 1970 թ. Երեւանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի եւ գրականության բաժինն ավարտած հեղինակն այժմ ապրում է Լոս Անջելեսում եւ հեքիաթասացության բազմաթիվ միջոցառումներ է անցկացրել դասատուների համարՙ միշտ արժանանալով ներկաների ջերմ գնահատանքին։
Հ. Ծ.